ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ

Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։


Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։


Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել գործարար հանդիպումներ Երևանում և Բեռլինում և անցնել առավել գործնական քայլերի։


«Հայաստանյան այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են գերմանական ընկերությունների հետ գործարար կապեր հաստատելով կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ secretariat@mineconomy.am»,- ասվում է հաղորդագրության մեջ։