Ստեփանավանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի. ԱՆ

Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում  բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:


Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:


Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան:


Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:


Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։


Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։


Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։