Հայտարարագրման համակարգի հիմնական նպատակներն են ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգի ձևավորումն ու վարումը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշում է, որ այս գործիքի շնորհիվ հնարավոր կլինի որակյալ տեղեկատվություն հավաքագրել քաղաքացիների մասին և հետայսու հնարավոր կլինի ավելի փաստահեն քաղաքականություններ մշակել ու վարել՝ ապագայում ավելի հասեցական աջակցության ծրագրեր իրականացնել։
Մյուս նպատակը սոցիալական կրեդիտներ տրամադրելն
է։ Կրթության և առողջապահության գծով արված որոշակի ծախսեր քաղաքացիները կկարողանան
հետ ստանալ։ Առաջին դեպքում մինչև 100 հազար դրամի չափով, երկրորդ՝ առողջապահության
գծով՝ 50 հազար դրամ, բայց պայմանով, որ երկուսի հանրագումարով պետք է շեմը չգերազանցի
100 հազար դրամը։
Հայտարարագրման համակարգի ներդրումը, նախարարի տեղակալի
խոսքով, շատ կարևոր է նաև հարկ վճարելու մշակույթի ամրապնդման տեսանկյունից։
Այսպիսով՝ կհեշտանա նաև այն քաղաքացիների գործը,
որոնք եկամուտներ են ստանում, ուզում են հարկ վճարել, սակայն դժվարությունների են հանդիպում՝
չիմանալով ինչպես և որտեղ այն կատարել։
Այս համակարգի ներդրմամբ հարկային բեռի ավելացում
տեղի չի ունենա։ Որևէ նոր հարկատեսակ չի ներմուծվում։
Նախատեսվել է նաև շեմ՝ մինչև 300 հազար դրամի նվազեցվող
եկամուտները չեն հայտարարագրվելու և, բնականաբար, չեն հարկվելու։
Բանկային գաղտնիքը ՀՀ-ում պաշտպանված է օրենսդրությամբ։
Նախարարի տեղակալը չի կիսում այս առնչությամբ եղած մտահոգությունները։
«Չկա մի այնպիսի կարգավորում, որը ՊԵԿ-ի աշխատակիցներին
հնարավորություն ընձեռի, օրինակ, գործարքի մակարդակով տեսնել այս կամ այն բանկային
գաղտնիք պարունակող տեղեկատվությունը։ Խոսքը, այսպես կոչված, ագրեգացված, ոչ անհատականացված
տեղեկությունների մասին է»,- ասաց Արման Պողոսյանն ու հորդորեց կա՛մ հիմք ընդունել
մասնագետների եզրահանգումները, կա՛մ, եթե կարող են, սեփական ուսումնասիրությամբ պարզեն,
որ նման ռիսկեր ու մտահոգություններ ունենալու պատճառներ չկան. բանկային գաղտնիքը պաշտպանված
ինստիտուտ է մեր երկրում։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան