Հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընթացիկ տարում ավելի խիստ մոտեցում է ընտրվելու՝ բացահայտման արդյունավետությունը գնահատելով կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքով։
Այս մասին հունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Այս փոփոխության արդյունքում հնարավոր կլինի ունենալ հանցագործությունների բացահայտման առումով առավել իրական պատկեր և ինտենսիվացնել համագործակցությունը իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների հետ։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ծառայողական կարգապահությանը և բարեվարքությանը, կադրային քաղաքականությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ծառայողի գնահատման չափանիշը գրանցված արդյունքներն են, կատարված աշխատանքի որակն ու արդյունավետությունը։
Հաշվետու ժամանակահատվածում բարեխիղճ ծառայության համար նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, կարևորել հանցավորության դեմ բոլոր ուղղություններով անզիջում, թիրախային պայքարը և հանձնարարականներ տվել դրանց շարունակականությունը ապահովելու, արձանագրված խնդիրները վերացնելու ուղղությամբ։