Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը՝ Նարենդրա Մոդիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.


«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ:


Պատմական այս օրն անկյունաքարային նշանակություն ունի Հնդկաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես անկախության հիմնարար արժեքների և սկզբունքների ամրագրման կարևոր հանգրվան:


Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա:


Վստահ եմ, որ երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կնպաստեն փոխգործակցության նոր հորիզոնների և ուղղությունների բացահայտմանը:


Վերահաստատելով մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման անսասան հանձնառությունը՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի միջոցով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին շարունակական առաջընթաց, խաղաղություն և բարօրություն»: