Շիկահողի դիրքերից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի ու Կարեն Ղազարյանի վերաբերյալ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն առարկություններ է ներկայացրել ՄԻԵԴ։
«Հունիսի 16-ին մեր առարկությունները ներկայացրել ենք ՄԻԵԴ։ Առարկությունները վերաբերում են ընդհանուր իրավունքների խախտումներին՝ զինծառայողներն արդեն իսկ իրավունքի խախտումով են հայտնվել Ադրբեջանում»,- այս մասին Civic.am-ին տեղեկացրեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանն ու նշեց, որ սպասում են Դատարանի պատասխանին։
Նշենք, որ հունիսի 7-ին հայկական կողմը ՄԻԵԴ-ից ստացել էր Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Civic.am-ին տեղեկացրել էր, որ առարկությունները սահմանված ժամկետում կներկայացվեն Դատարան։
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների դատը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ Սումգայիթի ծանր հանցագործությունների գործերով դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ հայ զինծառայողներն իբրև թե ուժ են կիրառել Զանգիլանի շրջանի Ռազդարա գյուղում տեղակայված պետական սահմանը պահպանող Ադրբեջանի զորամասի զինծառայողների նկատմամբ, ապօրինի հատել են այն՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով։ Այս շինծու քրեական գործով Ադրբեջանը ներգրավել է նույնիսկ 4 տուժող։ Մինչդեռ ՀՀ ՊՆ-ն փաստեր է հրապարակել, որ հայ զինծառայողների մեքենան գտնվել է Հայաստանի տարածքում՝ սնունդով լի։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողները սնունդ էին մատակարարում դիրքերում գտնվող զինծառայողներին։
Ընդգծենք, որ հայ զինծառայողների առևանգումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Հայաստանում մոլորված ադրբեջանցի զինծառայողներ չկան, Հայաստանի սահմանն ապօրինի հատած երկու զինծառայողներից մեկը նույնիսկ սպանել էր ԶՊՄԿ-ի աշխատակցին։ Իսկ ավել վաղ ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ սահմանին մոլորված և մյուս կողմում հայտնված զինծառայողները պետք է արագացված ընթացակարգով վերադարձվեն։