ԱԺ
եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումը՝ ԵՄ-ին ՀՀ
անդամակցության գործընթաց սկսելու նախագծի առնչությամբ, վեր հանեց խորհրդարանական
ընդդիմության օրակարգային սնանկությունը, ավելի ստույգ՝ այս ակտուալ ու կարևոր
հարցի վերաբերյալ նոր ասելիքի, նոր դիտարկումների, նոր առաջարկների բացակայությունը։
Իսկ որ ՀՀ ներքաղաքական կյանքի առաջիկա
քննարկումները, գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ մրցակցությունն
ու բանավեճը ծավալվելու են հենց այդ
օրակարգի շուրջ, կարծես, շատերի համար է հասկանալի։ Այդ թվում՝ ռադիկալ ընդդիմության, որը, հասկանալով, որ ի վիճակի
չի լինելու տորպեդահարել հանրային աջակցություն վայելող («Եվրաքվե»-ին միացած
ավելի քան 50 հազար քաղաքացիների ստորագրություններն այդ մասին են վկայում) այս
օրակարգի ի կատար ածումը, զբաղված է այս պահին
ձեռքից եկող միակ բանով՝ հարցը դելեգիտիմացնելով,
գործընթացը նսեմացնելով, դրա վտանգների ու «կործանարար հետևանքների» մասին վախեր գեներացնելով։
Քննարկմանը մասնակցող «Հայաստան» խմբակցության պատգամավորներ,
հիշյալ հանձնաժողովի անդամներ Արմեն Գևորգյանն ու Էլինար Վարդանյանը, նկատենք, անթաքույց
հեգնանքով էին խոսում ԵՄ-ին անդամակցության գործընթացի հեռանկարի մասին, խորանում
տեխնիկական անկարևոր նյուանսների մեջ՝ վերարտադրելով օվերչուկյան-լավրովյան հայտնի
նարատիվները, թե՝ դուք էդ ինչքա՞ն եք ռիսկովացել, որ ԵՄ-ին անդամակցելու մասին եք
խոսում՝ լինելով ԵԱՏՄ-ում, որ՝ ԵՄ-ում մեզ ոչ ոք չի սպասում, ավելին՝ ԵՄ-ի պաշտոնյաները
մեզ կուլիսներում «լաբավոյ» ասում են, որ մոռանանք «տնտեսական պրեֆերենցիաներ» ստանալու մասին քանի
դեռ ԵԱՏՄ-ում ենք, և իհարկե ամենասարսափեցնող նարատիվը՝ բա որ հանկարծ ԵԱՏՄ-ն (ընդդիմության
ընկալմամբ՝ ՌԴ-ն) ջղայնանա, բռնի ու ՀՀ-ի համար պրոբլեմ ստեղծի...
«Մենք հասկանում ե՞նք, թե, պայմանականորեն ասած,
աշխարհաքաղաքական-տնտեսական իմաստով փորձության մեջ ենք հայտնվելու առաջիկա տարիների
ընթացքում, երբ որ ունենում ենք ընդունված այս օրենքը և մոտարկում ենք ԵՄ-ին և շարունակում
ենք ԵԱՏՄ անդամ լինել՝ ենթադրելով, որ ԵԱՏՄ-ն մեծահոգաբար հանդուրժող ա լինելու
մեր այդ ձգտումներին»,-«ահազդ» հնչեցրեց հանձնաժողովական
Արմեն Գևորգյանը։ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման
Եղոյանն էլ փորձեց հստակեցնել՝ չլինի՞ թե Գևորգյանը ԵԱՏՄ ասելով նկատի ունի... Ռուսաստանը։ Երբ Գևորգյանը հստակեցրեց՝ «ոչ, ԵԱՏՄ»-ն,
Եղոյանը բացատրեց, որ հիշյալ կառույցը վերպետական կառույց է, որտեղ
որոշումները կայացվում են համապատասխան մարմիններում կոնսենսուսով, և չունի
«հանդուրժող» լինել-չլինելու ինստիտուտ։ «Այսինքն՝ եթե դուք նկատի ունեք, որ
ԵԱՏՄ-ն ուզենա, պայմանական ասած, խնդիրներ
ստեղծել Հայաստանի համար, որովհետև ՀՀ-ն ձգտում ա անդամակցել ԵՄ-ին, և ՀՀ-ն
այնտեղ «վետո» է դնելու, դրանից էլ մեր տնտեսական հնարավորությունները,
բարգավաճումը մեծանալո՞ւ են, նու, ես բոլորիս շնորհավորում եմ»,- կիսաժպիտը դեմքին
հեգնեց Գևորգյանը, որը, հիշեցնենք, երբ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի օրոք ԵԱՏՄ-ին միանալու
որոշում կայացրեց, զբաղեցնում էր ՀՀ փոխվարչապետի
պաշտոնը։
Պարոն
Գևորգյանի խոսքում, ի դեպ, ականջ ծակեց այն արատավոր պրակտիկան, այն «մոդելը»,
որով առաջնորդվում էր ՀՀ-ում կառավարող
նախկին ռեժիմը իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները որոշելիս։ Այդ
մոդելի հիմքում վախն էր ռազմավարական դաշնակցի հանդեպ, վերջինիս վերաբերմունքից
ունեցած ահռելի, վտանգավոր կախվածությունը, որոնք արգելափակում էին ՀՀ-ի ռազմավարական շրջադարձերը «բա որ հանկարծ Ռուսաստանի դուրը չգա...» ոճի հիմնավորումներով։
Այդ կարծրատիպից, ինչպես երևում է, նախկին
իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած
ընդդիմադիր պատգամավորը չի ձերբազատվել և գործող իշխանության որոշումներն
էլ փորձում է տեղավորել ու կաշկանդել իր սերտած այդ պրակտիկային հղում անելով, թե՝
«բա որ հանկարծ ԵԱՏՄ-ն...»։
Ի
դեպ, Արմեն Գևորգյանը փորձում էր ԵՄ-ին անդամակցելու գործընթացի (իր
պատկերացրած) վտանգներով ուղեկցվելիք մշուշոտ
ապագան փաստարկել վերջերս «Արմենպրես»-ում հրապարակված մի
հարցազրույցից մեջբերում անելով՝ հորդորելով այն չկարդացած ներկաներին կարդալ, այսպիսով վերջին ճիգը
փորձելով գործի դնել՝ համոզելու՝ ԵՄ-ին անդամակցության «քարը փեշներիցդ թափեք»։ Արդ, անդրադառնանք այդ հարցազրույցին,
բայց ոչ միայն Գևորգյանին դուր եկած շեշտադրումներին։ Խոսքը Եվրոպական խորհրդարանի ամենամեծ ֆրակցիայի՝ EPP-ի
ղեկավարի տեղակալ, Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա
Գզավիյե Բելյամի հարցազրույցի մասին է։ Ի պատասխան հարցի՝ որքանով եք Դուք իրատեսական համարում
ԵՄ-ի դրական դիրքորոշումը Հայաստանի անդամակցության կամ, ավելի ճիշտ, թեկնածության
վերաբերյալ՝ ֆրանսիացի պատգամավորը մի քանի դիտարկում է հայտնում։ «2020 թվականին, երբ խոսում էի
Հայաստանի մասին, ինձ միշտ պատասխանում էին, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի
ճամբարում, և, հետևաբար, որևէ կապի հույս աշխարհի արևմտյան մասի հետ չկար։ Այսօր
մենք տեսնում ենք այս առումով ամբողջովին նոր մի ընտրություն, որի կարևորությունը
պետք է ընդգծել։ Երկար տարիներ ես քննարկում եմ այս հարցը հայերի, քաղաքական
գործիչների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչների հետ։ Երկու տարի առաջ հնարավորություն ունեցա
Բրյուսելում ընդունելու մի խումբ մտավորականների, տնտեսական ոլորտի գործիչների և
լրագրողների՝ Հայաստանի եվրոպական ճանապարհը քննարկելու համար։ Ամենայն հարգանքով,
որ տածում եմ հայ ժողովրդի հանդեպ, անհրաժեշտ է հարցերին մոտենալ անկեղծությամբ։ Առաջին
բանը, որ պետք է ասել հայերին, այն է, որ այսօր Եվրոպայում ընդլայնման գործընթացը
կանգ է առել։ Շատ երկար ժամանակ նոր ընդլայնում տեղի չի ունեցել։ Տարիների
ընթացքում թեկնածու երկրները մնացել են անավարտ գործընթացի մեջ։ Ընդլայնման այս
գործընթացը, իմ կարծիքով, կառուցվածքային առումով ունի բազմաթիվ թերություններ։
Եվրոպացիների կողմից, օրինակ, շատ ակնհայտ խնդիր է այն, որ Թուրքիան այսօր դեռևս
թեկնածու է անդամակցելու համար»,- մասնավորապես հայտարարում է Բելյամին։ Եթե
«Հայաստան» խմբակցության պատգամավորը Եվրոպական խորհրդարանի պատգամավորի
կարծիքը համարում է դոմինանտ այդ
կառույցում և այդ կարծիքին հղում անելով
էլ փորձում է համոզել բոլորիս, թե՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը անբարեհույս է, ապա թերևս ուշադրություն
հրավիրենք EPP-ի խմբակցության ղեկավարի
տեղակալի այլ՝ անչափ կարևոր շեշտադրումների վրա։
Շեշտադրում մեկ՝ ՀՀ-ն այլևս ԵՄ-ում (գոնե EPP-ում) չի ընկալվում որպես
«ռուսական ճամբարում» գտնվող, աշխարհի արևմտյան հատվածի հետ կապվելու առումով
«անհուսալի» վիճակում գտնվող սուբյեկտ։ Այսպիսի կարծրատիպ, այսպիսի՝ պատիվ չբերող
հեղինակություն, ի դեպ, ՀՀ-ն ձեռք է բերել շնորհիվ նաև այն իշխանության, որի մասն
էր նաև ինքը՝ Գևորգյանը, հետևապես ի պաշտոնե կիսում է միջազգային հանրության մոտ
ՀՀ-ի վերաբերյալ այդպիսի մտայնության ձևավորման պատասխանատվությունը։ Այդպիսի մտայնություն ձևավորողները,
փաստորեն, կասկածի տակ դնելով «արևմտյան աշխարհի» հետ կապվելու ՀՀ քաղաքացիների
որոշումն ու կառավարող ուժի հանձնառությունը, այժմ էլ փորձում են ձեռքներից եկածն
անել, որպեսզի պարոն Բելյամին և մյուս
խորհրդարանականները ստիպված լինեն վերանայել իրենց վերանայած կարծիքը։ Այն է՝ շարունակեն մեզ
դիտարկել որպես միջազգային մեկուսացման մեջ գտնվող ՌԴ-ի «ճամբարական»։
Ու քանի որ առիթ է ընձեռվել վերընթերցելու
հիշյալ «սթափեցնող» հարցազրույցը, ապա
անդրադառնանք դրա մյուս շեշտադրումներին, որոնք ցուցանում
են այն կարևոր ուղղությունները, որոնք շահեկանորեն կարող են մերձեցնել ՀՀ-ն այլևս
«չընդլայնվող» ԵՄ-ին։
Ահա
դրանք. «Ասել, որ
ընդլայնումը մոտ ապագայում չէ, չի նշանակում, որ ոչինչ հնարավոր չէ անել։
Ընդհակառակը, ընդլայնումը սիմվոլիկ հեռանկար է, բայց մենք պետք է կենտրոնանանք
գործնական քայլերի վրա։ Իսկ գործնականում անելիքներ շատ կան։ Ես մտածում եմ,
օրինակ, մի քանի հստակ թեմաների մասին։ Առաջին թեման, որի շուրջ մենք արդեն մեծ
առաջընթաց ենք գրանցել, Հայաստանը դուրս բերելն է Եվրոպական միության ավիացիոն
ոլորտի «սև ցուցակից»։ ԵՄ-ն Հայաստանը դասել էր իր ավիացիոն անվտանգության
ստանդարտներին չհամապատասխանողների շարքին, ինչը մեծ խնդիր էր։ Հիշում եմ, երբ
առաջին անգամ այցելեցի Հայաստան, երիտասարդ գործարարները ինձ բացատրում էին, թե
որքանով է այս իրավիճակը դժվարացնում և թանկացնում արտահանումը Եվրոպական
միություն։ Այսօր նոր տնտեսական հնարավորություններ են բացվում, և անհրաժեշտ է
շարունակել աշխատել նման գործնական հարցերի շուրջ։
Երկրորդ
կետը վիզաների ազատականացումն է։ Այժմ մենք վստահության և ամուր համագործակցության
հարաբերություններ ունենք ՀՀ-ի հետ անվտանգության ոլորտում։ Վերջերս Երևանի
օդանավակայանում տեղի ունեցած դեպքերը (ՌԴ սահմանապահներին «ցտեսություն»
ասելը-խմբ.) ցույց են տալիս, որ մեր անվտանգության ուժերը կարող են արդյունավետ
համագործակցել։ Վիզաների ազատականացումը շատ կարևոր քայլ է մեր երկրների մերձեցման
համար։
Առևտրային
տեսանկյունից մենք ունենք հնարավորություն տեսնելու ՀՀ-ում բացառիկ աճ, ինչպես նաև անհավանականորեն հմուտ
սերունդ՝ հատկապես թվային ոլորտում։ Այս կետերը հսկայական հնարավորություններ են
առաջարկում համագործակցության համար։ Այս ոլորտներում միասին աշխատելը կարող է նաև
ուժեղացնել ընդհանուր անվտանգությունը, քանի որ եթե բազմաթիվ եվրոպական
ընկերություններ տեղակայվեն ՀՀ-ում, դա
լրացուցիչ զսպող ազդեցություն կունենա ապագա հնարավոր հարձակումների վրա»։
Եվրոպական
խորհրդարանի պատգամավորի հաջորդ շեշտադրումը վերաբերում է անվտանգության հարցին,
որը, նրա դիտարկմամբ, «մնում է առանցքային»։
«Երկու հիմնական թեմա մեր ուշադրության կարիքն ունեն։ Նախ՝ եվրոպական առաքելության
պահպանությունը։ Այս առաքելությունը, չնայած բազմաթիվ հարձակումների թիրախ է
դարձել, ապացուցում է իր օգտակարությունը, և դրա գործունեության ժամկետը պետք է
անպայման երկարաձգվի։ Այնուհետև անհրաժեշտ է ուժեղացնել «Եվրոպական խաղաղության
հիմնադրամ»-ի միջոցով աջակցման գործիքը՝ հատկապես զինամթերք, սարքավորումներ,
տրանսպորտային միջոցներ և պաշտպանական գործիքներ տրամադրելով ՀՀ-ի զինված ուժերին։
Սա կուժեղացնի երկրի անվտանգությունը և կարտացոլի Եվրոպայի կարևոր
աշխարհաքաղաքական ընտրությունը»։
Այսպիսով,
ընդլայնումը, ըստ ֆրանսիացի պատգամավորի, «մնում
է կարևոր սիմվոլիկ հեռանկար»։ «Բայց մենք չպետք է մեր բոլոր հույսերը
կենտրոնացնենք այս թեմայի վրա։ Ամենակարևորն այն է, ինչ կարող ենք անել հենց հիմա՝
գործնական և շոշափելի կերպով Հայաստանի և Եվրոպայի միջև կապերն ամրապնդելու համար»։
Պարզ,
առարկայական և իրագործելի։ Հընթացս
հիշեցնենք, որ դեռ 2023 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կանգ առած
ընդլայնմամբ ԵՄ»-ի հետ ՀՀ հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում հայտարարել էր՝ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը,
այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»։
Հ.
Մանուկյան