Նախկին պատգամավոր «Դերժավայի Արկադ»-ին փոխկապակցված անձանց պատկանող ունեցվածքը ենթակա է բռնագանձման

 ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ «Դերժավայի Արկադի»  և նրան փոխկապակցված մի շարք անձինք՝ զավակները Սուսաննա, Սվետլանա, Ստանիսլավ  Համբարձումյանները, ինչպես նաև Փառանձեմ Խաչատրյանը, Արթուր Մանուկյանը, Արմինե Հովակիմյանը, Սուսաննա Հովակիմյանը, Ստանլիսլավ Հովակիմյանը, Իննա Բեգլարյանը փետրվարի 3-ին հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Сivic.am-ը վերոհիշյալ անձանց ուղարկված ծանուցագրերից տեղեկացավ, որ բացի Արկադի Համբարձումյանից, մնացած բոլորին սեփականության իրավունքով պատկանող գույքերը ենթակա են բռնագանձման։

 

Նշենք, որ «Դերժավա-Ս» և «Սլավգրուպ» ՓԲ ընկերությունների բաժնետեր Արկադի Համբարձումյանին Սերժ Սարգսյանը  ժամանակին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

 

Նշենք, որ «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի բաժնետերերից մեկը Արկադի Համբարձումյանն է (2019-ից), մյուսը Ստանիսլավ Հովակիմյանը (2005-ից)։ ( Ա․Համբարձումյանը «Սլավգրուպ»-ի  բաժնետեր է դարձել 2019-ից, մյուս բաժնետերն էլ  Արմինե Հովակիմյանն է՝ 1998-ից)։

 

 Հակակոռուպցիոն կոմիտեն, հիշեցնենք, 2022-ին քրեական գործ էր հարուցել մեղադրանք է առաջադրվել ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքը չհայտարարագրելու և 211 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ Համբարձումյանը, 2003թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը զբաղեցնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը և լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող, 2017 և 2018 թվականներին գնված` թանկարժեք իր հանդիսացող վերոհիշյալ կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը: