ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը ծանուցագիր է ուղարկել Անուշ Գարսանցյանին, որում նշված է, որ նրան պատկանող գույքի վերաբերյալ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Գարսանցյանը, որը Դատախազություն է հրավիրվում հուլիսի 21-ին, հիշեցնենք, նախկին իշխանության օրոք տեղի ունեցած ապօրինի որդեգրումների փաստով հարուցված
աղմկոտ քրեական գործով մեղադրյալներից մեկն է։ Այս գործով 11 հոգի մեղադրվում է երեխաների առքուվաճառքի մեջ: Այս մասին
civic.am-ը տեղեկացավ azdarar.am-ից:
Անուշ Գարսանցյանը, ինչպես ժամանակ առաջ «Ազատության»-ը
հայտնել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ
Տիգրան Կիրակոսյանը, հանցավոր խմբի ղեկավարն է՝ ողջ պրոցեսը նա է նախաձեռնել՝ իտալացիներին երեխային ներկայացնելուց մինչև որդեգրման գործընթացի ավարտ և 2005-ից մինչև 2019 թվականը իտալացի որդեգրողներից 1 միլիոն 700 հազար եվրո ստացել:
Գարսանցյանի փաստաբանն էլ հայտնել է, թե իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, նա այժմ ազատության մեջ է։
Նշենք, որ այս գործով 11 հոգի
մեղադրվում է երեխաների առքուվաճառքի մեջ, մասնավորապես Հանրապետական ծննդատան ղեկավար
Ռազմիկ Աբրահամյանը՝ իր մի քանի բժիշկների հետ, «
Մանկան տան»
նախկին տնօրենը։ 9-ը ներգրավված է եղել նորածինների խնամքը հանձնելու նպատակով վաճառքի համար կազմակերպված խմբի կազմում, մյուս 2 մեղադրյալները արդեն իրենց պաշտոնական լիազորությունների չարաշահումների հետ կապված ներգրավված են որպես մեղադրյալ։ Երեխաների ապօրինի որդեգրման սկանդալային գործի մասին հանրությունը ծանուցվեց 2019-ին։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ ապօրինի գործընթացներով Իտալիա են որդեգրվել տասնյակ երեխաներ։ Նկարագրված էին մի շարք սխեմաներ. մայրերին ծննդատներում ստիպել են հրաժարվել երեխաներից, արտերկիր են որդեգրվել առողջական կեղծ փաստաթղթերով նաև առողջ փոքրիկներ, այնինչ տարիներ շարունակ որդեգրել ցանկացող հայաստանցիները որդեգրման բազայում առողջ երեխաներ չէին գտնում։
Այս գործը դատարան է մուտք արվել 2022-ին, դատական վերջին նիստը, ըստ datalex.am-ի, նշանակված է եղել 2022 թ. սեպտեմբերի 16-ին։ Գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է։