Գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել. նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում այսօր տեղեկացրել է, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), ինչպես նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին)։
Փաստաբան Նորիկյանը երեկ ստացել է ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի որոշումը՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին, համաձայն որի՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։
«Այլ կերպ ասած, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների համար Վիգեն Սարգսյանի գտնվելու վայրն անհայտ է, նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է։
Վիգեն Սարգսյանը պարբերաբար հանդես է գալիս հրապարակումներով, ավելին, բոլորին է հայտնի նրա գտնվելու վայրը»,- դժգոհել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ այս գործի վերաբերյալ դեռևս 2019թ. հուլիս ամսին հաղորդում է ներկայացրել այն ժամանակվա գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, իր ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, և 8 քաղաքացի ճանաչվել էին տուժողներ, որոնք, լինելով բանակի գործող սպաներ, տարիներ շարունակ և մինչ օրս էլ դեռևս չեն ստացել իրենց բնակարանները։
Գլխավոր դատախազությունից Civic.am-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու փաստը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել: