Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, վերջինիս կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, եղբորորդու՝ Արա Կոստանյանի և ընկերոջ՝ Արման Գալստյանի դեմ գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Դատախազությունը նախկին պաշտոնյայից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել 1 բնակարան Երևանում, 1 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, և Ջրվեժում գտնվող անշարժ գույքի 98 տոկոսը։ Բացի դրանից՝ նաև 174 մլն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, և ավելի քան 274 մլն դրամ, որը չի հիմնավորվում պատասխանողի օրինական եկամուտներով։
Այսօրվա դատական նիստի մեկնարկին դատարանը ծանոթացավ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պաշտպանների դիրքորոշմանը, որը հենց այսօր էր մուտքագրվել։ Ապա դատավոր Լիլի Դրմեյանը խնդրեց հայցվոր կողմ դատախազ Նելլի Տեր-Թորոսյանին հակիրճ ներկայացնել հայցի հիմքը։ Ի պատասխան՝ դատախազը նշեց, որ սույն գործի շրջանակներում բազմիցս՝ ինչպես ընդարձակ, այնպես էլ հակիրճ ներկայացվել են հայցի առարկան և հիմքը։
Ապա դատարանը անսպասելի և անհասկանալի դրդապատճառներով հայտարարեց 5 րոպե ընդմիջում։
Ընդմիջումից հետո Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ՝ պաշտպան Վարազդատ Ասատրյանը հանդես եկավ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ։ Ասատրյանը, վկայակոչելով օրենքի 8-րդ հոդվածը, նշեց, որ հստակ սահմանված է, որ ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը 2 տարի, ինչը իրավասու մարմնի կողմից կարող է երկարաձգվել ևս մեկ տարով, եթե պայմանավորված է միջազգային համագործակցության հանգամանքով, սակայն այս գործում նման բան չի եղել։
Ըստ էության, պաշտպանական կողմը միջնորդեց կարճել գործի քննությունը ուսումնասիրության՝ սահմանված 2 տարի ժամկետը դատախազության կողմից բաց թողնելու հիմքով։ Դատախազն ամբողջությամբ առարկեց ներկայացված միջնորդությանը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում 2022 թվականի հուլիսի 10-ին կատարվել են փոփոխություններ, որով ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը 2 տարի, բայց այլ կետով մեկ տարի երկարաձգելու մասին կետը տարածվում է նաև սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահին չավարտված ուսումնասիրությունների վրա։
Ըստ դատախազի՝ Գևորգ Կոստանյանի գույքի ուսումնասիրումը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 8-ին։ Ըստ պաշտպանի՝ Սահմանադրությամբ հստակ ասվում է, որ անձի վիճակը վատթարացնող նորմերը չունեն հետադարձ ուժ։
Վարազդատ Ասատրյանը նկատեց՝ եթե դատարանն ունի կասկածներ, թե որ նորմերն են համարվում վատթարացնող, և սահմանափակում են մարդու իրավունքները, ապա կարող է նախաձեռնողականություն ցուցաբերել և դիմել Սահմանադրական դատարան, կամ, եթե իրենց այս մտահոգությունները հաշվի չառնվեն, իրենք կդիմեն Սահմանադրական դատարան։
Հայցային վաղեմության հիմքով գործի քննությունը կարճելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի առանձին դատական նիստում, որի ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան