Ալիևը կհարձակվեր եթե իմանար, որ միջազգային արձագանք չի լինի, բայց էսկալացիան բացառված չէ․ Իոաննիսյան

Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հանդես է եկել իր առաջին զեկույցով։ Կառույցը բարձր չի գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը։ Միաժամանակ, գերատեսչությունը կարծում է, որ  պայմանագրահեն խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում, որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը։


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նկատում է, որ Ադրբեջանը պատրաստում է իր կարողությունները առավել անակնկալ պատերազմներ սկսելու ուղղությամբ, որպեսզի երկար նախապատրաստում չպահանջի։ Սա խոսում է այն մասին, որ Ալիևը չի բացառում Հայաստանի դեմ ագրեսիայի հավանականությունը։ Սակայն այն կարող է լինել ոչ լայնամասշտաբ։  


Ադրբեջանը, ըստ Իոաննիսյանի, մի քանի պատճառներ կարող է ունենալ կարճատև, արագ գրոհներ իրականացնելու համար, օրինակ՝ արձագանք ստուգելու համար, Հայաստանում ներքաղաքական մթնոլորտի վրա ազդելու համար կամ Հայաստանին տարբեր որոշումներ պարտադրելու համար, բարոյահոգեբանական ազդեցության համար և այլն։


Եթե Ադրբեջանն իմանար, որ միջազգային հանրության կողմից բավարար արձագանք չի լինելու, արդեն խոցումներ կաներ կամ կարող էր անգամ լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Մյուս կողմից էլ, ըստ Իոաննիսյանի, եթե Ադրբեջանը հստակ իմանար, որ հստակ արձագանք լինելու է, կարող է ընդհանրապես գումար չծախսեր բանակի վրա՝ մտածելով, որ միևնույն է՝ անհնար է պատերազմի գնալ։


Իոաննիսյանը չի կարծում, թե Ռուսաստանը մոտ ապագայում կվերականգնի իր՝ մինչև 2022 թվականը ունեցած հզորությունները։

 

Մանրամասն՝ տեսնայութում

 

Վովա Հակոբյան