ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ: Civic.am-ը «Դատալեքս» հարթակից տեղեկացավ, որ հայցը դատարան է ուղարկվել ս.թ. հունվարի 8-ին, մակագրվել դատավոր Թաթուլ Ղուկասյանին։
Հիշեցնենք՝ ընդդեմ ընդդիմադիր պատգամավորի հայց ներկայացնելու պատճառը ԱԺ նախագահի
վերաբերյալ վերջինիս որոշ հայտարարություններն էին կայքերից մեկի հետ հարցազրույցում։
Արձագանքելով այդ հարցազրույցին՝ Telegram-ի իր ալիքում Ազգային ժողովի նախագահը մասնավորապես գրել էր,
թե Մանուկյանն իրեն վարկաբեկել է՝ ստելով ու մեղադրելով կոռուպցիայի մեջ, «ասել՝ իբր ես
Հյուսիսային պողոտայում տուն եմ առել և ծախել, ինչպես նաև խոսել է իմ ընտանիքին
պատկանող Ջրվեժի տան մասին»: «Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս, որ կամ հերքի
իր պնդումը և ներողություն խնդրի սուտ տեղեկություն տարածելու համար, կամ
ներկայացնի ապացույցներ տան կամ տների, տարածքների հստակ հասցեներ, Հյուսիսային
պողոտայում առք ու վաճառքի մասին որևէ տեղեկություն: Եթե դա չանի, ստիպված է
լինելու դատարանում ապացուցել, որ ես երբևէ Հյուսիսային պողոտայում տուն եմ
ունեցել, գնել կամ վաճառել եմ այն: Արդեն խոսել եմ փաստաբաններիս հետ և վստահեցնում
եմ, որ ընկեր Գեղամը ստիպված է լինելու ներողություն խնդրել հերթական զրպարտության
համար: Ուստի առաջարկում եմ անել դա հիմա: Ինչ վերաբերում է իմ ընտանիքին պատկանող
Կոտայքի մարզի Ջրվեժի տանը, սրա հետ կապված «Երկիր Մեդիա»-ի դեմ արդեն հայց կա
ներկայացված, մի զրպարտող նյութ էին արել, ու օրերս «Երկիր Մեդիա»-ի փաստաբանն
առաջարկել էր հաշտություն կնքել, քանզի ակնհայտ է նաև իրենց համար, որ պարտվելու
են, և որ իրենց տարածած այդ տեղեկությունը զրպարտություն է: Ես մեծահոգաբար
համաձայնվել էի՝ պահանջելով միայն հատուցել փաստաբանի ծախսը և հերքել սխալ
տեղեկությունը, բայց այս հարցազրույցից հետո փոխեցի որոշումս և մինչև վերջ դատական
կարգով հասնելու եմ այն բանին, որ «Երկիր Մեդիա»-ն նույնպես հերքի և վճարի
փոխհատուցում: Վստահ եմ, որ ընկեր Գեղամն իր կողքի նստածներից գումար կհայթայթի,
վերջը այսքան ջանասիրաբար պաշտպանում է, չէ՞, մի բան դրա դիմաց պե՞տք է ստանա, թե՞
ոչ:
Հը՞։
Հ.Գ. Միայն մի
խնդրանք ընկեր Գեղամին, երբ գա դատարան իմ Հյուսիսայինի առած-ծախած տների մասին
ապացույց ներկայացնելու, չփորձի ասել, որ դա նկատի չի ունեցել, Հյուսիսայինը նկատի
չի ունեցել կամ ինձ նկատի չի ունեցել, կամ իրեն սխալ են հասկացել, եթե մյուսների
պարագայում ինձ մեկ է նման մանր բաները, իրան դա չի սազի, ես իրեն արժանապատիվ եմ
վերաբերվում, կհիասթափվեմ»,- նշել էր Սիմոնյանը։