Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում հումանիտար ճգնաժամի հետ կապված 2-րդ դիմումը․ Եղիշե Կիրակոսյան
Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ.  այս մասին Երևան-Ստեփանակերտ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ միջազգային դատարանների հետ աշխատանքը սկսվել է դեռ Լաչինի միջանցքը արգելափակելու առաջին օրվանից․ «Առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն էր, որով դատարանը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հիվանդների և անօթևան մնացած անձանց անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության վրա»։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման շարունակական խափանումներ եղան, որը ստիպեց հայկական կողմին հաջորդ քայլը ձեռնարկել և ներկայացնել պահանջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։

2023 թվականի ապրիլ ամսին Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումից հետո տեղադրվեցին բետոնե պատնեշները, որով գրեթե ամբողջությամբ սահմանափակեց շարժը։ Կիրակոսյանի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարան ներկայացվել է երկրորդ դիմումը, որով հայկական կողմը խնդրել է, որպեսզի փետրվարի 22-ի որոշումը ավելի հստակեցվի և նշվի, որ ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի, այդ թվում՝ անցակետերը։ Դատարան ներկայացվել են լրացուցիչ ապացույցներ այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։ Այս շաբաթվա ընթացքում նորից լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք։ Հուսով ենք, որ Արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշումը, որովհետև բավականին ժամանակ անցել է մեր ներկայացրած պահանջից՝ շուտով կլրանա երկու ամիսը»։