Ստեփանավանում հրդեհի հետևանքով կա մեկ զոհ

Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնում են․


Փետրվարի 8-ին, առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում:


Օպերատիվ կերպով դեպքի վայր է ժամանել ՆԳՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության 8 մարտական հաշվարկ: Իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, տարհանվել են բնակիչները, նախնական տվյալներով կա մեկ զոհ, 4 հոգի հոսպիտալացվել է, մեկն արդեն դուրս է գրվել։


Անմիջապես դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով օպերատիվ կերպով իրականացվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները։


Տարհանված բնակիչների համար հյուրանոցում ստեղծվել են կեցության համար անհրաժեշտ պայմաններ, ներկա պահին իրականացվում է կարիքների գնահատում՝ անհրաժեշտ սննդի, հիգիենիայի պարագաների և հագուստների բաշխման համար:


Իրականացվող բոլոր աշխատանքները գտվում են հսկողության ներքո:


Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։