ՀՀ կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկին։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց,
որ ՀՀ-ն ԵՄ
անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով. ԵՄ-ի հետ պետք է մշակել ճանապարհային
քարտեզ:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։
«Սա ողջունելի որոշում է, բնականաբար
նախագիծը կգնա ԱԺ և կստանա օրենքի տեսք: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ այն որոշումը,
որը կայացրել է ՀՀ կառավարությունը, պատճառաբանված է եղել նաև հանրային կարծիքով և
հանրային մոտեցումներով։ Մենք գիտենք, որ հավաքվել է շուրջ 60 000 ստորագրություն՝
ԵՄ անդամակցության հետ կապված հանրաքվե անելու, և ողջունելի է, որ կառավարությունն
ու իշխող ուժը հաշվի են առնում հանրության կարծիքը և նման որոշում կայացնում։ Իսկ ինչ
վերաբերում է բուն գործընթացին՝ Հայաստան-ԵՄ հարաբարերություններին, սա ինչ-որ առումով
տրամաբանական էր՝ հաշվի առնելով նախորդ ժամանակահատվածներում Հայաստան-ԵՄ հարաբերություններում
տեղի ունեցած դինամիկ զարգացումները, և փաստացի, հատկապես 2024 թվականն այդ առումով
բավականին ակտիվ է եղել»,- ասաց քաղաքագետը։
Վարչապետի այս հայտարարությանը
անմիջապես արձագանքեցին Կրեմլից։ Պեսկովը ասել է, որ անհնար է միաժամանակ լինել և՛
ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը պետք
է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և Եվրամիության մասնակցության միջև։ Մի շանտաժային հայտարարություն
էլ արել էր ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ Ալիևի
վերջին կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը
ՀԱՊԿ-ին։
Այս առնչությամբ քաղաքագետն ասաց,
որ այնպիսի տպավորություն է, որ այդ բոլոր հայտարարությունները գրված պատրաստ էին և
սպասում էին այդ որոշման կայացմանը, որպեսզի հրապարակեին։
«Այո, Մոսկվայից արձագանքը բավականին
արագ եղավ, և ցավալիորեն Մոսկվայում կամ Մոսկվայի քաղաքական էլիտայում այդպես էլ չեն
հասկանում, որ Հայաստանի այս ընտրությունը եղել է նաև այն պատճառով, որ Ռուսաստանը,
որպես ընտրություն, ժամանակին Հայաստանի համար եղել է սխալ, և այդ սխալն այսօր ուղղվում
է: Դրա մեղավորը նախևառաջ Ռուսաստանն է, որը չի կատարել իր դաշնակցյաին պարտավորությունները։
Այս ընտրությունը հիմնականում պայմանավորված է անվտանգային խնդիրներով»,- ասաց Էդգար
Առաքելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան