Ավագանու անդամի դեմ քաղհայց է ներկայացվել․ Հայցվորը պահանջում է հերքել զրպարտությունն ու փոխհատուցում վճարել

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ  Մարությանի երբեմնի թիմակից, Երևանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ, իր ոչ ստանդարտ վարքագծով աչքի ընկնող Պեդրո Զարոկյանի դեմ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել, որը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել սթ հունվարի 23-ին։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։

 

Հայցվորը պահանջում է դատարանից «պարտավորեցնել պատասխանող Պեդրո Հադանի Զարոկյանին հրապարակայնորեն հերքել պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում 23122024 թվականին հրապարակված հրապարակման և պատասխանողի ինստագրամ սոցիալական կայքի անձնական էջում 16.12.2024 թվականին հրապարակված տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Նշենք, որ հարցի հիմք հանդիսացած հիշյալ հրապարակման մեջ Զարոկյանը գրել է ««Factory Production» ՍՊԸ-ն, որը 2018-ից իվեր ստացել է 3,279,535,075 դրամ կամ 8,5 միլիոն դոլարի պետական պայմանագրեր գրեթե ամբողջությամբ՝ առանց մրցույթի ուղղակի գնումներով, սերտորեն կապված է Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերոջ և Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանի հետ։ Մինչ թաղապետ դառնալը նա իր մարքեթինգային բիզնեսը որպես հավատարմագրային կառավարման հանձնեց «Factory Production»-ին, որը ապագայում կարող է լեգիտիմացնել պետական տենդերների միլիարդավոր դրամների փոխանցումները։ Ուրիշ ինչո՞ւ հարյուր հազարավոր հնարավորություններից նա ընտրեց մի ընկերություն, որը ներգրավված է գերուռճացված գներով տենդերներ շահելու կոռուպցիոն սխեմաներում: Ահա թե ինչ է իրենից ներկայացնում համակարգային կոռուպցիան»։

 

 Նշենք, որ հայցվորը նաև պատասխանողից պահանջում է  հօգուտ «Ֆակտորի Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես պատասխանողի ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում 23.12.2024թվականին կատարված հրապարակմամբ և ինստագրամ սոցիալական կայքի անձնական էջում հրապարակված տեսանյութով զրպարտության համար նախատեսված փոխհատուցում: