ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա սփյուռքից. վարչապետ

Սփյուռքը կմնա, հայ կմնա նա, ով ՀՀ–ն կհամարի իր հայրենիքը:


Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Իրական Հայաստանի, իր մոտեցումների և վերջին շրջանում արված բազմաթիվ հայտարարությունների մասին:


«Իրական Հայաստանի տեսանկյունից սփյուռքահայը հայ ազգի մասն է: Հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ–ում, և հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան Հայաստանից դուրս: Իմ ընկալմամբ՝ նրանք, ովքեր էթնիկ հայ են, սակայն չունեն Հայաստանի քաղաքացիություն, սփյուռք են»,- ասել է վարչապետը:


Նա նկատել է՝ 21–րդ դարում մարդը կարող է 2 ամիս ապրել, օրինակ, Շվեյցարիայում, 3 ամիս՝ ԱՄՆ–ում, 3 ամիս՝ Հայաստանում, և այսպես շարունակ: Ըստ Փաշինյանի՝ միջնաժակետում ազգությունն ու քաղաքացիությունն ավելի շատ են իրար հետ կապվելու:


Ըստ վարչապետի, շատ է խոսվում Հայաստանից արտագաղթի մասին, սակայն չի խոսվում սփյուռքից «արտագաղթի» մասին:


«Սփյուռքից ավելի մեծ «արտագաղթ» կա ու միշտ եղել է, քան ՀՀ–ից: Սփյուռքից «արտագաղթն» այն է, երբ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, չի կարդում, հայկական ավանդույթով չի ապրում, մի X պահի թեկուզ ազգանունը պահում է, սակայն ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ. դա արտագաղթ է: ՀՀ–ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ «արտագաղթը» կա սփյուռքից»,- ասել է Փաշինյանը:


Օրինակ, ըստ վարչապետի, 50 տարի առաջ սփյուռքի 90 տոկոսը ազգային կազմակերպություններից որևէ մեկի հետ աֆիլացված էր՝ կլինեն կուսակցությունները, թե Հայ առաքելական եկեղեցին և այլ կազմակերպություններ:


«Այսօր սփյուռքի 90 տոկոսն այդ կազմակերպություններից որևէ մեկի հետ կապված չէ: Ես հետազոտություն չեմ արել, կարող է լինել 80 տոկոսը: Բայց մոտավոր պատկերացումը սա է: Մենք այսօր սփյուռքը կորցնում ենք: Եվ սփյուռքը փրկելու միակ տարբերակը Հայաստանի Հանրապետությունն է և մարդու ասոցացումը Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես հայրենիքի, հակառակ դեպքում՝ մենք սփյուռք չենք ունենա»,- նշել է նա՝ հավելելով՝ սփյուռք կմնա, հայ կմնա նա, ով ՀՀ–ն կհամարի իր հայրենիքը: