Միացյալ Նահանգներ այցը շատ կարևոր է։ Քաղաքականությունում
պետք է օգտագործել ցանկացած միջոց։ Թրամփի պարագայում պետք է օգտագործել նաև կրոնական
ասպեկտը։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
«Ցանկացած հայ պետք է ամեն ինչ անի, որ Փաշինյանի
օրակարգը ԱՄՆ-ում հաջողվի, ու նա վերադառնա կոնկրետ արդյունքներով»,- ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ սփյուռքահայերի համար դժվար է լինելու
ընկալել «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նրանց մի մասը
սփյուռքում է հայտնվել Ցեղասպանության հետևանքով։
Ստեփանյանի կարծիքով՝ Թրամփը վերանայել է իր նախագահության
նախորդ ժամանակաշրջանի մոտեցումները և այլևս հնարավոր չէ ասել, թե ԱՄՆ-ն վարելու է
մեկուսացման քաղաքականություն։
«Կարծում եմ՝ Թրամփը հասկացել է այն սխալները, որ
թույլ է տվել իր նախագահության նախորդ հատվածում, երբ փորձում էր ԱՄՆ-ն տանել մեկուսացման
ճանապարհով։ ԱՄՆ-ն չի կարող զարգանալ, եթե գլոբալ քաղաքականությունում չի ունենում
լուրջ դերակատարում։ Թրամփը որոշել էր քամու դիմաց թքել, բայց հասկացել է, որ դա հնարավոր
չէ»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Նրա կարծիքով՝ ցանկացած ֆինանսավորում, որ գալիս
է Արևմուտքից, բխում է ՀՀ շահերից, քանի որ դա կայացած քաղհասարակություն ունենալու
միջոց է։ Հակառակ դեպքում ցանկացած իշխանություն կանի այն, ինչ ուզում է. մոտավորապես այնպես, ինչպես անում
է Ալիևը Ադրբեջանում։
«Քաղհասարակությունը միակ զսպող գործոնն է այս պահին։
Այս ընդդիմությունը, որ պատսպարվել է Ազգային ժողովում, չի կարող հավասարակշռող դեր
տանել։ Իրենք օրակարգ չեն ձևավորում այս երկրում»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Անդրադառնալով Ղարիբ Բաբայանի ձերբակալմանը՝ Դավիթ
Ստեփանյանը նկատեց, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ։ «Եթե դու նկարելուց
մեկ ամիս անց տեղադրում ես այդպիսի տեսանյութ՝ խաղում ես թշնամու կողմից»։
Ստեփանյանի կարծիքով՝ Բաբայանը պետք է այդ տեսանյութը
ուղարկեր իրավապահներին կամ այդ օրը տեղադրեր ու կրկին իրազեկեր իրավապահ կառույցներին։
«Ես կարող եմ ենթադրել, որ հատուկ է արվել, ու այս քայլը Հայաստանի Հանրապետության
դեմ է»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան