Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը դրա կազմակերպիչների ու մասնակիցների առումով ուշագրավ շերտեր է ի հայտ բարում։ «Բողոք-բոյկոտի» կենտրոնական դեմքերը, ինչպես գիտենք, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը գլխավորած Անդրանիկ Թևանյանն է և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Չմոռանանք նշել, որ բոյկոտի առաջին օրն էլ «ներկա» ստացավ, ապա ընդհատակ անցավ «Գազել» հայտնաբերած» ու ծաղրի առարկա դարձած Գառնիկ Դանիելյանը։ Վերջինս երևի ՀՅԴ-ի ու «Հայաստան» խմբակցության «ողջ կոլեկտիվի անունից» միացել էր իր երբեմնի մանդատավոր ընկեր, նույն խմբակցության նախկին անդամ Անդրանիկ Թևանյանին՝ «քյոմագ» անելու համար, բայց... անլրջացրեց բոյկոտը հայտնի միջադեպի բերումով։
Ու թեև երկուսն էլ պայքարում են նույն նպատակի համար, սակայն ոչ մեկ-միասնական պլատֆորմով՝ գործում են իրարից անջատ, ամեն մեկն իր «խոդով»։ Հիշեցնենք՝ 2023-ի ՏԻՄ ընտրություններից հետո այս երկուսին, որոնք քաղաքապետ դառնալու լուրջ հավակնություններ ունեին, այդպես էլ չհաջողվեց կոնսենսուսի գալ և կոալիցիա ձևավորել՝ վերցնելու մայրաքաղաքում իշխանությունը։ Եվ հիմա փաստորեն ստացվել է այնպես, որ չկայացած քաղաքապետերի «ջուրը նույն առվով է հոսում», սակայն, ինչպես «ջրի հոսքն» է ցույց տալիս, այն դժվար թե ի վիճակի լինի հասնել «ջրաղացին». ակնկալիքը, որ տրանսպորտից օգտվողները զանգվածաբար կմիանան բոյկոտին ու հնարավոր կլինի իր տեսակի մեջ լոկալ սոցիալական բունտ հասունացնել ու ստիպել իշխանությանը չեղարկել սակագնի թանկացման որոշումը, չարդարացավ։
Նկատենք,
որ այս սոցիալական փաթեթավորմամբ, բայց հեռահար քաղաքական նպատակ հետապնդող ակցիան
թեև երկու հիմնական սուբյեկտների դեմքով է ներկայանում (որոշ վերապահմամբ՝ ընդդիմության քոչարյանական թևի),
սակայն ակնկալվում էր, որ դրան իրենց աջակցությունը կհայտնեն ու հրապարակավ կմիանան
արտախորհրդարանական ընդդիմության այլ՝ քիչ թե շատ քաշ ունեցող ուժեր, մասնավորապես՝
Սերժ Սարգսյանի թևը։ Սա, թերևս, աննախադեպ
երևույթ է (44-օրյա պատերազմի ավարտից այս կողմ) ընդդիմության վարքագծում, քանի որ
նախկինում կազմակերպված բողոքի տարբեր մասշտաբի
միջոցառումներին՝ փողոցային պայքար, ԱԺ աշխատանքների բոյկոտ և այլն, ընդդիմությունը
գործել է միասնական՝ մի կողմ դնելով ներքին մրցակցությունն ու հակասությունները։ Դա
տեսանլի էր թե ՀՓՇի-ի ժամանակ, թե «Դիմադրության», թե նաև «Սրբազան» շարժման ժամանակ,
երբ նույնիսկ օրգանապես իրար հետ անհամատեղելի՝ «արևմտամետ» ԱԺԲ-ն ու «պուտինամետ»
ՀՀԿ-ն էին նստել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած կլոր սեղանի շուրջն ու երկրիս իշխանության հեռացման
պլաններն էին մտմտում։ Բայց այս դեպքում իրավիճակը կարծես այլ է։ Արդ, ինչն է պատճառը,
որ սերժսարգսյանական թևը հրապարակավ չի սատարում կամ չի միանում տեղի ունեցող բողոքի
միջոցառմանը։ Նախ պատճառներից առաջինն այն է, որ, այսպես ասած, «երեսատեղ» չունի խոսելու
ընդդեմ թանկացման, քանի որ տրանսպորտի սակագնի
բարձրացման՝ 150 դրամ դարձնելու մասին խոսակցությունները սկիզբ են առել հենց իրենց՝
ՀՀԿ-ի իշխանավարման օրոք։ Այդ ժամանակ Երևանի
քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, և «նվաստացման գազելների» ուղեվարձը թանկացնելու «փայլուն գաղափարն» ի չիք
դարձվեց «ոչ թանկացմանը» հանրային լայն աջակցություն ստացած ակցիայի միջոցով։ Հետևապես 12 տարի անց «հետողորմեա»-ի սկզբունքով փողոց դուրս գալ ու միանալ 150 դրամ սակագնի դեմ
բողոքին կնշանակի երկու բան՝ կամ ՀՀԿ-ն կորցրել է հիշողությունը, կամ էլ բարոյականությունը,
իսկ որ ավելի հավանական է՝ այդ երկուսը միաժամանակ։
Բողոքի գործողություններին չմիանալու երկրորդ
ոչ պակաս կարևոր պատճառը Անդրանիկ Թևանյան-ՀՀԿ՝
շաբաթներ առաջ դրսևորված ու առ այսօր շարունակվող փոխհրաձգությունն է՝ Թումանյանի հայտնի
բալլադի ոճով՝ «Էլ անպատիվ, անկարգ խոսքեր, էլ հին ու
նո՜ր, էլ հերն ու մե՜ր, Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…»։ Հետևապես այսքանից հետո
գնալ և միանալ կամ աջակցել Թևանյանին կամ, ասենք, կանգնել «նախկինների հետ երբեք չեմ միանա» բացականչած Հայկ
Մարությանի կողքին դարձյալ կնշանակի երկու բան՝ կամ ՀՀԿ-ն «թասիբ» չունի, կամ էլ՝ բարոյականություն,
իսկ որ ավելի հավանական է՝ այդ երկուսը միաժամանակ։
Մի
կարևոր հանգամանք ևս. որքան էլ թանկացման կամ, ասենք, սոցիալական բնույթ ունեցող այլ
ռեֆորմների դեմ բողոքները (համընդհանուր հայտարարագրում, գույքահարկի բարձրացում և
այլն) Հայաստանի ներքին, իրենց բնույթով ապաքաղաքական
օրակարգին են առնչվում, բայցևայնպես դրանք
կարող են գեներացվել և տրանսֆորմացվել քաղաքական լրջագույն մարտահրավերի՝ ընդհուպ սպառնալով
երկրի կայունությանը։ Իսկ որ ՀՀ-ում անկայունություն
և դրանով պայմանավորված քաղաքական խնդիրներ լուծելու շահագրգռություն ունեն արտաքին
որոշ դերակատարներ, կարծում ենք՝ նորություն չէ։ ՀՀ-ում առկա բողոքի օջախները կարող են օգտագործվել այլ՝ արտաքին ուժերի շահերից
բխող քաղաքական օրակարգ սպասարկելու համար, որոնցից մեկն էլ, այո, ՀՀ-ի «պրոարևմտյան շրջադարձը» կանխարգելելն է։ Արևմուտքի հետ մերձեցման, ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու օրենքի
նախագծին կողմ քվեարկելու իշխանության տրամադրվածության դեմ իր կոշտ վերաբերմունքն
արդեն իսկ արտահայտել է ռազմավարական դաշնակից
երկիրը՝ ՌԴ-ն։ Իսկ ՀՀ-ում ցանկացած դժգոհության կայծ այս պահին իսկական նվեր կարող է լինել Կրեմլի համար։
Եթե արտաքին շահառուներին հաջողվի օգտագործել առկա դժգոհությունն ու այն կրիտիկական աստիճանի հասցնել՝ դրանից բխող հետևանքներով,
ապա իրենց նպատակին հասած դրսի տիկնիկավարներին կմնա տեղի ունեցածի մեղքը ՀՀ ժողովրդի
վրա գցելը։ Թե՝ այդ դուք դուրս եկաք ձեր իշխանության դեմ, մենք ընդամենը օգտվեցինք
ձեր պոռթկումից և արանքում լուծեցինք մեր հարցերը՝ պատժեցինք դեպի Արևմուտք սլացող ձեր կառավարությանը՝ հեռացնելով
իշխանությունից։
Սա
վարկած է, բայց ցանկացած վարկած գոյության իրավունք ունի։
Հ. Մանուկյան