2023-2024 թվականներին արդեն իսկ շուրջ 230 օբյեկտի՝ բենզալցակայանի, գազալցակայանի, պահեստարանի, գործունեություն դադարեցվել է, որոնցից շուրջ 60-ն ապամոնտաժվել են: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ներկայացնելով ՀՀ տարածքում արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող գազալցակայաններում, բենզալցակայաններում, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացված վերահսկողության արդյունքները:
«Միայն 2024 թվականին 120 օբյեկտի գործունեություն է դադարեցվել, որոնցից շուրջ 27-ը, որոնք պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններ են, գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել են»,- ասաց նա:
Ըստ Գարեգին Խաչատրյանի` նավթամթերքների խոշոր պահեստներում, գազալցակայաններում խախտման դեպքերը տարբեր են, հիմնական խնդիրն այն է, որ օբյեկտները կահավորված են լինում վերգետնյա ռեզերվուարներով, որոնք արգելված է տեղակայել բնակավայրերի վարչական տարածքում: