Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում մասնակցում է Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովին։ Նա ԱՄՆ-ում բազմաթիվ հանդիպումներ է ունենում՝ այդ թվում հայ համայնքի հետ։
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ էր արել ամերիկահայերին հրաժարվել
Փաշինյանի հետ հանդիպելուց։ Հանդիպումներ, սակայն, տեղի ունեցան։ Քաղաքագետ Հրայր Մանուկյանը
գտնում է, որ սա շատ լավ առիթ է, որ Հայաստանը քիչ-քիչ սկսի սփյուռքի համայնքների հետ
այնպիսի կապեր հաստատել, որոնք անհրաժեշտության դեպքում կշրջանցեն «Հայ դատին» ու եկեղեցական
կառույցներին։
«Սրանք երկուսն էլ սովետական, հետո ռուսական հատուկ ծառայությունների թիրախում
են եղել տասնամյակներով և շատ վտանգավոր կառույցներ են», - ասաց Մանուկյանն ու նկատեց,
որ այդ դեպքում սփյուռքի այդ կառույցների դերը քիչ քիչ կթուլանա։
Թրամփի կողմից USAID ծրագրերի սառեցմանն ու դրանից հրճվող խմբերին անդրադառնալով
Մանուկյանն ասաց, որ այն մարդիկ, որոնք ռուսական ցինիզմի ու ֆաշիզմի մտածողությունն
ունեն իրենց թվում է, թե անհնար է, որ աշխարհում ինչ-որ մեկը առանց հետին մտքի լավ
բան անի ուրիշների համար։ «Դա իրենց աշխարհայացքն է․ իրենք միշտ պատկերացնում են, թե
նույնիսկ ամենամարդասիրական ծրագրերը, որոնք իրականացվում են՝ անպայման ինչ-որ թաքնված
օրակարգ ունեն», - նկատեց քաղաքագետը։
Նա նաև նմանություններ է նկատում ռուսական թեզերի ու ներհայաստանյան որոշակի շրջանակների
խոսույթի մեջ։
«Դեմոկրատիան արժեզրկող խոսույթը ռուսական ցինիզմի շատ տիպիկ դրսևորում է։ Քանի
որ Ռուսաստանը կոռուպցիայի մեջ թաղված, կեղտոտ երկիր է ու որպեսզի ցույց տա, որ ինքը
նորմալ երկիր է, փորձում է բոլորին կեղտոտել, ցեխի մեջ թաղել ու ասել, թե՝ ի՞նչ դեմոկրատիա,
ոչ մի դեմոկրատիա էլ չկա։ Հիմա այդ մարդիկ, որ այդպես են ասում նույն ռուսական արժեքների
կրող են», - ասաց Մանուկյանը։
Նրա կարծիքով` մեր հասարակական, քաղաքացիական դաշտի ներկայացուցիչները պետք է իրենց
ուշադրությունը սևեռեն նաև ընդդիմության վրա, քանի որ այս իշխանությունը ընտրություններով
հեռանալու է մի օր ու այդ ուժերից որևէ մեկն է գալու իշխանության և կարևոր է, որ գա
այնպիսի ուժ, որը նույնպես ընտրություններով կհեռանա, ոչ թե կուզուրպացնի իշխանությունը։
«Այս պահին վարվում է ամենաբալանսավորված, ճիշտ քաղաքականություն։ Մի կողմից անվտանգության
ծառայությունները կանխում են ուժով իշխանափոխություն անելու փորձերը, մյուս կողմից,
ըստ էության, պահվում են մարդկանց իրավունքները։ Իրավապահները գնում են կասկածների
հետևից, որևէ բան չեն գտնում, դատարանն էլ որոշում է չկալանավորել մեղադրյալին։ Նշանակում
է ինստիտուտները նորմալ աշխատել են՝ հետևաբար կրկին այդ թեմայի վրա կենտրոնանալը մի
տեսակ Կիկոսի մահն է հիշեցնում։ Եվրոպական երկրներում էլ է այդպես՝ իրավապահները գնում
են, մարդկանց ձերբակալում են, դատարաններն ասում են՝ ո՛չ, դա հիմնավոր չէ։ Կոչ եմ անում
դեմոկրատական արժեքներ կրող ու մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգռված կողմերին
ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում։ Նրանից ինչ-որ մեկը
վաղ թե ուշ գալու է իշխանության․ այ դրանից հետո շատ ռիսկային է լինելու՝ դա դեմոկրատակա՞ն
ուժ է լինելու, թե՞ այնպիսի ուժ, որն ուզելու
է պահել իշխանությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան