ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, այս պահին հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին, նրա կնոջը՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին, որդուն՝ Միքայել Մայրապետյանին, ինչպես նաեւ նույն՝ թիվ 22-82-20 ուսումնասիրությամբ եւս մի քանի շահագրգիռ անձի՝ Սվետլանա Հակոբյանին և Լեւոն Սուլթանյանին։ Այս մասին
Civic.am-ը տեղեկացավ azdarar.am-ից։
Նշենք, որ Սամվել Մայրապետյանը, կինն ու որդին հաշվառված են Երեւանի Բայրոնի փողոցի երկու տարբեր հասցեներում։ Երեւանի այս հասցեում են գտնվում մայրաքաղաքի ամենթանկ բնակարանները։
Նշենք, որ հիշյալ անձինք ՀՀ դատախազություն են հրավիրվել հուլիսի 4-ին։ Սամվել Մայրապետյանին ուղղված ծանուցագրում նշված է, որ նրան պատկանող գույքը ենթակա է բռնագանձման, իսկ մյուս անձանց գույքի վերաբերյալ կազմվել է ամփոփագիր։
Սամվել Մայրապետյանը գործարար է, գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երեւան» ընկերության նախագահն էր։ Նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:
Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, մեղադրանքը մի քանի անգամ լրացվել է։ Գործարարը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Մայրապետյանն օժանդակել է Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն: Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նա բուժման նպատակով մեկնել է արտերկիր եւ այլեւս չի վերադարձել։ Գործարարին առաջադրված մեղադրանք, ինչպես ասվեց, հետագայում
լրացվել է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար․ 2004-2014 թվականների ընթացքում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով Ս. Մայրապետյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ վերջինիս կազմակերպմամբ չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 23.054.522.502 ՀՀ դրամի հարկեր, որոնց հետևանքով հաշվարկված տույժերը կազմում են 12.622.351.070 ՀՀ դրամ:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության տնօրենը և ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացող հարկերը, հիշյալ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Բայրոն 3 հասցեի բնակելի շենքի 75 միավոր անշարժ գույքերի՝ բնակարանների և ավտոկայանատեղիների՝ 2004 թվականի ընթացքում կնքված առուվաճառքի պայմանագրերումնշել է կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Սամվել Մայրապետյանն այդ կերպ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 777.847.000 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 425.871.233 ՀՀ դրամ։
Դատախազությունը պահանջում է հօգուտ ՀՀ պետական բյուջեի, համապարտության կարգով, շուրջ 5 միլիարդ 678 միլիոն դրամ որպես պետության պատճառված վնասի հատուցում բռնագանձել պատասխանողներից։ Դատական նիստի ընթացքում պատասխանողների ներկայացուցիչները հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանը մերժել էր։
Սամվել Մայրապետյանին կողմից 2007 թ․-ին Կոտայքի մարզի Արտավազ գյուղի անտառներից 2 հեկտարը սեփականաշնորհելու գործն էլ ներկայումս Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է։ Նշենք, որ պաշտոնյաների կողմից Ծաղկաձորում 50 հա անտառ սեփականաշնորհելու պատմության մասին
«Հետք»-ը ծավալուն հետաքննություն էր հրապարակել 2018 թ.-ին։ Հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվեց, ապա վաղեմության հիմքով կարճվեց։ Այդուհանդերձ, նախաքննության ժամանակ պարզվել է, որ պաշտոնյաները Ծաղկաձորից բացի անտառներ են ապօրինի սեփականաշնորհել նաև Կոտայքի մարզի այլ համայնքների տարածքներում։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Կոտայքի մարզպետի 2007 թ․-ի որոշումը, որով պետական սեփականություն հանդիսացած հողամասը վաճառվել է Սամվել Մայրապետյանին։