«ՀՀ-ն եթե ճիշտ աշխատի, ապա փաստաթուղթը
հնարավորություն կտա օգտվել ԱՄՆ-ի տեխնոլոգիական, ֆինանսական, խորհրդատվական և այլ
ռեսուրսներից»: Այս մասին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին ստորագրված փաստաթղթին,
որով ՀՀ-ն ու ԱՄՆ-ն դարձել են ռազմավարական գործընկերներ։
Ղևոնդյանը նշեց, որ Ալիևին նյարդայնացնում
է ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը. «Ադրբեջանից այս փաստաթղթին
պատասխան կա, և դա Ալիևի գազազած հայտարարություններն են։ Ադրբեջանում մի քայլ առաջ
այդ պատասխանը ձևավորեցին։ Ալիևի այդ հայտարարությունները ավելի շատ ուղղված էին միջազգային
լսարանին, քան Երևանին, որովհետև ՀՀ-ի հարաբերությունները ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ խաթարում
են Ադրբեջանի պլանները մեր տարածաշրջանում»։
Ղևոնդյանը հիշեցրեց, որ Վրաստանը
ևս նմանատիպ փաստաթուղթ ունի ստորագրած ԱՄՆ-ի հետ, և դա մեծ ազդեցություն է գործել Վրաստանի զարգացման վրա. «Օրինակ՝ Բաթումում
ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է արել, սակայն դա կապված էր նրա հետ, որ Վրաստանը դարձել
էր ԱՄՆ-ի գործընկերը, ինչը բացել էր դաշտը այլ խաղացողների համար։ Այսինքն՝ ռիսկեր
էր նվազեցրել, և այլ պետությունները ներդրումներ են սկսել իրականացնել»։
Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ի
հետ ռազմավարական գործընկեր դառնալը նպաստում է, որ աշխարհի շատ այլ երկրների հետ ևս
բարիդրացիական հարաբերություններ հաստատենք, ու շահավետ փոխգործակցություն լինի։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան