Փաշինյանին «ուրացման» մեջ մեղադրողները արժեզրկել են մեր ցավն ու ստացել Ցեղասպանությունը կասկածի տակ դնող «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկ

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ  ուրացել է Հայոց ցեղասպանությունը, կասկածի տակ դրել մեր անքննելի ցավն ու վիշտը, մեր մեկուկես միլիոն անմեղ զոհերի արյունը, և ուրեմն՝ ուրացողի, մոռացողի, կասկածի տակ դնողի...»։


Ֆեյսբուքյան «ցեղասպանագետները» ու «ցեղասպանատերերը» (տեր կանգնելու իմաստով) ահա այսպես են արձագանքել ՀՀ վարչապետի՝ օրերս շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած ընդհանրական, հպանցիկ դիտարկմանը, թե պետք է անդրադառնալ Ցեղասպանության հարցին՝ դրա արծարծման շահադիտությանը. «Մենք պետք է մեր ճշմարտություններին վերադառնանք: Էն, ինչ որ մենք համարում ենք ճշմարտություն, դա ճշմարտությո՞ւն է, թե՞ չէ: Մեր ինքնության ամենակարևոր մասն է։ Մենք Ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք: Պետք է հասկանանք. լավ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել: Եվ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել: Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Ո՞նց է եղել դա, մենք պե՞տք է հասկանանք: Էս թեմաների հետ պե՞տք է հարաբերվել: Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ մենք մեր ինքնությունը չենք կառավարում: Ստեղ են հարցերը: Ընդ որում, սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք»:



Նիկոլ Փաշինյանի այս առաջարկին՝  «հասկանանք, որ խնդիրները լուծենք», հաջորդած ռեակցիան և մասնավորապես ֆեյսբուքյան «սռաչ»-ը, անկեղծ ասած, սպասելի էր։ Սպասելի էր, ցավալիորեն այն իմաստով, որ այն հերթական անգամ չարդարացրեց ասվածի բովանդակային խորքի մեջ խորամուխ լինելու և դրա փակագծերը հնարավորինս լայն բացելու սպասումն ու ակնկալիքը։  Որևէ անցանկալի թեմա փակելու ամենահեշտ ճանապարհը դրա շուրջ բանավեճ ծավալելու մթնոլորտը պղտորելն է, թեման բացողին «ուրացման»,  «դավաճանության», «սրբությունները կասկածի տակ դնելու» մեջ մեղադրելը։ Վերջ։


Ի դեպ, Ցեղասպանության թեման առաջին անգամ չէ, որ շահարկվել է ներքաղաքական նպատակներով, և առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարող թիմը մեղադրվել են այն ուրանալու, «թուրքի առաջ կզելու» մեջ։ Այդ մեղադրանքների «ուխտը չոքել է» նաև այն ռեժիմի դռանը՝ Սերժ Սարգսյանի, որի օրոք տրվեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը։ «Դավաճան ու թուրքերի հետ քիրվայության կողմնակից»  լինելու մեջ է մեղադրվել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը...


Զավեշտալին այն է, որ Փաշինյանի վերոհիշյալ հպանցիկ դիտարկման մեջ ուրացում է հայտնաբերել դիվանագիտական ահռելի ստաժով մի պերսոն՝ Վարդան Օսկանյանը, որը, նկատենք, շարքային ծանծաղամիտ ստատուսչի չէ, որ «հոսանքի տակ ընկնելով» մեղադրանքների շարան ուղղեր թիրախին, այլ մեկը, որը իր օպոնենտի խոսքից ինչ-որ եզրակացություն բխեցնելու համար պետք է կշռեր վերջինիս գործածած ամեն բառն ու կապակցությունը, անգամ դրանց արտաբերման հնչերանգը, համատեքստն ու թեման արծարծելու պատեհությունը և այն ենթադրյալ հասցեատերերին, որոնց ուղղված է այս կամ այն տեքստի «մեսիջը»։ Արդ,  Օսկանյանը ֆեյսբուքյան մի «Դավաճանություն, որը չի կարող ներվել ու անտեսվել» վերնագրով զրպարտագիր է երկնել՝  Փաշինյանի խոսքից բխեցնելով՝ «նման հռետորաբանությունն ավելին է, քան պատմական ռևիզիոնիզմը. այն բարոյական հրաժարում է», «հրապարակայնորեն նվազեցնել ցեղասպանությունը նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը, և ճեղքել հայ ազգի միասնությունը»: «Սա դավաճանություն է, որը չի կարող ներվել կամ անտեսվել»: 10 տարի ԱԳ նախարար աշխատած անձն այնուհետ՝ իր երկնած մեղադրական «տրակտատ»-ի վերջին ակորդում, բացահայտել է իրեն տանջող փորացավը. «Ընդունելով ժխտման լեզուն՝ Նիկոլ Փաշինյանը կորցրել է՝ կրկին անգամ՝ Հայաստանը ղեկավարելու իր բարոյական իրավունքը: Նրա խոսքերը ոչ միայն անձնական ձախողում են, այլև վտանգավոր վիրավորանք են ճշմարտության, զոհերի հիշատակի և հայ ազգի ամբողջականության հանդեպ: Հայաստանը արժանի է առաջնորդի, ով կպաշտպանի իր ժողովրդի արժանապատվությունն ու պատմությունը և ոչ թե կասկածի տակ կդնի այն»: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինչի մասին ուզում է խոսել Փաշինյանը, ինչ համատեքստում ուզում է արծարծել որևէ թեմա, Օսկանյանի պես «խորաթափանց հավատաքննիչները» թեման տանում, հանգեցնում են «Փաշինյանը պետք է հրաժարական տա»-ին։  Նրանց, կարծես, չի հուզում բանավեճի առարկան, այլ այն, թե ինչպես կարելի է ցանկացած թեմայից իշխանափոխության պատրվակ գեներացնել՝ հավակնելով «ժողովրդի արժանապատվությունն ու պատմությունը» պաշտպանողի պաշտոնին։  Հարց է ծագում՝ այսօր դավաճանության և ուրացման մեջ մեղադրող Օսկանյանն աշխատելով  Քոչարյանի կառավարությունում՝ արդյոք կարողացե՞լ է «հրապարակայնորեն» ծանրակշիռ դարձնել Ցեղասպանության հարցը,  ուժեղացնել  Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, հիասթափեցնել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը և անճեղքելի դարձնել հայ ազգի միասնությունը։ Մինչև 1998 թվականը Հայոց ցեղասպանության  հարցը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքարը չէր, նախորդ իշխանությունն էլ, ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել էր ՀՀ առաջին նախագահը, ՄԱԿ-ի ամբիոնից դատարկ ելույթներ չէին ունենում՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Դա ելույթի խնդիր չէր, ՄԱԿ-ն ունի հարց բարձրացնելու արարողակարգ, ՀՀ-ն ՄԱԿ-ի լիարժեք անդամ էր, ցանկացած հարց պաշտոնապես մշակված, փաստաթղթավորված նա կարող է ներկայացնել ՄԱԿ, և ՄԱԿ-ը իրավունք չունի չքննարկելու այդ արտահերթ հարցը։ Ուրեմն դա ի՞նչ էր, դա տղայություն էր, որ ցույց տա՝ տեսեք, ինչ քաջ եմ, ինչ հերոս եմ։ ...Եվ ի՞նչ, էդ տղայության գինը ինչ եղավ, էդ տղայության գինը եղավ հայ և թուրք պատմաբանների ստեղծումը, թուրքերն ասացին՝ շատ լավ, դուք բարձրացնում եք էդ հարցը, դե հիմա եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք, տեսնենք՝ էդպիսի բան եղե՞լ է, թե՞ չէ։ Ինչու մեզ չէին ասում, հիմք չունեին ասելու։ Եթե ասեին էլ, ես կասեի՝ էդ ինչ եք ասում, մենք էդ հարցը բարձրացրե՞լ ենք, սփյո՞ւռքն է բարձրացնում, գնացեք, սփյուռքի հետ խոսեք։ Եվ ընդհանրապես Հայաստանը՝ սա էլ երկրորդ սխալն էր, որպես պետություն չպետք է մասնակցեր այդ գործընթացին, դրանով միայն վնասեց, սփյուռքահայերի իսկապես արդար, քաղաքացիական պահանջը վերածեց արդեն միջպետական քաղաքականության խնդրի և, փաստորեն, գեոպոլիտիկ շահերի առարկա դարձրեց։ Մեր ժամանակ էլ են շատ երկրներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց մեր պահանջով չեն ճանաչել։ Ոչ մի երկիր ՀՀ պահանջով Ցեղասպանություն չի ճանաչել և չի ճանաչի։ Նա կարող է ճանաչել երկու հանգամանքով՝ մեկ՝ եթե այդ երկրում կա ուժեղ հայկական համայնք, և այն պրոբլեմ է ստեղծում իր իշխանությունների համար, մանավանդ ընտրությունների հետ կապված, և նրանք ընդառաջում են։  Երկրորդ՝ եթե աշխարհաքաղաքական իրենց նկատառումներով դա իրենց պետք է, ձեռնտու է։ Այո, իրենց նկատառումներով էլ կան, որ ճանաչումներ են եղել։ Դա ո՞րն է, որպեսզի թույլ չտան, որ Թուրքիան մտնի ԵՄ։ Ֆրանսիայում եթե անգամ համայնքը չլիներ, էլի էդ նույն նկատառումով, քանի որ Ֆրանսիան էլ շատ դեմ է Թուրքիայի ԵՄ անդամագրմանը, նույն նկատառումով էլի կճանաչեր Հայոց ցեղասպանությունը։ Այնպես որ բոլորովին անիմաստ էր դառնալ խաղալիք։ Հիմա խոսվում է հայ-թուրքական կարգավորման մասին, դա անհրաժեշտություն է, եթե ՀՀ-ն նորմալ, անվտանգ, ապահով երկիր պետք է դառնա, պիտի իր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրի»։ 2009-ի մայիսին էլ ՀԱԿ հանրահավաքներից մեկի ժամանակ իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Օսկանյանին, Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին մեղադրեց «Ցեղասպանության սուրբ գաղափարը» «բառացիորեն պղծելու», այն  «քաղաքական աճուրդի ու սակարկության առարկա» դարձնելու մեջ։ «Եվ  դա ոչ թե պետական կամ ազգային վեհ նպատակների, այլ բացառապես Սփյուռքին հաճոյանալու և ներքաղաքական դիվիդենդներ ստանալու մանրախնդիր նկատառումով»,- նշել էր առաջին նախագահը՝  առաջարկելով հետևել նրանց վարած «միանգամայն սնանկ ու վնասակար քաղաքականության էվոլյուցիային»։ Ըստ այդմ. «Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազգային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։  Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանական հիմք հոխորտանքով դրվեց նաև Թուրքիայի առջև։ Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը և Օսկանյանը ի վերջո համոզվեցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերադարձան իրենց կողմից ժամանակին դավաճանական հայտարարված՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքին՝ ակամա բացահայտելով Հայաստանի թուլությունը և Թուրքիային հիմք տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը։  Թե՛ այս օբյեկտիվ պատճառով և թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծման նկատառումով Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել Ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ և թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից տարիներ առաջ արված համարյա մոռացված առաջարկին»։ Ավելի պերճախոս գնահատական նախկին ռեժիմի կողմից Ցեղասպանության «չուրացման» վերաբերյալ թերևս դժվար է գտնել, որը կարելի է այսպես բանաձևել՝ ուզում էին «ունքը շինել, բայց աչքն էլ հետը հանեցին»։ 


 

Փաշինյանը «փակագծերը բացել էր»  ամիսներ առաջ՝ դասախոսության տեսքով


 

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել է նախորդ տարի՝ ՔՊ «Ժողովրդավարության դպրոցում» կարդացած ««Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսության ժամանակ։  Այդ դասախոսության ժամանակ  վարչապետը հանգամանորեն բացել է օրերս Շվեյցարիայում արած դիտարկման փակագծերը՝ մասնավորապես նկարագրելով, թե ինչպես են աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները ազդել  մեր՝ հայերիս սոցիալ-հոգեբանության վրա, ինչպես է ԽՍՀՄ-ը մասնավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայկական գործոնը՝ հայ ժողովրդի ողբերգությունը շահադիտորեն  օգտագործել քաղաքական նպատակներով՝ ընդդեմ  Թուրքիայի.  «Հաղթելով Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ լենինյան շրջանի ջերմությունը վերանում է, որովհետև Թուրքիան իր պահվածքով ՌԴ-ում կամ Խորհրդային Միությունում կորցնում է իր երբեմնի ընկալումը, և Երկրորդ համաշխարհայինում հաղթած պետությունը՝ Ստալինի գլխավորությամբ, ինչ հանգամանքների բերումով, ինչ պատճառներով՝ էական չէ... մտածում է, որ պատեհ առիթ է, որպեսզի մեծացնի, բարձրացնի Խորհրդային Միության ամբիցիաները նաև մեր տարածաշրջանում  և ինչ-որ առումով պատերազմի ընթացքում ցուցաբերած ոչ միանշանակ պահվածքի համար պատժել Թուրքիային։ Եվ ստացվում է այնպես, որ Ստալինը կամ Ստալինի գլխավորությամբ խորհրդային կառավարությունը որոշում է կայացնում, որ պետք է Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպի։  Դրա համար, բնականաբար, պետք է հիմնավորում, քանի որ հնարավոր չէ առավոտյան վեր կենալ և ասել՝ ես տարածքային պահանջներ եմ ձևակերպում քո նկատմամբ։ Հասկանալի է, որ այստեղ ամենահարմար տարբերակը և ամենահարմար հանգամանքը հասկանալիորեն հայերի հետ կապված խնդիրներն են։ Եվ Ստալինը (համենայնդեպս արխիվներում այդպես է ձևակերպված) ձևակերպում է «հայկական հողերի» հարցը՝ ասելով, որ Թուրքիան պարտավոր է տարածքներ վերադարձնել։ 


Այս քաղաքականությունը ընդամենը տարածքային պահանջ չէր միայն, և այս համատեքստում է, որ խորհրդային կառավարությունը ձևավորում է հայերի ներգաղթի քաղաքականություն աշխարհի այն երկրներից, որտեղ, բնականաբար, կան հայեր։ ...Տարբեր գնահատականներով 100-150 հազար հայեր տեղափոխվում են Խորհրդային Հայաստան, դրանք հիմնականում այն հայերն են, որոնք Ցեղասպանության՝ Մեծ եղեռնի հետևանքով տարբեր երկրներում էին ապաստանել՝ Լիբանան, Ֆրանսիա, Եգիպտոս և այլն։ Այս կետը նշանավորում է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի հարաբերությունների բավական բարդ մի ժամանակաշրջան։ Եվ ԽՍՀՄ կառավարությունը բնականաբար մտածում էր Թուրքիայի հետ կապված քաղաքականությունը կառուցել և կազմակերպել բազմաշերտ, և այդ կառուցման գործում, ինչպես տեսանք, հայկական գործոնը էն կարևոր թեմաներից էր, որը Խորհրդային Միությունը պիտի օգտագործեր կամ դներ իր ասելիքի լեգիտիմությունը հիմնավորելու համար։ Եվ այդ ժամանակաշրջանից շատ հետաքրքիր պրոցես է տեղի ունեցել ԽՍՀՄ տարածաշրջանային քաղաքականության և Խորհրդային Հայաստանի հարաբերություններում՝ շատ պայմանականորեն կարելի է էդպես ասել, քանի որ Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ մաս էր և ինքնուրույնություն, հասկանալիորեն, չուներ։ Եվ Խորհրդային Հայաստանն ու այդ Հայաստանի սոցիալ-հոգեբանությունը շատ կարևոր է դառնում ԽՍՀՄ-ի համար՝ որպես հենք, որի վրա ԽՍՀՄ-ը կարող էր վարել իր տարածաշրջանային քաղաքականությունը։ Շատ կարևոր է ֆիքսել՝ այն պահից, երբ ԽՍՀՄ-ը որոշակի վերապահումներ է արտահայտում Թուրքիայի նկատմամբ, այդ ժամանակ տեղի է ունենում  Երկրորդ համաշխարհայինում հաղթած մյուս տերության՝  ԱՄՆ-ի հետ Թուրքիայի մերձեցումը»։


 

Հարկ է նշել, որ ցեղասպանագետներից մեկը՝ Սուրեն Մանուկյանը, արձագանքելով Փաշինյանի վերոհիշյալ դիտարկմանը, «Ազատության» հետ զրույցում առաջարկել էր «ավելի շատ կարդալ»։  Մենք էլ վերընթերցեցինք նրա՝ դեռևս 2022-ին հրապարակված «Ցեղասպանությունը՝ որպես ազգային և միջազգային օրակարգի մաս» հոդվածը , որտեղ հեղինակը, ի դեպ, նույնատիպ շեշտադրումով է խոսում Ցեղասպանության հարցի «մոռացման» ու «զարթոնքի» մասին։ «Լռության դավադրությունը

Հետցեղասպանական շրջանում, երբ ստեղծվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և այն դարձավ ԽՍՀՄ-ի մաս, թեման փակի տակ էր։ ԽՍՀՄ ղեկավարները բնավ էլ չէին ցանկանում փոքրիկ Հայաստանի պատճառով սրել առանց այդ էլ ոչ միանշանակ հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ։ Բացի այդ, Մեծ եղեռնի հիշողությունները կապվում էին Էրկրի՝ Արևմտյան Հայաստանի մասին հիշողությունների հետ, մի բան, որ դուրս էր խորհրդային գաղափարախոսական վերահսկողությունից։ Հայրենիքը, պատմական  Հայաստանն արթնացնում էր ազգային, նույնիսկ ազգայնական հույզեր, որը դեմ էր միահարթեցման ուղին բռնած Մոսկվայի քաղաքականությանը։ Ազգայինը թույլատրելի էր միայն այն չափով, որը չէր խանգարում սովետական մարդու՝ Հոմո սովետիկուսի ստեղծմանը։ Այս պայմաններում բազմաթիվ վերապրողներ 1920-30-ականներին ստիպված էին ոչնչացնել հայրենիքից բերված մասունք դարձած պատառիկները՝ նկարներ, նամակներ, գրի առնված հիշողություններ, քանի որ բռնաճնշումների շրջանում դրանք կարող էին ներկայացվել իբրև բուրժուական և ազգայնական ուժերի՝ մասնավորապես Դաշնակցության հետ կապի ապացույց։

Սակայն չպետք է կարծել, որ լռության դավադրությունը պատել էր միայն խորհրդահայ հասարակությանը»։  

Մանուկյանն, այնուհետ, անդրադառնալով հարցի «զարթոնքին», նկատում է. «1965-ին նշվում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, որն ազդարարեց ոչ միայն թեման փականներից հանելու և հանրայնացնելու մի շրջան, այլ նաև հայ ժողովրդի քաղաքական պայքարի սկզբնավորումը։ Ավելին, նոր սերունդը սկսեց քննադատել ավագ սերնդին՝ վերջինիս պասիվ և ձայնազուրկ կեցվածքի համար։ ...ԽՍՀՄ-ում նույնպես հսկայական փոփոխություններ տեղի ունեցան։ Միայն 1965-ին, երբ ամբողջ աշխարհով մեկ հայկական համայնքները նշում էին Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, խորհրդային իշխանությունները հայ գիտամշակութային և կուսակցական վերնախավի նախաձեռնությամբ որոշում կայացրին կառուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։ Իհարկե, այն կապված էր աշխարհաքաղաքական որոշ զարգացումների, այդ թվում նաև Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ, սակայն ժողովրդական ճնշման գործոնը նույնպես չպետք է անտեսել»։

Ցեղասպանագետն այնուհետ արձանագրում է, որ Ցեղասպանության հարցը եղել է և շարունակելու է լինել զենք, գործիք, միջազգային շահարկման թեմա, ընդհուպ մեր՝  ցեղասպանված ժողովրդի կամքից անկախ։



«Որքան սարսափելի էր Հայոց ցեղասպանության ոճիրը, այդքան մեծ է այն միջազգային քաղաքական հետևանքը, որն առաջանում է այդ հարցի արծարծումից: Որքան մեծ էր հանցագործությունը, այնքան զորեղ է զենքը, որ ստացել է միջազգային հանրությունն այն ոճրագործ պետության հանդեպ մշտապես գործածելու համար: Իր ազդեցությամբ և ուժով այն համարժեք է հաճախ միջազգային քաղաքականության այնպիսի մեծ գաղափարական զենքերին, ինչպիսին են, օրինակ՝ Ահաբեկչության դեմ պայքարը, Դեմոկրատիայի տարածումը և այլն: Ավելին, ես կարծում եմ, որ շատ դեպքերում այս թեման ավելի մեծ խաղացող է միջազգային ասպարեզում, քան, ցավոք, Հայաստանի Հանրապետությունը: Եվ այս պարագայում, եթե նույնիսկ մի օր հայկական ինչ-որ կառավարություն որոշի հրաժարվել այս թեմայի բարձրացումից, ապա մեր կարծիքը կարող է նույնիսկ հաշվի չառնվել: Թեմայի միջազգային քաղաքականության սեփականությունը դառնալու մեջ վատ բան չկա: Բոլոր հարցերն էլ օգտագործվում են, բոլոր թեմաներն էլ՝ շահարկվում, հարցն այն է՝ ինչ կարող ենք մենք ստանալ ստեղծված իրավիճակում»: 


 

Սա էլ հո ցեղասպանագե՞տն է ասում, ի՞նչ է, նման սառնասիրտ արձանագրումներ անելով նա է՞լ է կասկածի  տակ դնում կամ ուրանում «գործիք»-ի վերածված հայերի ողբերգությունը։


 

Հ. Մանուկյան