4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը կհամալրվի նոր բնակավայրերով, որի արդյունքում ցանկում կներառվեն ՀՀ 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն։ Այս և մի շարք այլ փոփոխություններ է առաջարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft հարթակում։
Բացի այդ, օրինակ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3 քմ-ով նվազեցվել է հավաստագրով ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափը՝ դառնալով 9 քմ։
«Հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չկիրառել, իսկ աջակցությունը սահմանել մինչև 4 մլն դրամ 3 մլն փոխարեն»,- ասված է նախագծում։
Նաև՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու հնարավորություն է ընձեռնվում նաև 2024 թ․ մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողներին։
Փոխվել են նաև ծրագրի՝ փուլային մեկնարկի ժամկետները և այն ուժի մեջ կմտնի մեկ տարի շուտ՝ 2025 և 2026 թթ․ հուլիսի 1-ից (երկրորդ ու երրորդ փուլեր)։