Կրակեմ Հրաչի որդու՝ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին կարգապահական խախտման հիմքով

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։

«Բարձրագույն դատական խորհուրդը քննելով արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց այն բավարարել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։  Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,-ներկայացրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Դատավոր Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտատարել է, թե առաջին իսկ օրից իր համար անսպասելի ոչինչ չի եղել։

Դավիթ Հարությունյանը հայտնի Կրակեմ Հրաչի` ԱԱԾ նախկին փոխտնօրեն, ՊՊԾ նախկին պետ և Սերժ Սարգսյանի ամենավստահելի մերձավոր Հրաչյա Հարությունյանի որդին է: Դավիթ Հարությունյանը 29 տարեկանում դարձել է դատավոր, իսկ ընդամենը 33 տարեկանում դարձել դատարանի նախագահ, ինչը բացառիկ երևույթ էր անփորձ դատավորի համար (ենթադրաբար Սերժ Սարգսյանի հետ հոր մտերմության շնորհիվ)։

Դատավոր Հարությունյանը իր երիտասարդ տարիքում ահռելի հարստության տեր է: Ընդ որում, նա ողջ աշխատանքային կարիերայի ընթացքում եղել է բացառապես պետական ծառայող: Այս դատավորը մինչ հեղափոխությունը հիմնականում բավարարել է կալանք տալու դատախազության միջնորդությունները և միայն հեղափոխությունից հետո է «բարիացել» և մերժել նման միջնորդությունները: