Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը:
Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի 1-ին մասով։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
Նշենք, որ դատարանի վարույթում այժմ գտնվող գործը ամբողջական գործից անջատված մասով է ընթանում։ Նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել էր դատարանին՝ ԱԱԾ-ից գործի ամբողջական նյութերը ստանալու համար:
Պաշտպանները համաձայն չէին մեղադրող կողմի այն դիրքորոշման հետ, որ այս ծավալով ներկայացված ապացույցները լիովին բավարար են դատարան ներկայացնելու համար։
Պաշտպանը նշեց, որ մրցակցային դատավարություն ապահովելու համար իրենց անհրաժեշտ են գործի բոլոր նյութերը, որպեսզի իրենք ինքնուրույն կարողանան դատողություններ անել ցանկացած նյութի վերաբերյալ։
Պաշտպանական կողմը՝ որպես նախադեպ, վկայակոչեց վերաքննիչ դատարանի որոշումը, որով ԱԱԾ քննչականում քննված քրեական գործով դատարանը որոշում է կայացրել պաշտպանական կողմին տրամադրել ամբողջական գործի նյութերը՝ մինչև դրանց անջատելու պահը։ Ապա ելույթի իրավունք խնդրեց Գագիկ Ծառուկյանը։
«Ամոթ է, եղբա՛յր, հազար երկու քննել, ձերբակալել, փակել են մեկ-երկու ամսով, չգիտեմ՝ ինչեր են արել, բայց որևէ մեկը որ ասի, Ծառուկյանը ինձ գումար է տվել, կաշառք տանեմ տամ, չի եղել, ամոթ է։ Հասկանալի է՝ քաղաքական իրավիճակ է եղել, Ծառուկյանը հայտարարություն է արել հունիսի 5-ի հետ կապված։ Նորից եմ ասում՝ մարդիկ այս երկրում ապրում են, ընտանիք ունեն։ Հունիսի 5-ին ասել եմ՝ ինչ է լինելու մեր ճակատագիրը»։
Դատարանի կողմից՝ Ծառուկյանին զսպվածության կոչ անելուց հետո Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ես ավելորդ բա՞ն եմ ասել։ Ծառուկյանն ի՞նչ է՝ սխա՞լ է ասել, ո՞ւմ է փող տվել։ Հարգելի դատախազը, եթե մի փաստ ունենա... գիշերը գնալու ես տուն, քնես»։
Ի վերջո, դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և ԱԱԾ-ից գործի ամբողջական նյութերը ստանալուց, ապա դրանց հետ ծանոթանալուց հետո միայն կնշանակվի հաջորդ դատական նիստը։ Հանրային մեղադրողը դատարանի այս որոշումը անօրինական ու անհիմն որակեց։
Նիստից հետո Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ պաշտպաններից Էմին Խաչատրյանն ասաց, որ նախաքննության ընթացքում, բացի ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներից, քննչական խմբում ներգրավված էին շուրջ 100 քննիչ։
2017-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը մեկ այլ քրեական գործով իրավապահներին պատմել էր, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Եվ պայմանավորվածության համաձայն՝ Պողոսյանը դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։ Պողոսյանը պնդել էր, որ այդ գումարները ինքը ստացել է քարոզարշավի ընթացքում ծախսելու համար։ Անդրադառնալով Պողոսյանի ցուցմունքին՝ Էմին Խաչատրյանն ասաց, որ Վազգեն Պողոսյանը Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել։
Պաշտպանը հրաժարվեց պատասխանել, թե քանի անձի ցուցմունք է ներառված այս գործում։ Միայն նշեց՝ 55-60 հատոր գործից իրենց է տրամադրվել 3-4 հատոր։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան