«Ազատություն» ռադիոկայանի՝ նախօրեին թողարկած ռեպորտաժը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի
նախագահ Հեյդար Ալիևի գաղտնի բանակցությունների մասին, որոնց առանցքում «Մեղրին Ղարաբաղի
դիմաց» գործարքն էր, դժվար է սենսացիոն անվանել, քանի որ տարիներ շարունակ հայ հանրությունը
տարբեր գործիչների վկայությունների, ելույթների, հարցազրույցների միջոցով տեղեկացված
է եղել ղարաբաղյան կարգավորման այդ աղմկահարույց տարբերակի մասին։ Այս բացահայտման
հմայքն այն է, որ բացահայտվում են բանակցությունների խոհանոցի որոշ նյուանսներ, ու
նաև՝ հայ հանրության կողմից «իմացված բանի»
ճշմարիտ լինելը ևս մեկ անգամ ապացուցվում է՝ այս անգամ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող
երկիր ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերով։
«Մեղրիի տարբերակի» մասին խոսել են մասնավորապես առաջին նախագահ Լևոն
Տեր-Պետրոսյանը՝ մասնավորապես 2008-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի
ժամանակ, ինչպես նաև 2017-ին, ՀՀ նախկին վարչապետ,
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար
Վաղարշակ Հարությունյանը և այլք։ Բնականաբար,
Քոչարյանն ու նրա քարոզչական թիմը՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, տարիներ
շարունակ հերքել են «Մեղրին տանք, Ղարաբաղը
ստանանք» օրակարգով բանակցության անվան տակ «հողային սակարկությունը»՝ պնդելով՝ ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահների կողմից որևէ նման «միացյալ առաջարկ» չի արվել։ «Ես նախագահ եղած ժամանակ ստացել եմ երեք պաշտոնական
առաջարկ՝ մեկը եղել է «Ընդհանուր պետության» մասին, մեկը եղել է Քի Ուեսթի գործընթացը,
երբ վերջին պահին Ալիևը չստորագրեց, և մյուսը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն
էին»,- 2021-ին խրոխտ հայտարարում էր Քոչարյանը, որի գրասենյակի մամուլի խոսնակն, ի դեպ, 2017-ին, երբ առաջին նախագահը
կրկին խոսել էր Մեղրու փոխանակման մասին, այն անվանել էր «վաղուց ծեծված սուտ, հերյուրանք»
և «պատմության խեղաթյուրում»։ Պետդեպի փաստաթղթերը,
սակայն, վկայում են, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան խեղաթյուրում է և կամ լիարժեք չի
ներկայացնում հանրությանը, ապա դա ինքը՝ հայ ժողովրդի անունից և այդ ժողովրդից գաղտնի
բանակցած Քոչարյանն է։ Ավելին, նույն ինքը՝ Քոչարյանը, ինչպես գաղտնազերծած փաստաթղթերն
են վկայում, հայոց պատմության ողբերգական էջը՝ Հայոց ցեղասպանությունն է դարձրել ԼՂ
հարցով սակարկման առարկա՝ «համաձայնելով տալ Մեղրին և կորցնել Իրանի հետ սահմանը, եթե
Թուրքիան համաձայնի քննարկել Ցեղասպանության հարցը»։ Ավելին, հետագայում էլ հայտնել
է իր մտադրության մասին, թե՝ «Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը քննարկելու մերժումը
կբերի որպես պատրվակ Բաքվի մոտ՝ համաձայնությունից հրաժարվելու համար»։
Քոչարյանը, նկատենք, այս ողջ ընթացքում,
երբ ստիպված է եղել բանավեճի մեջ մտնել Մեղրիի փոխանակման թեմայով, մշտապես դիմել է քարոզչական խորամանկության՝ համանախագահների կողմից
«միասնական նման առաջարկ չի եղել» կապակցությունը գործածելով։ Այս հնարքի նպատակը ցույց
տալն է, թե Մինսկի համանախագահության բանակցային
սեղանին փաստաթղթի տեսքով նման առաջարկ չի եղել։
«Միասնական առաջարկ»-ը, բնականաբար, ենթադրում է բոլոր երեք համանախագահների
կողմից համաձայնեցված ու ի մի բերված առաջարկ, մինչդեռ, ինչպես վերոհիշյալ ռեպորտաժում
է բացահայտվում, Մեղրիի տարբերակի շուրջ «գործարքը» թեև տեղի է ունեցել Քոչարյան-Ալիև
տետ ա տետ ֆորմատով, սակայն գործարքի շուրջ բանակցությունների մասին հետագայում տեղեկացել
են նաև համանախագահող բոլոր երկրները։ «Եվ եթե գործընթացի սկզբում բանակցություններից
տեղյակ է եղել միայն ամերիկյան կողմը, ապա ամիսներ անց այս համաձայնությունը քննարկվել
է արդեն Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների պաշտոնական հանդիպումներում»,- վկայում
են ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը։ Հետագայում էլ երկկողմ՝ Ալիև-Քոչարյան ձևաչափով
բանակցված գործարքը, ըստ թուրքական կողմի առաջարկի, պետք է ներկայացվեր՝ «վաճառվեր նրանց մայրաքաղաքներում»
որպես Մինսկի խմբի առաջարկ։
Հարկ է նկատել, որ Մեղրիի տարբերակի բանակցությունների գաղտնազերծման
խրոնոլոգիան ներկայացնելիս, բնականաբաբար, «Ազատության» ռեպորտաժում չէր կարող շրջանցվել
«Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչությունն ու դրա
թողած ազդեցությունը գործարքի հետագա ընթացքի վրա։ Այս համատեքստում ուշագրավ է Քոչարյանի
հայտարարությունն այն մասին, որ «իրեն ներքին կայունություն է պետք նման կարևոր համաձայնություն
կայացնելուց առաջ, նա կարծում է, որ չունի այն աջակցությունը, որը վայելում էր մինչ
սպանությունները»։
«Հոկտեմբերի 27»-ի զոհերից Կարեն Դեմիրճյանի թիմակից, ՀԺԿ փոխնախագահ,
ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանը
ևս այն գործիչներից է, եթե ոչ՝ առաջիններից, որոնք բացահայտել են Մեղրիի շուրջ Քոչարյանի
օրոք տեղի ունեցած սակարկությունը և «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը համարել դրա
հետևանքը։ Պարոն Հարությունյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով «Ազատության»
ռեպորտաժին, նշեց. «Դա գաղտնիք չէ, ինչ-որ նոր բան չեն հայտնագործել, դրա մասին
շատ վաղուց ենք խոսել, այդ հարցի հետ կապված իմ և Դալլաքյան Վիկտորի (ԱԺ նախկին պատգամավոր-խմբ.)
նախաձեռնությամբ մենք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում լսումներ ենք կազմակերպել,
ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ենք կանչել։ Օսկանյանը չհերքեց, որ նման առաջարկ է քննարկվել։ Այդ լսումները տեղի են ունեցել լրագրողների ներկայությամբ,
և ովքեր ներկա են եղել, կարող են վկայել։ Տարբերակները Օսկանյանը ներկայացնում էր. մի տարբերակ՝ մեկուկես կիլոմետր լայնքով (տարածք
Ադրբեջանին-խմբ.), մեկ այլ տարբերակով՝ էստակադա... Այս ամենը եղել է, և ի դեպ, Մեղրիի
հետ կապված հարցի մասին ես եմ առաջինն ահազանգել պառլամենտում, դրանից հետո սկսվեց
աժիոտաժը։ Մի խոսքով, դա էդպես մի մեծ գաղտնիք չէ»։ Պարոն Հարությունյանը հիշեցրեց, որ Քոչարյան-Ալիև՝
Սադարակում տեղի ունեցած բանակցություններից
հետո հրապարակված տեսակադրերում, որոնք ինքն անձամբ է տեսել, Ալիևն ասում է՝ «մի սոգլասնի
զա Մեղրի Կառաբախ», հետո ավելացնում է՝ «շուտկա»։ «Այս կադրերը թե ինչու չեն ցուցադրում, ինչու չեն
բերում մեջտեղ»,- տարակուսեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ինչի՞ մասին է խոսքը, Քոչարյանը
չգիտեմ ինչ-ինչ ձևերով կամ ում կողմից ներդրված
է եղել։ Նրա առաքելությունն այն էր, որ Մեղրին տար թուրքերին»։ «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ նա
հանկարծ նախագահ դարձավ Ղարաբաղում, հետո եկավ ՀՀ, հետո էլ այստեղ դարձավ նախագահ»,-
նկատում է ՀԺԿ փոխնախագահն ու հիշեցնում՝ իր
օրոք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքները հանձնվեցին ՌԴ-ին, ապաև բանակցվեց «Մեղրիի տարբերակը»։ «Այդ էր նրա առաքելությունն ի սկզբանե, և բոլորը՝
և «Հոկտեմբերի 27»-ը, և մյուս, մյուս բոլոր բաները կապված են դրա հետ»։
Անդրադառնալով ռեպորտաժի այն հատվածին, որտեղ ԱՄՆ փոխպետքարտուղար
Թալբոթն ասում է, թե վարչապետ Վազգեն Սարգսյանը
Քոչարյան-Ալիև բանակցությունների մանրամասներին տեղյակ չի եղել, Հարությունյանը նկատեց՝
«մինչդեռ Քոչարյանն իր ամբողջ շայկայով փորձում
է ապացուցել, որ Վազգենը տեղյակ է եղել, համաձայն է եղել։ Էդ փոխանակությունը տեղի չունեցավ Դեմիրճյանի և Վազգենի կյանքի
գնով»։ ՀԺԿ փոխնախագահն այն կարծիքին է, որ
Մեղրիի փոխանակման առաջարկը, որպես այդպիսին, թեև ի սկզբանե արվել է Թուրքիայի կողմից
(հետո շրջանառվել որպես «Գոբլի պլան»-խմբ.), սակայն այն եղել է ռուսների հետ համաձայնեցված։
«Կարող է Քոչարյա՞նը տեղյակ չի պահել ՌԴ-ին, ու իրեն թվացել է, թե ռուսական կողմն այդ
մասին չգիտի։ Բայց ինձ թվում է, որ Թուրքիան և ՌԴ-ն այս տարածաշրջանում իրարից անկախ
ոչինչ չեն անում, մասնավորապես հոկտեմբերյան հեղափոխությունից հետո միասնական են գործում»։
Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցը սակարկման առարկա դարձնելուն,
ապա ծնունդով մեղրեցի մեր զրուցակցի խոսքով. «Քոչարյանը քաջ գիտեր, որ գնում է հանցագործության, որպեսզի
հայ հանրությանը՝ և՛ սփյուռքում, և՛ այստեղ, ներկայացնի, թե ինքը հայասեր ղեկավար է,
Ցեղասպանության հարցը բարձրացնում է, գցում մեջտեղ, որ մեղմի իր հանդեպ արձագանքը՝
Մեղրիի հետ կապված։ Այսինքն՝ Ցեղասպանության հարցի քննարկումը (նաև ՀՀ արտաքին քաղաքականության
առաջնահերթություն համարելը-խմբ.) միջոց էր, որպեսզի մեղմի Մեղրիի կորուստը, և՛ սփյուռքում,
և՛ ազգայնական շրջանակներին ցույց տա, թե տեսեք՝ ես ինչքան հայրենասեր եմ, Թուրքիային
հեսա դեմ եմ տալիս պատին, Ղարսն ու Սարիղամիշը հետ վերցնենք...»։
Ի դեպ, Հարությունյանը նկատեց՝ քանի որ փոխպետքարտուղար Թալբոթը
հոկտեմբերի 27-ի նախօրեին ՀՀ-ում էր, այդ հանգամանքի
վրա հղում անելով՝ որոշ շրջանակներ նշում էին, թե ոճրագործության հետևում տեսնում են
ամերիկյան հետք։ «Ո՛չ, հյուսիսից է գալիս ամեն
ինչ, որովհետև ՌԴ-ն գիտեր, որ Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի պարագայում իրենք չեն
կարող ՀՀ-ի ունեցվածքն ամբողջությամբ վերցնել,
իրենք հասկացան, որ այդ մարդկանց պարագայում ՀՀ-ն ինքը զարգանալու և անկախ է լինելու»։
Քոչարյանամերձ շրջանակներն, ի դեպ, որպես հակափաստարկ բերում
են այն, թե եթե Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն էին խանգարում, որ Մեղրիի գործարքը
կայանա, ապա նրանց մահվանից հետո, երբ Քոչարյանի ձեռքերն ազատ էին, ինչու գործարքը
կյանքի չկոչվեց։ Ըստ Հարությունյանի. «Գուցե նաև ՌԴ-ի միջամտությամբ դա տեղի չունեցավ։
Չգիտեմ՝ ՌԴ-ին որքանով ձեռնտու կլիներ Մեղրիի տարբերակը, բայց ակնհայտ է, որ ՌԴ-ին
պետք չէր, որ ընդհանրապես ԼՂ հարցը լուծվեր, որպեսզի կարողանար և ՀՀ-ի, և Ադրբեջանի
վրա ճնշում գործադրել։ Եվ ամենակարևորը՝ որքան էլ Քոչարյանը այդ ոճրագործությունից
հետո ուժեղացած լիներ, ամրապնդած լիներ իր դիրքերը, ժողովուրդը նրան թույլ չէր տա նման
գործարքի գնալ։ Ինքը ժողովրդից վախեցավ»։
Արդ, ի՞նչն է պատճառն այդ դեպքում, որ Քոչարյանն ամեն կերպ հերքում
է, որ նման տարբերակի շուրջ բանակցել է Ալիևի
հետ, Հարությունյանը նկատեց. «Որովհետև եթե ընդունի, որ քննարկել է, ապա պետք է պատասխան
տա իր ազգուցեղով, ո՞ւր պետք է փախչի»։ Իսկ ինչպիսի՞ն կլինի նախկին նախագահի արձագանքն այս
անգամ՝ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերից
հետո, ի վերջո, կխոստովանի՞, որ՝ այո, ոչ միայն եղել է, այլև քննարկվել է «Մեղրիի տարբերակ»,
թե՞ նորից ականատես կլինենք «հուժկու» հերքման։ ՀԺԿ փոխնախագահի խոսքով. «Նա կարիճ ա, նա չի խոստովանի։
Նրա ամբողջ մտահոգությունն այսօր էն է, թե ինչպես իր ունեցվածքը փախցնի, ինքն էլ գնա
Ռուսաստան՝ եթե ընդունեն։ Չի իմանում, որ ռուսները օգտագործում, հետո շպրտում են։ Ենթադրում
եմ, որ նրա գրասենյակն ու մանկլավիկները կներկայացնեն, թե էս ձևով չի եղել, էն ձևով
է եղել... Դե, ի՞նչը հերքի, Ամերիկան էն պետությունը չի, որի գաղտնազերծած փաստաթղթերը
հերքես»։
Հ․Գ․ Երբ նյութը պատրաստ էր հրապարակման, Քոչարյանի գրասենյակը արձագանքեց ռեպորտաժին՝ կրկնելով արդեն հայտնի հիմնավորումներով հերքման տեքստը․ «Ազատության» նյութից տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Քոչարյանը Մեղրին տալիս էր իսկ Հեյդար Ալիևի պես փորձառու և հմուտ քաղաքական գործիչը հրաժարվում էր այն վերցնել․ սա առնվազն ծիծաղելի է, եթե չասեմ՝ անարգանք և ծաղր սեփական ունկնդրի մտավոր ունակությունների հանդեպ։ ․․․Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինասավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր և որը, այո, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են և թե՛ պատրաստ են եղել ստորագրել։ Այդ փաստաթղի հրապարակայնացումից և հանրության դատին հանձնելուց հետո, վստահ եմ, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի»։
Հեղինե Մանուկյան