Վարչապետի որոշմամբ Ստեփանավանում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ. նոր մանրամասներ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը:


Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:


Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ Վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:


Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է: Բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։


Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29֊ը քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13֊ը՝ հարազատների բնակարաններում:


Տարհանված քաղաքացիներից 6֊ը անչափահաս երեխաներ են։


Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։