ԱՄՆ պետքարտուղարության՝ «Մեղրիի փոխանակման» վերաբերյալ Քոչարյան-Ալիև բանակցությունների գաղտնազերծումից հետո, որին անդրադարձել էր «Ազատություն»-ը, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բ. Միկոյանը հանդես եկավ հերքմամբ՝ կրկնելով քանիցս կրկնվածը՝ այդպիսի բանակցություններ՝ Մեղրին փոխանակելու շուրջ, տեղի չեն ունեցել։ Գրասենյակի ղեկավարը միաժամանակ ուշադրություն էր հրավիրել մեկ այլ փաստաթղթի վրա, որին, նկատենք, հենց խոսք է բացվում Մեղրիի փոխանակման թեմայի մասին, սիրում են հղում անել Քոչարյանի քարոզչական թիմի ներկայացուցիչներն ու ներկայացնում որպես «մե չքնաղ, մե հայանպաստ» առաջարկ, որը կողմերին առաջարկվել էր 2001 թվականին Քի Վեսթում։ Ուշագրավ է Քոչարյանի գրասենյակի ղեկավարի շեշտադրումը, թե այդ փաստաթղթում «Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան»։ «Ընդամենը», փաստորեն, ճանապարհ, փաստորեն։ Միկոյանը միաժամանակ առաջարկ էր արել փաստաթղթերը գաղտնազերծած երկրին և «Ազատության»-ը. «Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր, և որը, այո՛, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են, թե՛ պատրաստ են եղել ստորագրել»։ Այստեղ, ինչպես ասվում է, կա մի նրբություն, որին ապավինելով էլ Քոչարյանն ու նրա քարոզչական թիմը տարիներ շարունակ խոսքները մեկ արած, եթե չասենք՝ «միմյանց բերանի մեջ թքելով», փորձում են «մաքրագործվել» ՀՀ սուվերեն տարածքը (կամ դրա մի մասը) մեկ այլ՝ 1991-ին ինքնորոշված ու իրեն անկախ հռչակած տարածքով՝ ԼՂՀ-ով փոխանակելու գործարքի քննարկմանը մասնակցելու և այսպիսով այդ խնդրահարույց գաղափարը լեգիտիմացնելու պատասխանատվությունից։
Այդ նրբությունն այն է, որ, ըստ Պետդեպի, երկկողմ, գաղտնի ձևաչափով տեղի ունեցած բանակցությունները, որոնց մասին տեղյակ են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ միջնորդ երկրները, չեն հասցվել, այսպես ասած, «կոնդիցիայի», չեն փաստաթղթավորվել որպես վերջնականացված համաձայնություն, չեն ներկայացվել որպես Մինսկի խմբի կողմից պաշտոնապես արված առաջարկ, քանի որ, ինչպես պարզ է դառնում Պետդեպի զեկուցագրերի խրոնոլոգիայից, բանակցությունները խոչընդոտվել և դանդաղել են ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի ահաբեկչության հետևանքով։ Այսինքն՝ բանակցային գործընթացը, այսպես ասած, «բանավոր պայմանավորվածությունների» մակարդակից չի վերաճել «գրավոր պայմանավորվածության», այն է՝ այդ պայմանավորվածությանը պաշտոնական փաստաթղթի տեսք հաղորդելուն։ Հետևապես, կարելի է ենթադրել, Մեղրիի փոխանակման վերաբերյալ «մուրհակը» ԵԱՀԿ Մինսկի խմբի դեպոզիտարիա չի փոխանցվել. դա այն տեղն է, որտեղ մնում են համաձայնեցված միջազգային փաստաթղթերը։ Այս հանգամանքն էլ, ըստ ամենայնի, Քոչարյանին և նրա ԱԳ նախարարին ու քարոզչական թիմին «ալիբի» է ապահովում՝ չկա փոխանակման աղմկահարույց գործարքն ապացուցող որևէ «սևագիր» կամ այլ թուղթ, չկա նաև հիմք երկրորդ նախագահին «Մեղրին փոխանակելու» «հոդվածով» մեղադրանք առաջադրելու համար։ Կարճ ասած, «Զիմզիմովը» պահանջում է՝ նախ «բարաթը» ցույց տալ, հետո նոր «փող»-ի (հողի) մասին խոսել։ Ի դեպ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկայանը «Մեդիամաքս»-ում տարիներ առաջ հրապարակված իր հուշերում խիստ հպանցիկ անդրադարձել է այս փուլի քննարկումներին՝ ինքն էլ բացահայտելով, որ նման տետ ա տետ բանակցություններ եղել են՝ մասնավորապես ՌԴ-ի կողմից առաջարկված «Ընդհանուր պետության» առաջարկի՝ Ադրբեջանի կողմից մերժումից հետո։ Իսկ թե ի՞նչ բանակցային օրակարգի շուրջ են ծավալվել այդ՝ Քոչարյան-Ալիև քննարկումները, Օսկանյանը «դիվանագիտորեն» լռում է։ «Պրիմակովի՝ ընդհանուր պետության գաղափարի իրականացման տապալումից հետո, համենայնդեպս, շարունակվում էին Քոչարյան-Ալիև երկկողմ հանդիպումները»,-միայն այսքանը նշելով բավարարվում է Օսկանյանը, այնուհետ անցում կատարում 2000-2001 թվականների բանակցությունների մասին մանրամասներ հաղորդելուն։ Հարկ է նշել, որ իր այդ հուշերում Օսկանյանը հպանցիկ մի անդրադարձ, այնուամենայնիվ, կատարում է նախքան «Հոկտեմբերի 27»-ը ծավալված բանակցություններին՝ նշելով. «Ալիևի մոտ լուրջ ցանկություն կար որդուն ձերբազատելու այս խնդրից և հանձնելու նրան մի երկիր, որը զերծ կլիներ հնարավոր պատերազմի վտանգից: Նման ամբողջական լուծում Ալիևը տեսնում էր Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին զիջելու դիմաց՝ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ անխափան կապ ստեղծելու միջոցով: Ալիևի այս տրամադրությունները ինչ-որ ձևով հասանելի էին դարձել ամերիկյան միջնորդներին, և ահավասիկ հայց ստացանք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստրոբ Թալբոթը 1999թ. հոկտեմբեր 27-ին ժամանելու է Երևան՝ հանդիպելու նախագահին և քննարկելու ԼՂ հարցի կարգավորման մի նոր առաջարկություն: Միջնորդական առումով սա շեղում էր Մինսկի խմբի բանակցային գործընթացից, որովհետև նախաձեռնությունը միայն ամերիկացիներինն էր, իսկ բովանդակային առումով այն էապես տարբերվում էր մինչ այդ միջնորդների կողմից արված բոլոր առաջարկություններից»։ ԱԳ նախկին նախարարն այնուհետ շարունակում է. «Այդ հանդիպմանը մասնակցելու համար Քոչարյանը կանչել էր նաև ինձ և վարչապետ Վազգեն Սարգսյանին: Թալբոթի երկհոգանոց պատվիրակությանը միացել էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը: Հանդիպումը սկսվեց առավոտ 10-ին և կեսօրվա ընդմիջումից հետո դեռ շարունակվում էր: Երեկոյան մոտ՝ 4:15-ի կողմերը, Վազգեն Սարգսյանը հիշեցրեց. «Պարո՛ն նախագահ, ես և Վարդանը շուտով պետք է գնանք Ազգային ժողով՝ կառավարության հետ հարցուպատասխանին»: Բավական բարդ և դժվարին մեր քննարկումները դեռ հեռու էին ավարտվելուց, երբ Քոչարյանը, ամփոփելով օրվա քննարկումները, ի գիտություն ընդունեց առաջարկությունները՝ հույս հայտնելով, որ թերևս առիթ կունենանք հարցը շարունակելու քննարկել և եզրահանգման հասնել:
Այդ պահին դեսպան Լեմոնը մի կտոր թղթի վրա գրություն
տվեց ինձ, որտեղ ասվում էր, որ Թալբոթը կուզենա ինձ հետ մի քանի այլ հարցերի մասին
խոսել, և առաջարկում էր, որ ես իր մեքենայով նրան ուղեկցեմ օդանավակայան, որտեղից նա
հատուկ չվերթով պետք է մեկներ Անկարա: Մի պահ մենք բոլորս ոտքի կանգնեցինք, ես պատրաստվում
էի Վազգենից հարցուպատասխանին չմասնակցելու թույլտվություն հարցնել, երբ լսեցի՝ Քոչարյանը
Վազգենին առաջարկեց՝ միգուցե ընդհանրապես չգնալ Ազգային ժողով և մնալ ու երեքով քննարկել
նոր առաջարկությունը: Վազգենը պնդեց, որ անպայման պետք է ներկա լինի նիստին, և այդպիսով
մենք բաժանվեցինք: Վազգենի թույլտվությամբ ես ուղեկցեցի ամերիկացիներին, իսկ նա մեկնեց
Ազգային ժողով, որտեղ և տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը»: Ուշագրավ է,
որ Օսկանյանը չի նշում, թե ինչ է քննարկել Թալբոթի հետ դեպի օդանավակայան ճանապարհին,
արդյոք «այդ մի քանի հարցերը» վերաբերել են Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերում պատմվածի՞ն, թե՞ Վազգեն Սարգսյանը ամբողջությամբ
տեղեկացված չէ Մեղրիի փոխանակման շուրջ Ալիև-Քոչարյան բանակցություններից։ Օսկանյանը,
որը քանիցս է «երդվել», որ Մեղրիի փոխանակման հարց իրենց օրոք երբեք չի քննարկվել,
կարծում ենք, պատմելու շատ բան կունենա Թալբոթի
հետ օդանավակայանի ճանապարհին կայացած երկխոսության վերաբերյալ։ ԱԳ նախկին նախարարն
իր վերոհիշայլ հուշերում այնուհետ նկատում է. «Հոկտեմբեր 27-ի
ոճիրը կտրուկ փոխեց իրավիճակը բանակցային գործընթացում և խառնեց միջնորդների քարտերը:
Ամերիկացիները հույս ունեին, որ հայկական և ադրբեջանական կողմերի նախնական համաձայնությունն
ունենալուց հետո, դեկտեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում նրանց
առաջարկությունը կամ դրա մի տարբերակը կարող էր արդեն դառնալ Մինսկի խմբի համանախագահների
կողմից պաշտոնապես ներկայացված առաջարկություն, որը և սկիզբ կդներ բանակցային նոր փուլի,
որի նպատակը պետք է լիներ ԼՂ հարցին տալ համապարփակ և ամբողջական լուծում»։ Արդ, այդ
ինչ խաղաքարտերի մասին է խոսքը, որոնք խառնվեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ,
այն դեպքում, երբ, ինչպես Օսկանյանն է նկատում,
կարգավորման իր՝ վերոհիշյալ առաջարկը արել էր ամերիկյան կողմը։ Եվ բացի դրանից,
արդյոք նա չի՞ ակնարկում այն մասին, որ Ստամբուլում արդեն հենց Մեղրիի փոխանակման առաջարկն էր («կամ դրա մի տարբերակը»-այդ
ո՞ր տարբերակը) արվելու Մինսկի խմբի համանախագահների կողմից, որին էլ, ենթադրաբար,
Վազգեն Սարգսյանը լիարժեքորեն տեղեկացված չէր։ Եկել է, ինչպես ասում են, Օսկանյանի
խոսելու ժամանակը։
Մինչ պարոն Օսկանյանը կորոշի խոսել՝ նշենք, թե ինչու
է Քոչարյանը շահագրգռված և ուշադրությունը բևեռում հենց Քի Ուեսթի բանակցություններում
արձանագրված «ահռելի տրանսֆորմացիայի» վրա, որը, ինչպես նրա գրասենյակի ղեկավարն էր
նշել, տեղի է ունեցել «ամենօրյա դիվանագիտական ջանքերի
շնորհիվ»։ Ենթադրաբար այն պատճառով, որ քիուեսթյան գործընթացը այլևս գաղտնի չէր,
այն փաստաթղթավորվել
է՝ ներկայացվելով Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Ահա թե ինչու են Քոչարյանն ու նրա թիմակիցները խրոխտ
հղում անում հենց այդ գործընթացին, քանի որ դրա, այսպես ասած, գրավոր ապացույցներն առկա են, և դրա մանրամասները
կարող են մի օր լողալ ջրի երես՝ հերթական գաղտնազերծման
արդյունքում։
Ի դեպ, եթե Քոչարյանը շահագրգռված է բանակցային
գործընթացի մասին ճշմարտությունը հասարակությանը հասու դարձնելու մեջ, ապա ինչո՞ւ իր
օրոք բանակցված պլանները հենց ինքը չի գաղտնազերծում (դարակներում փաստաթղթերի մի մասի
քսերոքսները հաստատ կունենա)՝ առաջ ընկնելով ԱՄՆ պետդեպից, ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ-ներից։ Նա, թերևս, ամենանախանձախնդիր սուբյեկտը
պետք է լիներ և օր առաջ հանրության դատին ներկայացներ իր օրոք բանակցված կարգավորման
տարբերակները՝ հանուն իր քաղաքական հեղինակության։ Չենք կարծում, որ նախկին նախագահին այդ քայլից հետ է պահում խորհրդապահությունը չխախտելու
քաղաքավարությունը։
Ի դեպ, հայ հանրությունն իրավունք ունի և պարտավոր է իմանալ, թե ինչպես պատահեց,
որ Ալիևը օրերից մի օր քնեց-զարթնեց ու որոշեց «Մեղրիի փոխանակման» կամ Մեղրիով «սուվերեն
անցում» ստանալու տարբերակ առաջարկել ՀՀ-ին, հայկական կողմն էլ որոշեց «ոչ» ասել այդ
տարբերակներին։ Այստեղ ամենակարևոր ինտրիգն այն է, թե ո՞րն էր Ալիևին «ոչ» ասելու,
նրա այդ առաջարկը մերժելու հայկական կողմի
փաստարկը կամ հիմնավորումը, ինչպե՞ս է այն ձևակերպվել։ Շատ կարևոր մի դիտարկում ևս՝ եթե «Քի Ուեսթի» գործընթացը,
ի համեմատ նախորդիվ առաջարկված կարգավորման պլանի, «ահռելի տրանսֆորմացիա» էր, ապա արդյոք սա չի՞ նշանակում, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը շարունակվել է
ծավալվել ոչ թե ՀՀ-ի, այլ Ալիևի առաջարկած
օրակարգի՝ Մեղրիի շուրջ, պարզապես հայկական դիվանագիտությունը կարողացել է Ալիևին
համոզել, որ ամբողջ Մեղրին տալու ու Ղարաբաղի հետ փոխանակելու փոխարեն մի ոտքով
գերեզմանում գտնվող ծերուկը բավարարվի
միայն Մեղրիով ճանապարհ ստանալով։ Արդյոք ասվածից կարելի՞ է եզրակացնել, որ հայկական կողմը, փաստորեն, լինելով
ղարաբաղյան պատերազմում հաղթող կողմ,
«դիվանագիտական ջանքեր» ու լեզու էր թափում պարտվող կողմին համոզելու, որ
դիրքորոշումը մեղմի, «կակղի» ՝ փոխարենը հաղթողի դիրքերից հանդես գալով առհասարակ մերժելու ՀՀ սուվերենությունը կասկածի տակ դնող բոլոր
տեսակի առաջարկների քննարկումները։
Հ. Մանուկյան