Հրայր Թովմասյանից 3 բնակարան և 142 մլն դրամ բռնագանձելու գործով նախնական դատական նիստը հետաձգվեց՝ փաստաբանների պատճառով
Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանից և նրա կնոջից՝ Լամարա Խուդավերդյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3 բնակարան և ավելի քան 142 միլիոն դրամ։ 

Գործով Հակակոռուպցիոն դատարանում այսօր նշանակված նախնական դատական նիստը չկայացավ։ Նիստին չէին ներկայացել ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ իր պաշտպանները։ 

Հրայր Թովմասյանի ներկայացուցիչներ Արամ Օրբելյանն ու Արթուր Հովհաննիսյանը միջնորդություն էին ներկայացրել դատարանին նիստը հետաձգելու վերաբերյալ։

Դատախազ Նաիրա Արտաշիսյանը դիրքորոշում հայտնեց, որ հետաձգման հիմքերը անհարգելի են։ Դատավոր  Լիլի Դրմեյանը,  սակայն, պատասխանողի ներկայացուցիչների միջնորդությունը բավարարեց. կհրավիրվի նոր նախնական դատական նիստ:

Նշենք, որ փաստաբանները ավելի վաղ հայտնել էին, որ ի նշան փաստաբանների նկատմամբ բռնությունների դեմ բողոքի՝ այսօր գործադուլ են հայտարարելու։ Հենց Թովմասյանի գործով նախնական դատական նիստի ընթացքում մի խումբ փաստաբաններ ակցիա էին իրականացնում՝ Փաստաբանների պալատի շենքից երթով շարժվել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ ակցիայի շրջանակներում Ոստիկանության բաժնի պետի համար բռնցքամարտի համար նախատեսված ձեռնոցներ թողեցին շենքի մոտ: 

Նշենք նաև, որ ավելի վաղ Թովմասյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը Civic.am-ին հայտնել էր, որ այսօր ամբողջ օրը իրենք մասնակցելու են փաստաբանների վարքականոնին վերաբերող դասընթացի, հետևաբար որևէ պետական կառույցի հետ որևէ իրավական գործընթացի մեջ մտնել չեն կարող։  

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան