Ադրբեջանին ու Ռուսաստանին խոչընդոտում են ԵՄ դիտորդները։
Դա է պատճառը, որ նրանք դժգոհում են առաքելության երկարաձգման դեմ։ Այս մասին
Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։
Նա նկատեց, որ Ալիևը առաջին անգամ խոսում է Խաղաղության
խաչմերուկից. «Սա նշանակում է, որ «Խաղաղության խաչմերուկի» դիսկուրսը դառնում է դոմինանտ։
Սա նշանակում է, որ միջազգային խաղացողների կողմից կա ընկալում, որ սա շատ կարևոր պրոյեկտ
է՝ խոսքը, բնականաբար, առաջին հերթին արևմտյան դերակատարների մասին է։ Նրանց կողմից
կա ընկալում, որ խոչընդոտ հանդիսացողը Ադրբեջանն է։ Ըստ էության, Ալիևը փորձում է համոզել,
մեսիջ ուղարկել Արևմուտքին, ներքին լսարանին, Հայաստանին, Թուրքիային և Ռուսաստանին»։
Ըստ քաղաքագետի՝ Ալիևը չի կարող խուսափել Խաղաղության
խաչմերուկի դիսկուրսից, պետք է դիրքորոշում արտահայտի։ «Եվ ի՞նչ պետք է ասի։ Փորձում
է ասել, որ հասկանում է, ընկալում է այս պրոյեկտի գոյությունը, բայց դա չի կարող տեղի
ունենալ առանց իր մասնակցության»,- նշեց Էդգար Վարդանյանը։
Միաժամանակ քաղաքագետը նկատեց, որ Ալիևը չշեշտադրեց
նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, չնայած հղում էր անում նախկին պայմանավորվածություններին։
Այսպիսով՝ Ալիևը տեղ է թողնում առ այն, որ իր համար պարտադիր չէ, որ ճանապարհներն ապաշրջափակվեն
ռուսական ներկայությամբ։ Ուղղակի նա ցանկանում է առավելագույնը քաղել այս գործընթացից։
Դա է պատճառը, որ չի ցանկանում Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» պայմաններով
համաձայնել ապաշրջափակմանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան