Ոստիկանությունը հնարավորություն կունենա հասանելիություն ունենալու շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով  վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: 

 

Պատգամավորը նշել է, որ նախաձեռնության համար հիմք են հանդիսացել  ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ  հանցագործությունների աճը:  Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, դրանք կանխարգելելու նախականխելու, կանխելու, հայտնաբերելու և բացահայտելու համար:

Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունը ներկայացրել է մի խումբ առաջարկներ, որոնք իր համար ընդունելի են: Մինչև երկրորդ ընթերցում դրանք  ամբողջությամբ  կներառվեն օրենսդրական փաթեթում:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է առաջարկները:

Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:


Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:


Օրենսդրական փաթեթով  աշխարհազորի համակարգը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են այդ ուժերի խնդիրները, դրանց ստեղծման, ղեկավարման, պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները:  ՀՀ պաշտպանության պլանում ներառվում է ՀՀ տարածքային պաշտպանության պլանը:


Հիմնական կարգավորումները՝ այստեղ:



Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:


Դրական եզրակացություն ստացած նախագծերը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:


Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի սկզբում անդրադարձել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում այսօր տեղի ունեցած սպանության դեպքին: Կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը՝ վիրավորվել: «Մոտ ժամանակներս ես կնախաձեռնեմ աշխատանքային քննարկում, և Քրեական ոստիկանության պետը պետք է  կարողանա մեզ շատ համապարփակ զեկույցով ներկայացնել ապօրինի զենք-զինամթերքի հետ տարվող պայքարի վիճակը»,- մասնավորապես ասել է նա:


Հանձնաժողովի նիստը կայացել է փետրվարի 5-ին: