Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող Իրանի քաղաքացիների վերաբերյալ տեսագրությունը տարածած ծագումով արցախցի Ղարիբ Բաբայանի ձերբակալման թեման, ինչպես հայտնի է, ընդդիմադիր հայտնի շրջանակների «սրտին սաստիկ առել է»։ Թե՝ ինչպես կարելի է գործ հարուցել մի մարդու հանդեպ, որը, ահա, նման ազգանպաստ, վեհ գործ է արել՝ տարածել է տեսագրություն, որը վկայում է մայրաքաղաքի սրտում տեղի ունեցած նման խայտառակության, Ղարաբաղի կորուստը սգացողների հանդեպ ծաղրի մասին։ Ղարիբ Բաբայանի դեպքով անհանգստացած նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի որոշ ներկայացուցիչներ էլ ֆեյսբուքյան գրառմամբ հորդորել էին «տաք պահել» թեման, թույլ չտալ, որ այն մարի, դրա մասին ամենուր՝ եթերներում, փողոցում, տանը, հարևանների հետ, համացանցում բարձրաձայնել, քանի որ Բաբայանի վերաբերյալ գործ հարուցելով ՀՀ իշխանություններն ազդարարեցին ՀՀ-ում «Ալիևի և Էրդողանի պահանջով «դենացիֆիկացիա» սկսելու գործընթացը»։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։
Հարկ է նկատել, որ այս պրիմիտիվ,
լալահառաչ նարատիվների տիրաժավորմանը միացել է նաև «սրբազան շարժման» հարկադիր պարապուրդի
մատնված առաջնորդ Վազգեն Գալստանյանը, որը,
ինչպես գիտենք, շարժման ֆեյսբուքյան էջով տարածում
է իր խոհափիլիսոփայա-քաղաքական «վերլուծությունները» ընթացիկ իրավիճակի մասին՝ համակիրների
իր ջոկի մարտական ոգին բարձր պահելու համար։ Չէ՞ որ խոստացել է՝ մինչև այս «չարիքի»
իշխանությանը չհեռացնի, իր պարտքը կատարած չի համարի։ Արդ, տաքերն ընկնելուն պես սպասենք փողոցային պայքարի ակտիվացման։
Ի դեպ, իրանցի «դիվերսանտների» ադրբեջաներեն երգից հուզված ու ազգային անվտանգությամբ մտահոգված շահագրգիռ խմբակին ուզում ենք հիշեցնել մի երկու դրվագ անցյալից։ Եթե ծագումով ադրբեջանցի Իրանի քաղաքացիները Հանրապետության հրապարակում էին ադրբեջաներեն երգում, ապա ծագումով արցախցի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2013-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ադրբեջաներենով դիֆերամբ էին ձոնում։ Ընդ որում, ծագումով հայերը, որոնք եկել էին հանդիպելու Սերժ Սարգսյանին, նրա հետ հրճվում էին ու ծափահարում ադրբեջաներեն «սրտի խոսք» ասող վարդենիսցուն։ Երկրիս նախագահն ընդհուպ հորդորում էր վերջինիս չթարգմանել ամբոխի հիացական արձագանքին արժանացած «սրտի խոսքը»՝ հիշեցնելով. «Պետք չի, պետք չի թարգմանել, երևի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»:
Ի դեպ, նույն Սերժ Սարգսյանը, որը բավականաչափ տիրապետում է ադրբեջաներենին, 2014-ին Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության
ժամանակ կիսվեց իր «անկեղծ ցանկությամբ». «Այժմ
մի բան ասեմ, որ կարող է շատ-շատերին անիրականանալի թվալ կամ շատ տարօրինակ թվալ: Ես
անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ
եմ, որ այդ օրը գալու է, և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»: Ծագումով
արցախցի ՀՀ թիվ մեկ պաշտոնյայի այս պոռթկումն էլ,
ի դեպ, բարձր ծափողջույնների արժանացավ։
Հետաքրքիր է իմանալ «երգող ադրբեջանցիներ» «օպերացիայի» կազմակերպիչների ու աջակիցների, մասնավորապես
ՀՀԿ-ական ակտիվիստների հետահայաց վերաբերմունքը
այս «աննախադեպ ադրբեջանասիրության» առնչությամբ։