«Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոմանք Արցախը փրկելու ակցիաներին զուգահեռ «գույքային բարելավում» են արձանագրել՝ հիփոթեքով բնակարաններ են գնել Երևանում
Որոշ լրատվամիջոցներ, ինչպես հայտնի է, համակ ուշադրությամբ հետևում են  ՀՀ իշխանության ներկայացուցիչների  «գույքային բարելավումներին» և ցնցող վերնագրերով նյութեր հրապարակում  «մերօրյա  Չախչախ թագավորների» մասին, ընդհուպ՝ կոռուպցիոն ռիսկեր տեսնում նրանց կողմից այս կամ այն գույքը ձեռք  բերելու գործարքում։  Մասնավորապես, նորակառույց բնակելի շենքերից մեկում բնակարան գնելը մատուցվեց որպես շարքային մահկանացուների համար անհասանելի շքեղություն, իշխանավոր դառնալուց հետո  ցոփ ու շվայտ կյանքով ապրելու վկայություն, և այսպես շարունակ։  

Նշենք, որ «գույքային բարելավում»  նախորդ տարի ունեցել են նաև ընդդիմության որոշ պատգամավորներ, էլ չասած, որ նրանցից ոմանք խորհրդարան են ոտք դրել  արդեն իսկ սոլիդ կարողություններով՝ բնակարաններ, հողամասեր, դրամական միջոցներ, տարբեր բիզնեսներում ունեցած բաժնեմասեր և այլն։  Փաստորեն, ԱԺ աշխատանքները բոյկոտելուն  և Երևանի փողոցներում  արցախափրկչական ակցիաներ իրականացնելուն զուգահեռ տիկնայք և պարոնայք ընդդիմադիրները  նաև հասցրել են հոգալ իրենց կեցության պայմանների բարելավման մասին՝ տուն գնել։ Հարկ է նշել նաև, որ  բնակարան գնած պատգամավորներից ոմանք այնպես չէ, որ անտուն-անտեղ էին. հավանաբար առաջնորդվել են «դե  տուն ա, թող լինի» սկզբունքով՝ համալրելով իրենց գույքի ցանկը։     

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՔՊ-ին իշխանությունը օկուպացնելու մեջ մեղադրող Ասպրամ Կրպեյանն, օրինակ, դատելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր՝  2022 թ.  գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից, «օկուպացրել» է բնակարան՝ հիփոթեքով։  Բնակարանը գտնվում է Երևանում, սակայն թե կոնկրետ որ մասում՝ հայտնի չէ, «պաշտպանված» է։ Վարկատուի կամ փոխատուի անունը՝ նույնպես։ Բնակարանի ձեռք բերման համար ստացված վարկի մայր գումարի մնացորդն էլ  կազմել է ֏ 44,783,533.8։ Նշենք, որ  2022 թ. օգոստոսի 1-ին գնված սույն բնակարանը համատեղ սեփականությամբ է։ Կրպեյանը ունի ևս մեկ համատեղ սեփականությամբ իրեն պատկանող բնակարան Նոր Նորքում և միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող երկու հողամաս, որոնցից մեկը՝ Նոր Նորքում գտնվողը,  գնել է 2014-ին, մյուսը՝ Արարատի Գեղանիստ համայնքում գտնվողը, ժառանգություն  է ստացել 2009-ին։      

Հիփոթեքով բնակարան է գնել նաև «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը։  Վերջինիս 2022 թ. հայտարարագրում բազմաբնակարան շենքում գտնվող այդ բնակարանի գնման համար որպես վարկի մնացորդ նշված է ֏ 22,708,800։ Վարդանյանը, նկատենք, որևէ այլ՝ շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Որպես կանխիկ դրամ հայտարարագրել է ֏ 1,800,000, որը տարեվերջին անհավանական կերպով կազմել է ֏ 250,000,000 դրամ (այս թվի հետ ինչ-որ բան այն չէ)։

Երևանում բնակարան է գնել նաև Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի մաս կազմած «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արթուր Սարգսյանը։ Բազմաբնակարան շենքում  բնակարանը գնվել է 2022թ. ապրիլի 4-ին, հիփոթեքով, «Գեվարգ» ՍՊԸ-ից,  28,324,041 դրամով։  Ըստ Սարգսյանի հայտարարագրի՝ վարկի  մայր գումարի մնացորդի չափը կազմում է  $ 53,883։ Նշենք, որ սյունեցի պատգամավորը, որը նախկինում ՀՀԿ անդամ էր,  ունի միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող ևս մեկ բնակարան Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում, որը գնել է 2002-ին, ինչպես նաև Սիսիանում գտնվող հասարակական նշանակության շինություն, որը դարձյալ գնել է 2002-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող  մեկ այլ անշարժ գույք՝ արտադրական նշանակության շինություն, որը դարձյալ  2002-ին է գնվել։  Փաստորեն, մեկ  տարվա մեջ Արթուր Սարգսյանը երեք անշարժ գույք է ձեռք բերել։ Նշենք, որ Սարգսյանի հայրը՝ ՀՀԿ-ական Լավրենտ Սարգսյանը, այդ տարիներին՝ 1999-2008 թթ., եղել է Սիսիանի քաղաքապետը։  

«Հայաստան» խմբակցության մեկ այլ  պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» ՀԿ նախագահ Էլինար Վարդանյանի կողմից «Բյուրեղ» թաղամասում գնված բնակարանի թեմային Civic.am-ը նախորդիվ անդրադարձել էր: Նշենք, որ տիկին Վարդանյանի 2022 թ. հայտարարագրում  նշված է, որ նա բազմաբնակարան շենքում հիփոթեքով բնակարան է գնել, վարկի մայր գումարի մնացորդի չափը  կազմել է ֏ 23,635,608.8։ Վարդանյանի հայտարարագրում նշված է նաև, որ վերջինս  «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին հաշվետու տարվա ընթացքում հանձնել է ֏ 39,639,350  փոխառություն։   Նշենք նաև, որ Էլինար Վարդանյանը իր 2021 թվականի հայտարարագրում որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա օգտագործման մեկ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում և համատեղ սեփականությամբ մեկ բնակարան՝ Արաբկիրում։

Civic.am-ը Վարդանյանի կողմից երկու բնակարանի գնման մասին գրել էր։ Հարկ է նշել, որ  Էլինար Վարդանյանի ամուսինը՝ «Նաիրի» ԲԿ բժիշկ Կարեն Զաքարյանը, իր 2022 թ. հայտարարագրում նշել է բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու մասին, որի գտնվելու վայրը պաշտպանված է։ Վարկի մայր գումարի մնացոդը կազմել է  ֏ 45,204,739:

Կարելի է ենթադրել, որ Զաքարյանի  բնակարանը այն նույն շենքում է, որտեղ բնակարան է ձեռք բերել վերջինիս  կինը։  Զաքարյանի հայտարարագրում նշված է, որ նա նույնպես «Ջերմուկ Գրուպ»  ՓԲԸ-ին փոխառություն է հանձնել, որը կազմել է ֏ 50,964,435։  Կարեն Զաքարյանը հայտարարագրել է ևս մեկ բնակարան Սպիտակ համայնքում, որը նվիրատվություն է ստացել 2006-ին։ 

Հիփոթեքով բնակարան գնած հաջորդ ընդդիմադիր  պատգամավորը  ՀՅԴ-ն ներկայացնող «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանն է։ Ըստ տիկնոջ  2022 թ. հայտարարագրի՝ բնակարանը գնվել է 2022 թ. հոկտեմբերի 5-ին, 31 մլն դրամով, վարկը վերցվել է ՎՏԲ բանկից։  Բնակարանի  համար վերցված վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին  կազմել է  ֏  24,784,093։  Կյուրեղյանը որպես փոխառություն (վարկ) հայտարարագրել է ՎՏԲ բանկից ստացած  25,000,000  և 3,000,000 դրամը։  Կյուրեղյանը ևս մեկ միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող  բնակարան ունի Վանաձորում, որը գնել է 2007-ին, ինչպես նաև երկու հողամաս Ալավերդիում։ Տիկինն իրեն պատկանող՝ Վանաձորում գտնվող  հողամասերից մեկն էլ 2022-ին 2 մլն դրամով վաճառել է։  

 Հ. Մ.