Քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ
զրուցել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցի, այնտեղ նրա ունեցած
ելույթների և ներքաղաքական որոշ հարցերի շուրջ։
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում
մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով
և պատասխանել բանախոս Դեյվիդ Քարիի հարցերին:
Դեյվիդ Քարին մասնավորապես նշել է. «Արդեն
տարիներ է, ինչ Հայաստանն անցում է կատարել կայսրության մաս կազմող երկրից անկախ պետության:
Ինչպե՞ս է հայ ժողովուրդն էմոցիոնալ առումով ընդունել հանգամանքը, որ այն դարձել է
իրապես անկախ պետություն՝ մնալով փոխկապակցված մնացած տարածաշրջանի հետ»։
Այս առնչությամբ քաղաքագետն ասաց.
«Ցավոք սրտի, այսօր էլ մեր հասարակության մեջ կան այդ հոգեբանական կախվածությունը և
վախերը կայսրությունից։ Եվ պատահական չէ, որ երկար տարիներ մեր մեջ՝ ժողովրդի, տարբեր
մարդկանց, նաև որոշ քաղաքական էլիտաների մեջ կար այդ խոսույթը, որ, օրինակ, եթե չլինի
Ռուսաստանը, մենք կորած ենք, Ռուսաստանն է եղել մեր անվտանգության երաշխիքը և այլն,
և այլն: Բնականաբար, սա հոգեբանական մի պահ է, որը ոչ միայն մեր ժողովրդին է բնորոշ,
այլ նաև այն ժողովուրդներին, որոնք երկար տարիներ, դարեր եղել են կայսրության հետ,
ապրել են կայսրության կազմում։ Եվ այո, սա ոչ միայն հոգեբանական, այլ նաև քաղաքական
խնդիր է, որ մենք պետք է լուծենք ազգովի և հասկանանք, որ ցանկացած կայսրության վրա
հույս դնելը կործանման ամենակարճ ճանապարհն է. մեր հույսը մենք պետք է դնենք մեր հնարավորությունների,
մեր ներքին պոտենցիալի զարգացման վրա, և մեր անկախության ու ինքնիշխանության ու անվտանգության
երաշխավորը մենք ինքներս պետք է լինենք»,- նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ ամերիկացի վերլուծաբանը
նշում է, որ հայ ժողովուրդը կայսերական լծից դուրս է եկել և արդեն բռնել է անկախության
ուղին, և երբ որ դրսում կհասկանան, որ հայ ժողովուրդն ու Հայաստանն իսկապես թոթափել
է կամ անկեղծորեն ցանկանում է թոթափել այդ լուծը, ապա շատ չի ուշանա արտաքին աջակցությունն
ու օգնությունը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան