Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից

Փետրվարի 8-ի վաղ լուսաբացին է հրդեհը բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքում: Պատճառների մասին խոսելը պատասխանատուները վաղ են համարում:


Հին, խորհրդային տարիների փայտե կառույցը արագ է բռնկվել:


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ասաց՝ շենքից գրեթե ոչինչ չի մնացել:


«Նախնական տվյալներով 54 գրանցված բնակիչ կա շենքում, այս պահին ճշտումների փուլում ենք, ու էլի ըստ նախնական տվյալների՝ փաստացի 32 բնակվող է եղել»,- ասաց մարզպետը:


Ով է անհետ կորած քաղաքացին հարցին՝ մարզպետն ասաց կորած չէ:


«Անհետ կորած չկա: Ըստ նախնական տեղեկությունների և թոռնիկի պատմածով, 1954 թվականի ծնված կին կա, որին հնարավոր չի եղել հանել դուրս: Իրենք արագ դուրս են եկել, նա մնացել է: Նախնական պետք է լինի այդ մեկ մահը»,- ասաց մարզպետը:


Նախնական տվյալներով, 4 հոսպիտալացված կա:


Մարզպետը մեզ հետ զրույցում ասաց՝ Կառավարության կողմից արդեն ստացվել է հանձնարարական՝ գույքագրել բոլոր անօթևան մնացածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն:


Տարհանված բնակիչները ներկա պահին հյուրանոցում են: Արամ Ղազարյանն ասաց՝ հանդիպելու է բոլորի հետ, որպեսզի միասին որոշեն հետագա անելիքն ու յուրաքանչյուրին ըստ անհրաժեշտություն օգնություն ցուցաբերվի:


«Ոչ մեկն առանց տանիք ու աջակցության չի մնա»,- ասաց մարզպետը:


Ի դեպ, այս շենքի բնակիչների համար Կառավարության ֆինանսավորմամբ ավելի վաղ էր բնակարանաշինական ծրագիր մեկնարկել: 10 մլրդ դրամ արժողւթյամբ բնակապահովման ծրագրի արդյունքում բոլորն էլ հին փայտե շենքից տեղափոխվելու էին իրենց նոր տներ: