Դատարանը թույլատրեց Արման Սահակյանին մեկնել Եվրոպա՝ բուժման նպատակով․ Հակակոռուպցիոն դատարանում հետաձգվեց Տարոն Մարգարյանի ու Արման Սահակյանի գործով դատական նիստը
Այսօր՝ հուլիսի 3-ին, Հակակոռուպցիոն դատարանում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի և մյուսների գործով դատական նիստն էր։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց հետաձգել դատական նիստը, քանի որ քրեական գործի տարբեր դրվագներով անցնող մյուս մեղադրյալներից մի քանիսի պաշտպանները ներկա չէին նիստին։

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի պաշտպան Սմբատ Մինասյանը դատարանին տեղեկացրեց, որ Արման Սահակյանը առողջական խնդիրների պատճառով ստիպված է մեկնել Եվրոպա՝ բուժման նպատակով։ Դատավոր Սարգիս Դադոյանը գրեթե բավարարեց պաշտպանի բանավոր միջնորդությունը։ «Այն մեղադրյալները, որոնք առողջական խնդիրների պատճառով ստիպված են մեկնել արտերկիր, դատարանը կթույլատրի, մինչդեռ այն մեղադրյալները, որոնք արտերկիր են ուզում մեկնել հանգստի համար, դատարանը կմերժի այդ միջնորդությունները։ Մեղադրյալները կարող են Հայաստանում հանգստանալ»,- ընդգծեց նախագահող դատավորը։ 

Նշենք, որ գործը նախկինում քննվել է Երևանի առաջին ատյանի դատարանում, և միայն երեք ամիս առաջ է այն ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում պետք է կայանար այս գործով առաջին նիստը։ 
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ  հնարավորություն է տվել իր մերձավորներին՝ կնոջը, տղաներին, հարսներին սեփականաշնորհել համայնքային ենթակայությամբ գործող դպրոցների հողատարածքները։  

Արման Սահակյանն էլ մեղադրվում է պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված դպրոցի տարածքը նվազեցնելու և առանձնացված մասը իր և Տարոն Մարգարյանի մերձավորներին վաճառելու համար։ 

Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակից Հայկ Կյուրեղյանը, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ում պաշտոնավարած Արամ Ենգոյանը, Տիգրան Փոթիկյանը, Միքայել Հակոբյանը և Հայկ Պետրոսյանը։

Հիշեցնենք նաև, որ Տարոն Մարգարյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ ՀՀ գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է Տարոն Մարգարյանից և նրա հետ փոխկապակցված վեց անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամին համարժեք գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գումարը: Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տներին, մեկ հասարակական նշանակության տարածքին, Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոցին, երկու տրանսպորտային միջոցին:

Նարա Մարտիրոսյան