Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյայի համար հստակ է, որ Հայաստանն ընթանում է նույն ճանապարհով, ինչ ժողովրդավարական երկրները:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նման դիրքորոշում հայտնեց Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման շրջանակում:


Միերինյան նշեց, որ Լատվիան ԵՄ անդամ է արդեն ավելի քան 20 տարի: «Հետ նայելով՝ տեսնում ենք, որ բավականին հեռահար և ճիշտ որոշումներ ենք կայացրել»,-ասաց նա:


Խորհրդարանի խոսնակը  հավելեց, որ այսօր տեսնում են որոշման արդյունքներ:


«Ոչ ոք այլևս չի էլ կասկածում այս արդյունքների, այս որոշումների վրա: Այս որոշումները կարևոր են ձեր երկրի համար ևս, որովհետև սա որոշիչ պահ է, պատմական որոշում է լինելու՝ որոշում դեպի ԵՄ-ի հետ ինտեգրում: Տարիներ անց դուք հետ կնայենք որոշումներին, որոնք կկայացնեք այսօր և ավելի լայն կտեսնեք ապագան: Հստակ է, որ դուք ցանկանում ենք նույն ճանապարհով ընթանալ, ինչ ժողովրդավարական երկրները, բարգավաճ երկրները: Սա շատ կարևոր է ոչ միայն ձեր, այլ նաև մյուսների համար»,-ասաց նա:


Լատվիայի խորհրդարանի խոսնակն ընդգծեց, որ Եվրոպայում լինելը բազմազան հնարավորություններ է տալիս: Ձեռներեցները հնարավորություն կունենան ԵՄ շուկայի մաս կազմել, ազատ տեղաշարժվել, կստեղծվեն շատ այլ հնարավորություններ: «Արժե հանուն դրանց ջանալ ու այս ճանապարհը հարթել»,-ասաց նա՝ Հայաստանին հաջողություն մաղթելով ժողովրդավարություն տանող ճանապարհին: 


Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։