Արջն իր ահից է գոռում, 134-ամյա «արջ» ՀՅԴ-ն՝ իր անցյալի ահից. Հայ հեղափոխակա՞ն, թե՞ «ուրացողական» դաշնակցություն

Արջն իր ահից է գոռում՝ հայկական այս ասացվածքը միանգամից եկավ մեր մտքին, երբ Հ1-ի  «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ հետևում էինք դաշնակցական երկու պատգամավորների՝ Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի վարքագծին։ Իսկ հայ քաղաքական դաշտի 134-ամյա «արջը»՝  Դաշնակցությունը, որպես քաղաքական կառույց, այո՛, ահից գոռալու, աղմկելու, աղաղակելու, կրծքին զարկելու պատճառներ շատ ունի, որոնք արտացոլված են վերջինիս անցյալի անփառունակ  (կամ էլ՝ անփառունակ անցյալի) էջերում։ Բայց Գեղամ Մանուկյանն ու Արթուր Խաչատրյանը սեփական կուսակցության անցյալի ահարկու դրվագների մասին գոռալու փոխարեն որոշել էին  ահարկել հեռուստադիտողին՝ «գոռալով»  այսօրվա իշխանության վարքագծի՝ պատմական ռևիզիոնիզմի», հայոց մեծագույն, անքննելի ողբերգությունը կասկածի տակ դնելու, կարճ ասած՝  «ուրացման» մասին, մի եղկելի բան, որը, ըստ ընկեր դաշնակցականների, թելադրված է Թուրքիայի կողմից կամ, ինչպես Մանուկյանը ձևակերպեց՝ «ի սիրույն Թուրքիայի, ի սիրույն Ադրբեջանի»։ Թուրքագետ, չենք կասկածում՝ տեղը տեղին կարդացած, ցեղասպանության գիտակ Գեղամ Մանուկյանն, օրինակ, աղեկտուր ոգում էր, թե «Նիկոլ Փաշինյանը  պատմություն չգիտի, անգրագետ է», ուստի վերջինիս այդպիսին լինելը պատճառ չէ, որ ի լուր աշխարհի հայտարարի այն, ինչ հայտարարեց օրերս՝ Շվեյցարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Մինչդեռ Փաշինյանի  հայտարարության ասելիքը այն չէր, ինչը,  «խասյաթի համաձայն», լսեցին  ու  հասկացան ընկեր դաշնակցականները։  Ի դեպ, թեև այս աղմկահարույց հայտարարությունից,  չհասկացվածությունից հետո վարչապետը պարզաբանեց իր հայտարարությունը, մեկ է՝ պարոնայք դաշնակցականները շարունակում են առաջ քշել իրենց «էշն» ու  հասարակության ականջները խլացնել քարոզչական անտանելի զռռոցներով։  Փաշինյանը, հիշեցնենք, նախորդ շաբաթ տեղի ունեցած ասուլիսում  մասնավորապես բացատրել էր՝ Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հայտարարությունն այն մասին էր, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի լայն իմաստով ինքնաճանաչման գործիք պետք է դառնա։ «Ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք ևս մեկ անգամ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձևերին։ Կարո՞ղ է, որ մենք իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է եղել դարասկզբին։ Այս հարցը հրատապ է այսօր։ Ընդ որում, ես պատասխան չունեմ։ Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, այդ ճիշտ ռեֆլեքսիան շատ կարևոր բան է, որ մենք վերադառնանք և մեր բանաձևերին նորից անդրադառնանք։ Մեր իրականության մեջ մենք անընդհատ խոսել ենք Մեծ Եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ, օրինակ, ընկալվա՞ծ է երիտթուրքերի և ՀՅԴ-ի հարաբերությունների հարցը։ Ընդ որում, երբ սա քաղաքականացնում ենք և փորձում ենք օգտագործել գործիք այսօրվա Հայ Հեղափոխական Դաշնակցությանը քննադատելու համար, ամբողջ թեման փոխվում է։ Լրիվ դառնում է ուրիշ բան։ Էլի դառնում է նախկին-ներկա խոսակցություն և այլն, և այլն։ Այ դրան մենք պետք է անդրադառնանք, պետք է հասկանանք»,-մասնավորապես հայտարարել էր վարչապետը։ Գեղամ Մանուկյանն ու նրա կուսակից ընկերը, փոխարենը բանավիճելու այս օրակարգի, խնդրի ընկալման այս դիտանկյունի շուրջ, «պիստոնը թևների տակ դրած» եկել էին ապացուցելու իրենց՝ դաշնակցական «ճշմարտությունը», որը մեկ բանի մասին էր՝ Սովետն ու Ստալինն իր ագիտպրոպով՝ հեչ, իսկ այ Նիկոլն իր «ուրացմամբ»՝ մեջ։  «Այսօր իշխանության մեջ եղած ուժը չունի ինստիտուցիոնալ հիշողություն, կտրված է իր անցյալից»,- աղաղակեց Մանուկյանն ու  ընդհուպ այս իշխանությանը «մանկուրտ» անվանեց։ Հերթը շուտով հասավ վերջինիս ինստիտուցիոնալ հիշողությունը թարմացնելուն՝ կարկառուն դաշնակցական Սիմոն Վրացյանի՝ 1921-ին արած հայտարարության մեջբերմամբ։ «Բոլշևիզմի դեմ կռվելու և, ընդհանրապես, մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պետք ունինք հարևան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ աջակցությանը: Ամեն մի քայլ՝ թե այստեղ, թե արտասահմանում, որ հակառակ է մեր և թուրքերի մեջ բարյացակամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Այսօր մենք երկու իրական ուժ ունենք մեր կողքին. մեկը խորհրդային Ռուսաստանն է, մյուսը՝ Թուրքիան: Մյուս ուժերը մեզնից շատ հեռու են: Առաջինի հետ, ինչպես ցույց տվեց դառը փորձը, հաշտվել չենք կարող. մնում է, որ հաշտվենք ու բարեկամանանք մյուսի հետ: Այդ անհնարին չէ, որովհետև մենք և թուրքերն ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխությամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով... Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ և իրական կենակցություն մեր հարևան Թուրքիայի հետ: Ուրեմն՝ մեր արտասահմանի բարեկամները, եթե նրանք իրոք բարեկամ են մեզ, չպիտի դնեն Թուրքիան այնպիսի դրության մեջ, ուր նա նկատի մեզ իբրև իր դժբախտության պատճառը ու լցվի ատելության և վրիժառության զգացմունքներով հանդեպ մեզ: Կոնֆերանսի որոշումները մեր վերաբերմամբ ընդունելի պիտի լինին Թուրքիայի համար, ահա մեր պահանջը» (տե՛ս Ավետիս Ահարոնյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993թ., էջ 657-658):  


Ոչ մանկուրտ կամ հակամանկուրտ Գեղամ Մանուկյանը, համոզված ենք, ոչ միայն ցեղասպանության հետևանքով գաղթական դարձած իր մայրական կողմի մշեցի նախնիների մասին է լավագույնս տեղեկացված, այլև սեփական կուսակցության անցյալին։ Արդ, թարմացնելով պարոն Մանուկյանի «ինստիտուցիոնալ հիշողությունը»՝ վկայաբերենք մի քանի այլ վկայություններ, որոնք, գուցե, ստիպեն ՀՅԴ-ին վերջապես զբաղվել ինքնահայեցմամբ ու ինքն իր համար պարզելու՝ արդյոք Հայոց ցեղասպանության ուրացմա՞մբ էր զբաղվում, երբ քաղաքական իրավիճակի բերումով անում էր այս կամ այն հայտարարությունն ու քայլը։ Ի դեպ, ինքնահայեցմամբ,  որպես կարևոր բարոյահոգեբանական միջոցառում, ժամանակին զբաղվել է դաշնակցական երևելիներից Հովհաննես Քաջազնունին, որի եզրահանգումը եղել է այս՝  «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի այլևս»։

 

 «Փաստն այն է, սակայն, ու սա է էականը, որ թուրքական տիրապետության դեմ տասնյակ տարիներ առաջ սկսված պայքարը հանգեց թուրքահայ ժողովրդի տարագրության և բնաջնջման և Թուրքահայաստանի ամայացման: Այս է ահռելի իրականությունը» («Հ.Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», Երևան, 1994թ., էջ 8):


«Զայրացած ու սարսափած՝ որոնեցինք հանցավորներին և գտանք իսկույն. ռուս կառավարության նենգ քաղաքականությունը: Քաղաքականապես տհաս ու մտքով անհավասարակշռված մարդկանց հատուկ անհետևողականությամբ մի ծայրահեղությունից ընկանք իսկույն մյուս ծայրահեղության մեջ: Կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էինք գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն էին վարվել մեր հանդեպ (հետագայում հերթը պիտի գար ֆրանսիացիներին, ամերիկացիներին, անգլիացիներին, վրացիներին, բոլշևիկներին, ամբողջ աշխարհին). կարծես մի մեծ առաքինություն էր ու մի մեծ քաջություն, որ ինքներս այնքան միամիտ, անհեռատես ենք եղել, որ դրել ենք մեզ (կամ թույլ ենք տվել մեզ դնելու) այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել կամ կոտորել տալ մեզ» (նույն տեղում, էջ 10):


«Ամենից հիմնական, ամենից մեծարժեք ու պատասխանատու խնդիրներում իսկ մենք չենք ունեցել մեր հաստատուն կամքը, չենք վարել գործերը ըստ մեր հասկացողության, չենք գնացել մեր սեփական ճամփով, այլ թույլ ենք տվել, որ ուրիշները տանեն մեզ իրենց ետևից ուր կամենան» (նույն տեղում, 40):


«Եթե ճիշտ է, որ կառավարել՝ ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպետք կառավարիչներ ենք եղել, որովհետև հենց այդ նախատեսելու ընդունակությունն է, որ չենք ունեցել բնավ: Մենք շարունակ սխալված ենք եղել մեր հաշիվների մեջ ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների՝ միայն մեզ համար, որովհետև չենք գիտեցել նախատեսել: Մեր ամենամեծ թուլությունը այդ է եղել: Ապա չենք ունեցել որոշ ու հստակ գիտակցությունը մեր անելիքի մասին, չենք ունեցել մեր ղեկավարող սկզբունքը ու տևողական-հետևողական սիստեմ, գործել ենք կարծես հանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանվել ենք, պատից պատ ընկել՝ կեսկուրորեն շոշափելով ոտներիս տակի հողը: Չենք ճանաչել ու հաճախ գերագնահատել ենք մեր կարողության չափը, չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարհել ենք հակառակ ուժերը և թեթևամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ:


Կտրուկ ենք եղել, ուր պետք էր ծայրահեղ զգուշություն, ու անվճռական՝ այնտեղ, ուր պետք է կտրուկ լինեինք: Չենք կարողացել տարբերել պետությունը կուսակցությունից ու կուսակցական մտայնություն ենք մտցրել պետական կյանքի մեջ: Պետական մարդիկ չէինք մենք: Թող ոչ ոք չվիրավորվի այս խոսքերից. անբարյացակամ մարդու չարախնդություն չէ սա, այլ մի պարզ ինքնագնահատում: Չէ՞ որ անկարողների առաջին շարքում՝ ձեր կողքին ու ձեզ հետ միասին՝ եղել եմ ես. ես ձեր գործակիցն եմ եղել, ձեզ հետ ու ձեզ չափ պատասխանատու՝ մեր պարտության» (նույն տեղում, էջ 42-43):


«Հառաջ», 1920, թիվ  255. «Իր փրկության համար Հայաստանն ունի մի ճանապարհ -գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարևանի, թուրքի հետ: Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել և ապահովել իր պետական ու ֆիզիկական գոյությունը հարատևորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թրքական օրիենտացիա: ...և եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական օրիենտացիա, այլ լիներ թուրքերի հետ առանց վերապահության, ամենայն հավանականությամբ նա խուսափած կլիներ կոտորածներից, և նրա դրությունը վրացիներից էլ լավ կլիներ»:

«Ազատ Հայաստան» («Հայրենիքի փրկության կոմիտեի» օրգան), 1921, թիվ 35. «Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստություն պիտի ունենա թոթափելու իրենից անցյալի դառն հուշերը և ավանդությունները և ոչինչ չխնայելու հայ և թուրք ժողովուրդների, Հայաստանի և Տաճկաստանի բարեկամությունը հաստատելու համար: Թուրք ժողովրդի, Տաճկաստանի գործոն բարեկամությամբ է միայն, որ հայ ժողովուրդը պիտի դուրս գա իր ներկա ծանր տագնապից և թուրք ժողովրդի հետ միասին է, որ հայ ժողովուրդը պիտի կարողանա վերջապես ձեռք բերել տևական ապահովություն: Ուրիշ ճանապարհ չկա»:


«Ազատ Հայաստան», 1921, թիվ  8.  «Ո՞վ կարող էր երևակայել, որ ռազմի դաշտում պիտի պարտվեինք այնքան շուտ, և թուրքերը՝ հռչակավոր բերդաքաղաք Կարսը գրավելուց, Ալեքսանդրապոլը իրենց ոտքերի տակ առնելուց հետո պիտի սպառնային անգամ Երևանին, երբ մենք մեր զորական ուժի քանակով, տեխնիկայի բոլոր առավելություններով անժխտելիորեն գերազանց էինք մեր թշնամուց: Կարելի՞ էր երբևիցե մտածել, թե մեր երկրի սահմաններից ներս մտած փոքրաթիվ թրքական զինվորական ուժերն այնքան հեշտությամբ պիտի կարողանային ահաբեկել մեզ և մղել ամբողջ ժողովուրդն անձնատվության: Սրանք փաստեր են, մեր պանիկական հոգեբանության փայլուն ապացույցը»:


Արևմտահայաստանի և արևմտահայության ազատագրության կարգախոսով ՀՅԴ-ն իրականում իր դատապարտելի գործելակերպով Արևմտահայաստանը մատնեց կորստյան և արևմտահայությանը՝ ցեղասպանության, ինչով և նրա 30-ամյա գործունեությունը պետք է համարել հանցավոր: Ձախողանքների պատճառը կազմակերպությանը ի սկզբանե հատուկ արկածախնդրական, աղանդավորական էությունն էր և դրա հետևանքով՝ քաղաքական մտածողությունից զուրկ լինելը:


Գրիգոր Մերճանով. «Դաշնակցության Պյուրոյի հետ իմ ունեցած սկզբունքային գլխավոր տարակարծություններես մեկը եղավ կուսակցության գործակցությունը Նացի Գերմանիո հետ, Բ համաշխարհային պատերազմի օրերուն: Չէի կրնա հաշտվիլ այն մտքի հետ, որ կազմակերպությունը իր սեփական հատվածական նպատակներեն տարված, կրնա ու պետք է գործակցի ցեղային խտրությունը և աշխարհակալությունը նշանաբան դարձուցած այս տերության հետ: ... Նացի Գերմանիո դաշնակից դարձեր էր Թուրքիան, որ իմ աչքին կպատկերացներ Գայզերական Գերմանիո և Իթթիհաթական Թուրքիո միջև կնքված զինակցությունը, որուն ավանդության շարունակությունն էր այս մեկը: Գոնե այսպես կնկատեի ես: Որով, գերմանական հաղթանակի մը պարագային, Հայաստանի բախտով մտահոգվելու պետք չունեին ուրիշները: Թուրքիան կբավեր, որուն բանակները տարիներ ամբողջ շարված մնացին Արաքսի արևմտյան եզերքին վրա, անհամբեր սպասելով Սթալինկրատի անկումին: ... Բարեբախտաբար, դիմադրեց Սթալինկրատը: Գերմանիան պարտվեցավ: Իմ համոզումս է, որ անով վերապրեցավ նաև հայությունը: Այլապես թուրքերը հին բարեկամ գերմաններուն հետ, Մեծ եղեռնեն ճողոպրած հայության վերջին կտորին հաշիվը մաքրած պիտի ըլլային այսօր:


Դաշնակցության կողմե նացիներու հետ հարաբերություն հաստատողները եղան Դրոն և Արարատյանը: Փարիզի Կենտրոնական կոմիտեի ժողովներուն մեջ ես գլխովին հակառակեցա այս ծրագրին, որ աղետալի էր պարզապես: Վնասակար՝ մեր ժողովրդին, իսկ աններելի՝ կուսակցության համար: ... Մեծամասնությունը հավանություն տվավ գործակցության թեզին, և որոշումը վավերացվեցավ» («Իմ կտակը», Բեյրութ 1972թ., էջ 90-92):


«Սառը պատերազմի» տարիներին դաշնակցությունը գտնվում էր Թուրքիայի հետ նույն բլոկում՝ ընդդեմ Խորհրդային Միության, որի մեջ էր Հայաստանը:


Ռուբեն Դարբինյան.  «Միջազգային ներկա կացության մեջ Թուրքիո՝ ազատ աշխարհին հետ ըլլալը ոչ թե չարիք մը, այլ բարիք մըն է ազատատենչ հայության համար» (տե՛ս, «Ազդակ», 21-ը նոյեմբերի, 1954թ.):


 Հօգուտ Թուրքիայի զբաղվել է լրտեսական գործունեությամբ ընդդեմ Հայաստանի և այն երկրների, որոնք ապաստան են տվել Եղեռնից մազապուրծ տասնյակ հազարավոր հայերի:


Դաշնակցության գործունեության վերաբերյալ այլ փաստերի մասին ականատեսների, պատմաբանների, կուսակցական դեմքերի վկայությունների մասին առավել ամողջական պատկերն ամփոփված է պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Հայկական Ժամանակ»-ում տարիներ առաջ տպագրված  հրապարակման մեջ։

Հ. Մանուկյան