Այսօր Վաշինգտոնում Երևանի
ժամանակով 22.00-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը
կստորագրեն Հայաստանի Հանրապետության
և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին
գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։
«Իհարկե, դա կարևոր է, կարծեմ՝
հենց ձեր տաղավարում Թրամփի ընտրությունից հենց հետո մենք խոսում էինք, որ Բայդենի
վարչակազմի հետ դեռ աշխատանք ունենք անելու, և այդ ժամանակ մինչ նախագահական ընտրությունները
մենք ունեինք ինֆորմացիա, որ 2025 թվականի գարնանը նմանատիպ փաստաթուղթ պետք է ստորագրվեր,
և ես հույս էի հայտնում, որ իրենք կարագացնեն, և մինչև հունվարի 20-ը այն կստորագրվի։
Փաստորեն դա այն է, ինչ մենք հուսով էինք, որ կիրականանա, և դա տեղի է ունենում։ Դա
շատ կարևոր է, որովհետև գիտեք, որ մենք մեր ռազմավարական երկխոսությունները մի աստիճան
փորձում էինք բարձրացնել և պայմանավորվածություն ունեինք ամերիկյան կողմի հետ, որ բարձրացնելու
ենք, բայց չունեինք այն թղթավորված։ Շատ կարևոր է տեսնել, թե ինչ բովանդակություն է
այն ունենալու»,- ասաց Առնոլդ Բլեյանը։
Նա նշեց, որ միևնույն ժամանակ
ցանկալի կլինի, որ Արարատ Միրզոյանը Միացյալ
Նահանգներ այցի ընթացքում նաև հնարավորություն ունենա հանդիպելու արդեն Թրամփի վարչակազմից
որևէ պաշտոնյայի հետ։
Մեր զրուցակցի խոսքով՝ հասկանալի
է, որ Մարկո Ռուբիոյի թեկնածությունը դեռ չի հաստատվել որպես պետքարտուղար, բայց վստահ
է, որ կարող են ինչ-որ շփումներ տեղի ունենալ Թրամփի վարչակազմի հետ։
«Դա շատ կարևոր փաստաթուղթ է,
բայց մենք պետք է ֆիքսենք, որ Թրամփի վարչակազմի ժամանակը մի յուրահատուկ ժամանակաշրջան
է լինելու, որտեղ ոչ այնքան կարևոր են լինելու ինստիտուտները և փաստաթղթերը, որքան
անձնային հարաբերությունները։ Ես ամենևին չեմ թերագնահատում այսօր տեղի ունենալիքը,
դա շատ կարևոր նախաքայլ է, որպեսզի մենք ԱՄՆ-ի հետ հանդես գանք արդեն որպես ռազմավարական
գործընկերներ, ինչին ձգտում է նաև ալիևյան ռեժիմը՝ իր հայտարարության մեջ, բայց միևնույն
ժամանակ պետք է հասկանանք, որ Թրամփը ոչ այնքան ընկնում է այդ թղթերի հետևից, որքան
կարևորում է անձնային շփումները»,- հավելեց
Առնոլդ Բլեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան