Ծխախոտի տուփերում և ջերմոցում հայտնաբերվել են կանեփ ու մարիխուանա․ կապանցի 47-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երկաթուղայինների փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրանյութ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: Ըստ տեղեկատվության՝ հունվարի 27-ին տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տարբեր գրպաններում հայտնաբերվել է տարբեր տեսակի ծխախոտի երեք տուփ: Դրանցից մեկում եղել է կանեփի 13 սերմ, մյուսում` դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ երրորդում` կանեփանման զանգվածով կաթուցիչ:


Նա հայտնել է, թե հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ կանեփն անձամբ աճեցրել է Գործարանային փողոցում գտնվող ջերմոցում:


Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ջերմոցի խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի խնամված 18 բույս և 21 գրամ մարիխուանա:


Նախաքննությունը շարունակվում է: