«Գետինը չես մտնու՞մ արա՛, ամոթ չես անու՞մ, էս ի՞նչ ձևի ցուցմունքներ ես տալիս»
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի շարունակվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում կատարված չարաշահումներին: Գործով ամբաստանյալի աթոռին էին հայտնվել 5 անձ՝ այդ թվում Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։ Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են:
Այսօրվա նիստում շարունակվեց ամբաստանյալների հարցաքննությունը։ Հարցաքննվեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ նշելով, որ 2013 թվականին մասնակցել է կառավարության կողմից՝ ի դեմս Գյուղատնտեսության նախարարության, հայտարարված ծրագրին։
Բեգլարյանը նշեց, որ իր հիշելով Գյուղնախարարությունը հարցումներ է արել տարբեր ընկերությունների՝ այդ թվում իրենց, թե ո՞ր կազմակերպությունը ինչ գնով կարող է մատակարարել դիզվառելիք։ «Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է մեզ հաղթող, և մենք սկսել ենք մեր գործունեությունը», - ասաց Բեգլարյանն ու ավելացրեց, որ այդ ժամանակ շուկայում ընդամենը 2 խոշոր ընկերություն կար, որ կարող էր նման ծավալի մատակարարումներ անել, որոնցից մեկը իր կազմակերպությունն էր, մյուսը՝ «Սի փի էս»-ը, մի ընկերություն էլ՝ մասնակի։
Բեգլարյանը՝ ի պատասխան մեղադրող դատախազի հարցի նշեց, ծրագրի մասնակցության մասին 2012-ին իմացել է, սակայն մանրամասներին՝ թե ինչ գնով են հաղթել, ովքեր են եղել այլ մասնակիցները, ըստ էության, չի տիրապետել․ այդ աշխատանքներով զբաղվել է ընկերության գործադիր տնօրենը։
Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ Սերգո Կարապետյանին շատ վաղուց է ճանաչել, սակայն այդ ծրագրի հետ կապված նախկին գյուղնախարարի հետ չի զրուցել, չի հանդիպել։
«Ֆլեշ» ընկերության սեփականատերը հայտնեց նաև, որ այս քրեական գործի հարուցումից հետո իրեն է զանգել Սերգո Կարապետյանը, սակայն ինքը՝ Բեգլարյանը, գտնվելիս է եղել Քննչական կոմիտեում, հեռախոսազանգին չի կարողացել պատասխանել, ապա հետ է զանգել, պայմանավորվել են հանդիպել։ Ըստ Բեգլարյանի, Կարապետյանը հայտնել է իրեն, որ քրեական գործ է հարուցվել, իրեն էլ կանչել են քննչական։ Ապա Բարսեղ Բեգլարյանը ներկայացրեց իր և Սերգո Կարապետյանի երկխոսությունը․
Սերգո Կարապետյան - Եկել եմ ձեզ ասեմ, որ ձեր գլխի ճարը տեսեք։
Բարսեղ Բեգլարյան - Ի՞նչ գլխի ճար, Սերգեյ, էս հաթաթա ես տալի՞ս, ուլտիմատում ես ներկայացնո՞ւմ։ Սերգեյ, ես քեզ մարդկային ասում եմ, եթե դու ուզում ես թշնամություն, ես ամբողջովին դեմ եմ, իսկ եթե մտքիդ դրել ես գնաս ինչ-որ մի բան ասես, դա քո պրոբլեմն ա։
Դատախազի հարցին, թե ինչու է Սերգո Կարապետյանը եկել Բարսեղ Բեգլարյանի մոտ, Բեգլարյանն ասաց․ «էն ժամանակ չգիտեի, բայց հիմա ենթադրում եմ, որ ինքը նույնիսկ ինձ ուզում էր հեռախոսով զապիս աներ՝ տեսնի ես ինչ կխոսամ, ինչ չեմ խոսա, որովհետև Սերգոյի այն ցուցմունքը, որ տրվել ա, կներեք․․․ լավ խոսք կա՝ «Մարդկանց հետևից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ»։ Ես Սերգոյին գիտեի էդ ժամանակ որպես նորմալ մարդ, հետո եմ ենթադրել, որ նման բան կա, բայց չեմ կարող ասել, քավ լիցի, չեմ կարող բան ասել»։
Ըստ Բեգլարյանի, այդ հանդիպումից հետո Սերգո Կարապետյանին ևս մեկ անգամ է հանդիպել՝ արդեն դատարանում։
Ծրագրի մասին այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հետ նույնպես, ըստ Բեգլարյանի, չի հանդիպել, ոչինչ չի քննարկել։
Ի պատասխան Սերժ Սարգսյանի պաշտպանի հարցի, թե 420 դրամով այդ ժամանակ դիզվառելիք մատակարարելը իրատեսական էր, Բեգլարյանը բացասական պատասխան տվեց։
Բարսեղ Բեգլարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սերգո Կարապետյանը 2 ցուցմունք է տվել․ «Առաջին ցուցմունքում ինքը ամեն ինչ բացատրել ա, էն, ինչ իրականում եղել ա, երկրորդը՝ հանկարծ 180 աստիճանով շուռ ա տված։ Նաև քաղաքը շատ փոքր քաղաք ա։ Բոլորս գիտենք՝ ով ինչ ա շնչում։ Ամենայն հավանականությամբ, սա վերսիա, դուք էլ կարաք էդ վերսիան հաշվեք, ուրեմն Սերգոյին կանչել են, վախեցրել են, հաթաթա են տվել, բիզնես աշխարհի մարդ ա եղել, էդքան տարիների նախարար ա եղել, ասել են՝ եթե չգնաս, ցուցմունք չտաս, ապա, կներեք, վիզդ կպոկենք վրիցդ։ Եվ Սերգո Կարապետյանը լինելով զգուշավոր, չեմ ուզում ասել վախկոտ մարդ, ինչքան ինքն իր մաշկը փրկելու խնդիր ունի, բնականաբար, չի եկել հուշի, օգնի ինձ, թե գիտե՞ս սենց, սենց և այլն, դրա համար էդ կասկածանքը կա, որ եկել ա ինձ զապիս անի, ինչ որ մի բան գտնի․․․ անկեղծորեն պիտի ասեմ՝ առերեսման ժամանակ ես ափերից դուրս եմ եկել, վեր եմ կացել ինչ ասես երեսին ասել եմ՝ «գետինը չես մտնու՞մ արա, ամոթ չես անու՞մ, էս ի՞նչ ձևի ցուցմունքներ ես տալիս»։ «Ես պնդում եմ իմ ցուցմունքը, ես պնդում եմ իմ ցուցմունքը»՝ ասում էր։ Էնքան կուզեի սաղ լիներ, նայեի աչքերի մեջ ասեի՝ Սերգո ջան, հասկանում եմ, որ քեզ վախեցրել են, վախն էլ է մարդու համար։ Մի հատ հիշեք 13 թվականը՝ Բարսեղ Բեգլարյանը ով էր, ինչ էր։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էլ եմ մոտիկ եղել, Քոչարյանի հետ էլ, Սերժ Սարգսյանի հետ էլ։ Իրանք, կներեք, մաղարիչ էին անում, որ ինձ բարև տային․․․»։
Բարսեղ Բեգլարյանի հարցաքննությունից հետո նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստի ընթացքում կշարունակվի մյուս ամբաստանյալների հարցաքննությունը։
Վովա Հակոբյան