Մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված երևանցիների շրջանում ի հայտ եկած բողոքն ու դրան ի պատասխան քաղաքային իշխանության արձագանքն ընդդիմության որոշ ներկայացուցիչներ մեկնաբանում են որպես «ժողովրդից վախենալու» հետևանք, հանրության բողոքն էլ մատուցում են որպես կառավարող ուժի, իմա՝ Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելու հերթական՝ «խոսուն վկայություն»։ Իրավիճակն այսպես գնահատողների մոտիվացիան, ակնհայտ է, ոչ թե հանրային բողոքի արդարացի, հիմնավոր լինելն ընդգծելն է, այլ այդ բողոքը իրենց քաղաքական օրակարգին ծառայեցնելը՝ այդ բողոքից սոցիալական բունտ գեներացնելով, բունտն էլ իշխանափոխության համար օգտագործելով։ Իզուր չէ, որ այսօր տարբեր ամբիոններից մեզ հայտնի ընդդիմադիր խոսող գլուխները՝ մանդատավոր, թե անմանդատ, աղաղակում են «սոցիալական բունտի» պայթելու, իշխանությանը սրբել-տանելու մասին։ Հետևապես «ժողովրդից վախեցան» ասողների փորացավը ոչ այնքան ժողովրդի բողոքը կառավարելով դրա լեգիտիմ նպատակին հասնելն է՝ ստիպել իշխանությանը «ձեռք քաշել» աղմկահարույց որոշումից, այլ այդ բողոքը իրենց ուզած ուղղությամբ տանելն ու դրանից «պերեվառոտ» քամելը։ Իզուր չէ, որ ուղեվարձի դեմ բողոքին «համերաշխություն հայտնողները» կիրառում են քաղաքական տեխնոլոգիաներ՝ ստի ու մանիպուլացիայի՝ որպես մեկ ուղետոմսի գին նշելով (https://fip.am/40630?fbclid=IwY2xjawIIG91leHRuA2FlbQIxMQABHT6WEubC0A3MvwefL_LgrbHi7WgM-MllKTxXvZp3s5jRXJLfchlFj19G9g_aem_ANf1RcqtJcwHR0HPJ-uYgQ) 300 դրամը։ Իրականում քաղաքային իշխանությունը 300 դրամ արժողությամբ ուղևորատոմս առաջարկում է 3 ուղևորության համար, որի ներկայիս 90 րոպե օգտագործման ժամկետը Երևանի ավագանու փետրվարի 11-ի հերթական նիստի ժամանակ առաջարկվելու է փոփոխել և դարձնել 180 րոպե:
Համոզված ենք, որ այս պահին ակտուալ այս հարցը շահարկելուց և իրենց քաղաքական օրակարգին
ծառայեցնելուց հետո ընդդիմությունը հաջորդիվ անցնելու է նաև համընդհանուր հայտարարագրման
հարցի շահարկմանը, որի շուրջ նույնպես շոշափելի է հանրային որոշակի դժգոհություն։ Արձանագրենք,
որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը փափագող ու այդ նպատակը սպասարկելու համար փողոցային
բողոք կազմակերպող ընդդիմությունը հասկացել ու հաշտվել է այն մտքի հետ, որ իրենց կողմից
մինչև այժմ բարձրացված «հայրենափրկության»,
«դիմադրության», «սրբազան» և այլազան օրակարգերը չունեն և չեն ունենալու բավարար հանրային աջակցություն, հետևապես պետք է
սպասարկել այս պահին իշխանության կողմից իրենց «նվեր արված» սոցիալական օրակարգին ու այն
ծառայեցնել իրենց սկզբնական ու անփոփոխ նպատակին։
Այսպես հաշվարկողները, սակայն, հաշվի չեն առել մի կարևոր հանգամանք՝ ժողովրդի սոցիալական
բողոքն առաջնորդելով, այսպիսով, ի վիճակի չեն լինելու փոխել իրենց հանդեպ ժողովրդի
վերաբերմունքը, նույն այդ ժողովրդին քաջածանոթ
«առաջնորդները» չեն դադարելու ասոցացվել քաղաքական
այն շահառուների հետ, որոնց նպատակը հայտնի է՝ զավթել իշխանությունը։ Հետևապես ենթադրյալ
սոցիալական բունտն առաջնորդողները չեն դադարում
ընկալվել այնպիսին, ինչպիսին ընկալվում էին նախքան այս՝ «աթոռի համար կռիվ տվողներ»։
Ուշադիր լինելու դեպքում կարձանագրենք, որ բոյկոտի գաղափարն առաջ մղող ուժերից մեկը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն
է, որի նախընտրական ցուցակը գլխավորած Անդրանիկ Թևանյանը ՀՀ-ում իշխանափոխության իրականացման
«քասթինգին» արդեն իսկ մասնակցած սուբյեկտներից
է։ Նա, հիշեցնենք, 2023-ին, Երևանի ՏԻՄ ընտրությունների
օրերին էր հայտարարում իր հեռահար նպատակի մասին. «Ես ասել եմ, որ մենք գնում ենք ամբողջական իշխանափոխության,
Երևանի ավագանու մանդատը չի, որ մեզ հետաքրքրում է, այլ ամբողջական իշխանափոխության
գործընթացը, որովհետև ես սրանից առաջ արդեն հրաժարվել էի պատգամավորի մանդատից, բնական
է, որ ավելի բարձր կարգի մանդատից չես հրաժարվում ավելի ցածր կարգի գնալու։ Մեր խնդիրն
այլ է՝ պատերազմի, խաղաղության, անվտանգության, մեր երկրի բարեկեցության, Երևանը Երևան
մնալու և ամբողջական իշխանափոխության, էս կոնֆիգուրացիայի մեջ ըստ այդմ էլ որոշումները
կկայացվեն»»,-ազդարարել էր Թևանյանը։ Այդ նա էր, հիշեցնենք, որ ընտրություններից օրեր անց՝ ԼՂՀ-ում տեղի ունեցած մարտական գործողությունների և բռնի
տեղահանության օրերին, ստանձնեց Երևանի փողոցներ
թափված, Կառավարության դիմաց հավաքված ու Փաշինյանի հրաժարականը պահանջողներին առաջնորդելու
գործը։ Թևանյանը, սակայն, երկար չձգեց, շուտով անհետացավ «ռադարներից», և իշխանափոխության
հերթական այս «ռաունդն» էլ ազդարարեց իր վախճանը։
Այս անփառունակ առաջնորդությունից որոշ ժամանակ անց Մոսկվա գնացած ու «Куклы наследника Тутти» հաղորդմանը որպես «փորձագետ» մասնակցած, Նիկոլ Փաշինյանի վրա կեղտ լցրած և այսպիսով որպես «իշխանափոխիչ» «ռուսական մկրտությունը» ստացած Թևանյանը, փաստորեն, հավակնում է «կրկին փորձել»՝ Երևանում տրանսպորտի գնի դեմ պայքարելով սկսել «ամբողջական իշխանափոխությունը»։ Ի դեպ, նախօրեին՝ ուղեվարձ վճարելու բոյկոտի քարոզչության ժամանակ նախկին «Հայաստան»-ական պատգամավորը, կանխազգալով, որ բոյկոտի «պլանը» կարող է ջրվել Երևանի ավագանու՝ ժողովրդի բողոքին ընդառաջ կատարվելիք քայլի (ուղեվարձի գնի վերանայման) հետևանքով, այն որակել է որպես «թուրքական բազառ»։ «Թուրքական բազառի մեջ են մտել, թուրքերը ոնց են առևտուր անում՝ ասում են՝ խնդրեմ, էս ինչ գնով վերցրեք, հետո էլ ասում են՝ կես գին եմ տալիս, հետո էլ՝ դե լավ, մի քիչ էլ իջնեմ՝ վերցրեք էդ ապրանքը, հետո էլ ասում են՝ ինչ կտաս, կտաս, բայց ինքնարժեքը իրանց վրա տվյալ դեպքում 60 դրամ ա։ Հիմա իրանք ասում են՝ 150-ով թանկացնում ենք տրանսպորտը, բայց շատ լավ իմանալով, որ 60+65 դրամ է իրենց ներկայացրած թվերով...»,- հայտարարել է «թուրքական բազառներում» առևտուր անելու փորձ ունեցող, այդ բազառի առանձնահատկություններին հանգամանորեն տեղյակ Թևանյանը՝ այդպես էլ, սակայն, չհստակեցնելով, թե այդ ինչ հաշվարկի հիման վրա է եզրակացրել, որ «ինքնարժեքը 60+65 դրամ է»։ Բոյկոտի հրահանգիչը՝ սպիտակ թևկապը թևին, որի վրա գրված է «300» և խաչ է արված, նկատենք, խոստովանել է իր հեռահար նպատակը՝ ուղեվարձի «բոյկոտը սրանց մերժելու տարբերակներից մեկն է»։
Այժմ դառնանք ընդդիմության այն դիտարկմանը, թե իշխանությունը «ժողովրդից վախեցավ» ու այդ պատճառով էլ որոշեց
վերանայել ուղեվարձի սակագինը։ Այս քարոզչական թեզը իրականում կարևոր արձանագրումն
է այն իրողության, որ գործող իշխանությունը,
իրացնելով ժողովրդի կողմից իրեն տրված իշխանությունը, չի խզել հետադարձ կապը իրեն իշխանությամբ
օժտողի հետ։ Մի իրողություն, որը, այո, խորթ
է նախկին ռեժիմի ներկայացուցիչների արժեհամակարգին ու «քաղաքական գենետիկային»։ ՀՀ նախկին կառավարիչները, հիշեցնենք, քանի որ իշխանությունը
ոչ թե ստանում էին ժողովրդի կամոք, այլ ուզուրպացնում՝ ժողովրդի այդ կամքը կեղծելու միջոցով, բնական է, անհաղորդ
էին իշխանության աղբյուրի բողոքին ու դժգոհություններին, պահանջներին ու ակնկալիքներին
և գործում էին՝ թքած ունենալով ժողովրդի վրա
էլ, ժողովրդի բողոքի ու դժգոհության վրա էլ։ Ասվածի վկայությունը «Էլեկտրիկ Երևան»-ի,
«1000 դրամների հիմնադրամ»-ի, տարկետման իրավունքի վերացման դեմ տարբեր տարիների բարձրացված
հանրային դժգոհությունն ու բողոքի գործողություններն անտեսելու, ճնշելու, կայացված
որոշումները չվերանայելու դեպքերն են։
Հ.Գ. Շատերն, իհարկե, կվկայաբերեն
տարիներ առաջ՝ 2013-ին, տեղի ունեցած տրանսպորտի
գնի թանկացման դեմ բարձրացված հանրային բողոքը, որն ավարտվեց բողոքավորների հաղթանակով՝
ուղեվարձը մնաց 100 դրամ։ Սակայն այս փաստարկը բերողները մոռանում են մի ուշագրավ հանգամանքի մասին՝ այդ տարիներին սակագնի
բարձրացման դիմաց չէին առաջարկում արդիականացված տրանսպորտային ցանց, բարեկարգ, թարմ,
նոր գնված ավտոբուսներ և այլ տրանսպորտային միջոցներ, այլ նույն քաղաքացիները պետք
է շարունակեին օգտվել «հուսահատության գազելներ»-ից, հարստացնել «գծատերեր-օլիգարխներին»,
մինչև որ քաղաքային իշխանությունը՝ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ապագայում
լուծեր ոչ թե ծալապատիկ, այլ արժանապատիվ երթևեկելու հարցը։ Այսինքն՝ 150-200 դրամն
այդ օրերին առաջարկվում էր ոչ թե արդեն իսկ տեղի ունեցած (մասնակի) բարեփոխման, այլ՝
չարված, դեռևս արվելիք գործի համար։ «Եթե մենք
ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է
ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը և ապահովել բոլոր այն պահանջները,
որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման
և զարգացման հարցում: Այս սակագնով դրան հասնելը անհնար էր»,- այդ օրերին այսպես էր
ուղեվարձի վերանայման որոշումը հիմնավորել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Մարգարյանի օրոք երևանցիներին
տեղափոխած անվավոր միջոցների և այսօր նույն
երևանցիներին սպասարկող քաղաքակիրթ տրանսպորտային միջոցների տարբերությունը, կարծում ենք, մեր համաքաղաքացիները ոչ միայն տեսնում
են, այլև զգում ու շոշափում։
Հ. Մ.