Վարչապետի խոսքը հրաժարման մասին չէ. հասցեատերը մենք չենք, վտանգի կառավարման խնդիր է լուծում

Ինչո՞ւ հանկարծ վարչապետը այսպիսի հիպերակտիվության փուլում (ամենօրյա գրառումներ սոցցանցերում, ուղիղ եթերներ ու պոդքասթեր) «բացառիկ հարցազրույցի» կարիք զգաց:


Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ի՞նչ տարածաշրջանային կոնտեքստում են արվել վարչապետի վերջին  հայտարարությունները։ Այս հարցերի մասին Civic.am-ի եթերում զրուցել ենք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։


 

«Թուրքիա-Ադրբեջան ինտենսիվ ռազմաքաղաքական հաղորդակցություն և զորավարժություններ, Ալիևի տարեմուտյան «վերջնագրային հարցազրույց», Ռուսաստանից ու Բելառուսի շուրթերով սպառնալից հայտարարություններ Հայաստանի կործանման թեմաներով, ԱՄՆ նոր վարչակազմի առաջին իսկ հաղորդակցություն Անկարայի հետ Հայաստանի հետ սահմանի բացման թեմայով, Անկարայի ու Բաքվի միջև տարբերվող «օրակարգ» ձևավորելու հնարավորություն և այլն. այս ամբողջը բացարձակ այլ պատկեր է բացում ու հայտարարությունների արտաքին լսարան ձևավորում»,- ասաց Սաֆարյանը։


 

Ըստ այդմ՝ ի՞նչ է ուզում ասել Հայաստանը Ռուսաստանին, Թուրքիային ու ինչպե՞ս է փորձում «դյուրացնել» Հայաստանն ապաշրջափակելու ու դեպի ծով մուտք ապահովելու ամերիկյան նախաձեռնությունը, որը, ըստ Սաֆարյանի,  պարտավորության ու ընդհանուր նպատակի տեսքով ամրագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ։


 

Քաղաքագետը ընդհանրություններ է տեսնում մեկ տարի առաջ վարչապետի՝ Հանրային ռադիոյին տված բացառիկ հարցազրույցի ու այս վերջին հարցազրույցների միջև։ Ըստ նրա՝ Հայաստանը փորձում է իրականացնել վտանգի (լայնամասշտաբ կամ լոկալ պատերազմի) կառավարում, որն անում էր անցած գարնանը ու ակնհայտորեն պարտադրված է անել նաև այս գարնանը...


 

Սաֆարյանը զուգահեռներ անցկացրեց նաև Արցախյան առաջին պատերազմի շրջանում Տեր-Պետրոսյանի իրականացրած դեմիջ-քընթրոլի (վտանգի կառավարման) ու այժմ Փաշինյանի կողմից իրականացվող դեմիջ-քընթրոլի միջև...


 

Միաժամանակ՝ Սաֆարյանը ռիսկեր է տեսնում, որ  կարճաժամկետ խնդիրներ լուծելու պարագայում կարող են երկարաժամկետ ռիսկեր առաջանալ, եթե խոսույթը ճիշտ, գիտականորեն հիմնավորված, նարատիվները ճիշտ մշակված չլինեն։


 

«Այս բոլոր հարցադրումները բացարձակ փոխում են վարչապետի հայտարարությունների հետապնդած նպատակները, ու դրանից բխող հետևությունն ամենևին այն չէ, որ իշխանությունը պատրաստվում է այս անգամ էլ հանուն Թուրքիայի «կեղծել պատմությունը» ու բավարարել թուրքական նախապայմանները...

Ոչ մի վարչապետ կամ իշխանություն՝ սուպերլեգիտիմ կամ ոչ լեգիտիմ, չի կարող որևէ ձևով հասարակությանը պարտադրել մոռանալ նման արհավիրքը՝ Ցեղասպանություն, թե այլ բան, ու չեմ կարծում, թե այս իշխանությունը այդքան ռոմանտիկ է ու ինքնավստահ։ Բայց իշխանությունը կարող է ու պարտավոր է, այո, վերաիմաստավորել մեզ հետ կատարվածը, քանի որ Ցեղասպանությունները կամ պատերազմները չեն հրահրվում սոսկ մեկ գործոնով, ու դրանց կանխարգելման համար պարտավոր են ապահովել դրանց հնարավոր անաչառ ու բազմագործոնային հետաքննություն՝ ապագայում նման «վթարներից» խուսափելու համար»,- ասաց Սաֆարյանը։

 

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան