Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա, պետք է պատրաստ լինենք, բայց այն ավելի թեթև է, քան գրիպի վիրուսը․ Արմեն Մուրադյան

Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա և պետք է այս հարցի վերաբերյալ զգուշորեն խոսել և պատրաստ լինել: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:


«Սա իրականում հին վիրուս է, դրա մասին տեղեկություններ կան արդեն 2001 թվականից, սակայն այն շրջանառվում է շուրջ 60 տարի։ Եվ ինչպես գիտենք, Չինաստանում արդեն բռնկում կա, բացի այդ, հաշվի առնելով նախորդ պատմությունը, հանրային մեծ հետաքրքրություն կա համաճարակների վերաբերյալ։
Պատրաստ լինելը նշանակում է հետևյալը,  հանրային առողջապահական կուլտուրան հասարակության մեջ պետք է այնպես լինի, որ նման լուրերը չընկալվեն որպես տագնապալի: Այսինքն, սա իրազեկվածության դաշտում է: Պետք է իմանալ՝ ինչ անել, պետք է համակարգը պատրաստ լինի և կարծում եմ՝ պետք է կառավարելի պահել այն վիրուսները, որոնք  ենթարկվում են պատվաստումների»,- ասել է Մուրադյանը:


Այս վիրուսը, ըստ Մուրադյանի, իր վիոլենտությամբ, իր մահաբերությամբ ավելի թեթև է, քան գրիպի վիրուսը: