Հույս ունենանք՝ Բաքվում դատավարությունից հետո կկարողանանք այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու և ազատելու քննարկում ունենալ. Ալեն Սիմոնյան

Տեսնում ենք, ինչ է կատարվում, հետևում ենք, բայց արձագանքելու որևէ բան չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հետևո՞ւմ է Բաքվում սկսված՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությանը:


«Ցավալի է այն, ինչ է տեղի ունենում։ Հույս ունենանք, որ դատավարությունը հնարավորություն կտա դրա ավարտից հետո այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու և ազատելու քննարկում ունենալ»,- ասաց Սիմոնյանը:



Անդրադառնալով ԼՂ նախկին պաշտոնյաների պնդումներին, որ հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրում այդ ուղղությամբ, Ալեն Սիմոնյանն ասաց. «ԼՂ նախկին  պաշտոնյաների ասածներին միտված չեմ հետեւել ու համարում եմ, որ ավելի լավ կլինի իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն: Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետեւանքը տեսանք: Իրենց կողմից ճիշտը լռելն է:


Իրենք ՀՀ-ում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք փախստական: ՀՀ-ի իշխանությունը մեկն է, եւ այո, մենք պետք է որոշում կայացնենք, իրենք էլ այդ որոշումներին ենթարկվեն, այլ ոչ թե փորձեն առանձին օրակարգ բերեն: Դա չի ստացվելու, թույլ էլ չենք տալու: Թող իմանան՝ ով ինչով է զբաղվում ու հանկարծակի չսխալվեն»,-ասաց ԱԺ նախագահը: