Ռուս-ադրբեջանական համաձայնություն ու փոխանակում է․ ՀՀ-ի՝ ԵՄ գնալու որոշումը սթափ և ճիշտ մոտեցում է

ՀՀ կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության մեկնարկի գործընթացին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով, իսկ ԵՄ-ի հետ պետք է մշակել ճանապարհային քարտեզ: Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է  Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։


«Ինքս միշտ ասել եմ, որ հասարակության կարծիքը շատ կարևոր է, առավել ևս նման հարցի վերաբերյալ։ Եվ իհարկե նման կտրուկ փոփոխությունն անհրաժեշտ է անել հանրաքվեի միջոցով։ Ավելին, որպեսզի հետագայում ոչ ոք չասի՝ դե, այս որոշումը ընդունել է այս կառավարությունը կամ այն կառավարությունը, ո՛չ, որոշումը իհարկե պետք է կայացնի հանրությունը՝ ժողովուրդը։ Ինչ վերաբերում է ճանապարհային քարտեզին։ Այո՛, շատ հաճախ մարդիկ մտածում են, որ բավական է կայացնել այդ որոշումը, և երկրորդ օրը մենք հայտնվում ենք ԵՄ-ում։ Սա երկար ճանապարհ է, և սա ներքին ճանապարհ է։ Ներքին այն իմաստով, որ մենք շատ բան պետք է փոխենք մեր կյանքում, մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը գործի հանդեպ, մշակույթի հանդեպ, երկրի հանդեպ, արժեքների հանդեպ։ Սա էլ է շատ կարևոր»,- ասաց Ռուբեն Բաբայանը։     

 

Նա նշեց, որ մենք հաճախակի բարձրաձայն գոչում ենք, որ մեծագույն արժեքը մարդն է, բայց իրականում անտեսում ենք մարդուն, ավելի շատ մեծ տեղ ենք տալիս քաղաքական հայացքներին, պաշտոնին, փողին, քան զուտ մարդ երևույթին։


Ռեժիսորը կարծում է, որ շատ սթափ ու ճիշտ մոտեցում է և իր համար շատ վաղուց սպասված։ «Ավելին ասեմ. ես կարծում եմ, որ եթե նման որոշում երկիրը կայացներ 90-ական թվականներին՝ պատերազմից հետո, մենք ճանապարհն ավելի հեշտ կանցնեինք։ Նախ՝ այդ ժամանակ Ռուսաստանը մի քիչ ուրիշ երկիր էր, երկրորդը՝ մենք այդքան զրկանքներով անցանք առաջին պատերազմից հետո, խոսքը ղարաբաղյան պատերազմի մասին է, որ ինչ էլ լիներ, արդեն գնալու էր դեպի լավը։ Բայց ավելի լավ է ուշ, քան երբեք»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։ 



Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան