Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի 73 հասցեի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղրոդմամբ, քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի բակում՝ երկաթյա սյանը հարվածած վիճակում հայտնաբերել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին և հետևի աջ կողային ապակին վնասված վիճակում, թափքը նույնպես ամբողջությամբ վնասված։ Իսկ այդ ավտոմեքենայից մոտ 100-150 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։
Ոստիկանները պարզել են, որ «Lada Priora»-ն պատկանում է Երևանում հաշվառված 22-ամյա Վլադիմիր Գասպարյանին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևանում հայտաբերել են Վ. Գասպարյանը, Երևանի բնակիչներ 20-ամյա Գագիկ Դավթյանը, 37-ամյա Արթուր Ավագյանը և 16-ամյա Աշոտ Գ.-ն։
Վերջիններս ձերբակալվել և տեղափոխել են ոստիկանություն Մարաշի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկաններն ու քննիչները համագործակցված աշխատանքներ են իրականացնում։